կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-27 17:15
Հասարակություն

Քաղաքապետարանի տարօրինակ պատասխանը

Քաղաքապետարանի տարօրինակ պատասխանը

Արշակունյաց փողոցի 135/19 շենքի բնակիչները 4 տարի է` անորոշության ու լարված մթնոլորտում են ապրում: Նրանց շենքը գտնվում է գերակա հանրային շահ ճանաչված տարածքում ու ենթակա է օտարման հասարակության ու պետության կարիքների համար, բայց այդ ուղղությամբ, մինչ օրս որեւէ քայլ չի արվել քաղաքապետարանի կողմից: Այդ մասին արդեն տեղեկացրել ենք:

 

2010 թվականից բնակիչները սկսել են քաղաքապետարանից ու համապատասխան ԾԻԳ-ից նամակներ ստանալ, որ իրենց շենքը ճանաչվել է հանրային գերակա շահ, եւ իրենց բնակարանները ենթակա են օտարման:

 

Տարբեր պատկան մարմինների ներկայացուցիչներ էին այցելել շենքի բնակիչներին, կատարել չափագրման, հաշվառման աշխատանքներ, քաղաքապետարանի միջոցով հոգեբաններ էին այցելել բնակիչներին, որպեսզի նրանց հոգեբանորեն պատրաստեն իրողության հետ, որ նրանց բնակարանները պետք է օտարվեն հանուն պետության ու հասարակության կարիքների, եւ նրանք պետք է տեղափոխվեն այլ բնակարաններ, պատվիրել էին, որ չափագրում ու հաշվառում կատարելուց հետո բնակիչները ոչ մի լրացուցիչ աշխատանք չկատարեն տներում, քնաի որ դրա համար ոչ ոք նրանց փոխհատուցում չէր տալու, եւ այլն:

 

Մի խոսքով' շենքի բոլոր 8 բնակարանների բնակիչներին էլ նույն բանն էին ասել, նույն բովանդակությամբ նամակներ ուղարկել, եւ ամենակարեւորը` ոչ ոքի չեն տեղեկացրել, թե օտարման ենթակա ճանաչվելուց 4 տարի անց ինչ է լինելու իրենց բնակարանների հետ:

 

Այդ կապակցությամբ մենք տարբեր հարցադիմումներ էինք ուղարկել տարբեր մարմիններ, սակայն հաջողվել պարզել, թե ինչ գործընթաց է իրականացվում` այդ հասցեում գտնվող շենքի հետ կապված: Միայն բնակիչներին ուղարկված նամակներին կից փաստաթղթերից, մասնավորապես` հանրային խորհրդատվության տեղեկատվական ձեռնարկի վերնագրից կարող էինք ենթադրել, որ խոսքը «Քաղաքային կայուն զարգացման ծրագրի» մասին է, որն իրականացվում է Երեւանի քաղաքապետարանի կողմից: Ուստի հունիսի 19-ին լրացուցիչ հարցում ուղարկեցինք Երևանքի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի անունուվ, որով, մասնավորապես, երեք հարցի պատասխան էինք փորձում պարզել` «1. Երևան քաղաքի Արշակունյաց 135/19 շենքը դեռ ենթակա՞ է օտարման հասարակության և պետության կարիքների համար, թե՞ ոչ: 2. Եթե` ոչ, ապա ինչո՞ւ բնակիչները մինչ օրս համապատասխան ծանուցում չեն ստացել: 3. Եթե ենթակա է օտարման, ապա ե՞րբ պետք է այն օտարվի, ի՞նչ պայմաններով»:

 

Ուշագրավ էր քաղաքապետարանից ստացված պատասխանը, թեեւ, իհարկե, հասկանում ենք, որ մեզ պատասխանած' Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանի բովանդակության համար այնքան էլ մեղավոր չէ` համապատասխան ստորաբաժանումներն են այս կերպ պատասխանել, նրանք էլ մեզ են ուղարկել այդ պատասխանը:

 

«Ի պատասխան Երևանի քաղաքապետարանին ուղղված ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի «Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արգավանդ գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ' գերակա հանրային շահ ճանաչելու մասին» N 990-Ն, ինչպես նաև 2013 թվականի նոյեմբերի 14-ի «Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արգավանդ գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ' գերեկա հանրային շահ ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի N 990-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N1256-Ն  որոշումներով հաստատված ցանկերում Արշակունյաց 135/19 հասցեն ներառված չէ»:

 

Այսպիսի պատասխանն, իհարկե, տարօրինակ է, քանի որ քաղաքացիները 4 տարի շարունակ նամակներ են ստացել, որ իրենց բնակարանների նկատմամբ ճանաչվել է հանրային գերակա շահ ու դրանք ենթակա են օտարման` հանուն հասարակության եւ պետության կարիքների: Օրինակ` այս ծանուցում-նամակը, որ ստացել է բնակիչներից մեկը.


Այնուամենայնիվ, քաղաքապետարանի պատասխանից, թեև շատ մեծ դժվարությամբ, բայց, իհարկե, կարողացանք հասկանալ, որ խնդրո առարկա շենքը չի քանդվելու, ու բնակիչների տները չեն օտարվելու' հանուն պետության եւ հասարակության կարիքների: Բայց քաղաքապետարանից այդպես էլ մեզ չցանկացան հայտնել' եթե այդ շենքն արդեն օտարման ենթակա չէ, ապա ինչո՞ւ մինչ օրս այնտեղ բնակվող քաղաքացիները պատշաճ ծանուցում չեն ստացել դրա մասին, որպեսզի իրենց ապագան կարողանան ավելի որոշակի պատկերացնել, պլանավորել եւ, առհասարակ, ավելի հանգիստ հոգեբանական վիճակում ապրել...

 

Հետաքրքիր է, այն պաշտոնյաները, ովքեր այս ամբողջ խառնաշփոթի «հեղինակներն» են, ինչպե՞ս կվարվեին, եթե Արշակունյաց 135/19 շենքի բնակիչներն իրենք լինեին, ու ինչ-որ մի պաշտոնյա, որը չի ցանկանում իր աշխատանքը նորմալ կատարել, իրենց գցեր անորոշության, հոգեբանական սթրեսների ու քաշքշուկների մեջ:

 

Հույս ունենք, որ քաղաքապետարանն, այնուամենայնիվ, կարձագանքի մեր հրապարակմանն ու ոչ միայն հիշյալ շենքի բնակիչներին պատշաճ կարգով կտեղեկացնի, որ նրանց բնակարաններն արդեն, հանուն պետության ու հասարակության շահերի, օտարման ենթակա չեն ու չեն քանդվելու, այլ նաեւ նույնը կանի նման իրավիճակում հայտնված այլ քաղաքացիների հետ եւ գոնե ներողություն կխնդրի' մարդկանց անհարկի անհանգստություն ու հոգեբանական սթրես պատճառելու համար:

 

Գեւորգ Ավչյան