կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-25 15:39
Իրավական

Վաշխառուների «սինդիկատ» կա Հայաստանում

Վաշխառուների «սինդիկատ» կա Հայաստանում

Հայաստանում գործում է վաշխառուների սինդիկատ. «տոկոսով գումար» տվողների գործերն ուսումնասիրելիս երևում են միևնույն մարդկանց անունները, այս նույն մարդիկ համագործակցում են «իրենց» նոտարների հետ: Եվ եթե գործը հասնում է դատարան, դրանք ընդունվում են նույն դատավորների մոտ:

 

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին խոսեց «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը: Նրա խոսքով` Հայաստանում ծաղկում է վաշխառությունը, քանի որ մարդկանց սոցիալական վիճակը վատ է, և մարդիկ ստիպված են հաճախ պարտքով գումար վերցնել` ամսական մինչև 10 տոկոս տոկոսադրույքով (բանկերն առավելագույնս տարեկան 24 տոկոսով են վարկ տալիս, իսկ այս դեպքում, երբ հաշվում ենք տարեկան տոկոսադրույքը, կազմում է 120):

 

Սրա հետևանքները սարսափելի են` մարդը կուտակված հսկայական պարտքերը մարելու համար ստիպված կարող է քրեածին արարքների դիմել` գողություն, նույնիսկ սկսել վաշխառությամբ զբաղվել: Իսկ որոշ դեպքերում էլ մարդիկ կորցնում են իրենց տունը, մնում անօթևան:

 

Իսկ վաշխառուները շարունակում են գործել, քանի որ նրանց գործունեության դեմ համապատասխան պայքար չի տարվում. «Մի վաշխառուի դեմ քրեական գործ հարուցելը անասելի բարդ գործընթաց է դառնում»,- ասում է Պողոսյանը:

 

Փաստաբան Մկրտիչ Դավթյանը, ով ունի վաշխառուներից տուժած վստահորդներ, մանրամասնեց, որ անպատժելիության պատճառը թերևս Վճբակե դատարանի նախադեպային որոշումն է:

 

Քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի համաձայն`պարտք տրված դրամի կամ տեսակային հատկանիշով որոշվող գույքի համար ՀՀ ԿԲ սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսներ ստանալը, ինչպես նաեւ անձի հետ նրա համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններում այլ գործարք կատարելը, որից օգտվել է մյուս կողմը, կախված հանգամանքներից, կարող է պատժվել մինչև չորս տարվա ազատազրկմամբ:

 

Սակայն, Մ. Դավթյանի խոսքով, 2012 թվականին ընդունված` Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշման համաձայն` վաշխառությունն ապացուցված է համարվում այն դեպքում, եթե երկու կողմերի միջև կա գրավոր պայմանագիր: Իսկ վաշխառուներն իրենց գործում այնպես են հմտացել, որ հետքեր չեն թողնում:

 

Պարտք վերցնողի հետ չի կնքվում գումար վերցնել-տալու վերաբերյալ պայմանագիր, նույնիսկ գրավ վերցնելու վերաբերյալ փաստաթղթեր չեն կնքվում, այլ կատարվում է առուվաճառքի պայմանագիր: Չնչին գումար տալով` «գրավադրվելիք» արժեքավոր գույքը «գնում» են: «Այսինքն` վաշխառության տակ դիմում են խարդախության»,- ասում է փաստաբանը:

 

Հետագայում իրենց հետքը կորցնելու համար էլ «գնված» գույքը վաճառում են մեկ ուրիշի, նա էլ` մյուսին ... Եվ իհարկե, վաճառում են իրենց մտերիմ մարդկանց: Այսինքն` «դե ֆակտո» գույքը շարունակում է մնալ իրենցը, իսկ «դե յուրե» փոխանցվում է ուրիշի:

 

Yerkir.am-ի հարցին ի պատասխան` արդյո՞ք կարող են անուններ տալ, Մ. Պողոսյանը նշեց քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Երիցյանի, փաստաբան Արտավազդ Այվազյանի անունները: Ըստ նրա` արդյո՞ք տարօրինակ չէ, որ մի գործով Արտավազդ Այվազյանը դատի է տալիս Հովհաննես Երիցյանին, սակայն միևնույն ժամանակաշրջանում ընթացող մեկ այլ գործով Արտավազդ Այվազյանը դատարանում ներկայացնում է նրա շահերը:

 

Մեր այն հարցին` դիմե՞լ են Փաստաբանների պալատ` Արտավազդ Այվազյանի գործունեության մասին տեղեկացնելու համար, Մ. Պողոսյանը պատասխանեց` այո, և պատասխան են ստացել, թե քանի դեռ նրա դեմ հարուցված քրեական գործ չկա, ոչինչ անել չեն կարող: