Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը հետևյալ գրառումն է արել ֆեյսբուքյան իր էջում.
ԵԽԽՎ քարտուղարություն հանձնեցի Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ իմ դիրքորոշումը, որը ամենևին չի համապատասխանում այդ կառույցում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի ներկայացրածին: Նշեմ նաև, որ եվրոպացի բազմաթիվ գործընկերներ իրենց մտահոգությունն են ներկայացրել այդ երկրում առկա խայտառակ բռնությունների ու սպանությունների մասին:
Հարգելի´ գործընկերներ,
այսօր ես կցանկանայի խոսել միայն փաստերով: Մի քանի րոպե առաջ դուք լսում էիք Եվրոպայի խորհդի նախարարների կոմիտեի նախագահող երկրի արժեքների և գերակայությունների մասին: Խնդիրն այն է, որ այդ երկրի իրականությունն է խոսում հակառակի մասին:
Շահին Նովզրուլուն և Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման դեմ պայքարող ‹‹ՆԻԴԱ» երիտասարդական շարժման անդամները ձերբակալվել և խոշտանգումների են ենթարկվել խաղաղ ցույց կազմակերպելու արդյունքում: Մայիսի 6-ին Ադրբեջանի դատարանը ‹‹ՆԻԴԱ» շարժման 8 անդամներին դատապարտել է 6-ից 8 տարվա ազատազրկման՝ 2013 թվականին հակակառավարական ցույցերին մասնակցության համար:
Ամերիկյան «Ֆրիդոմ Հաուս» մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպության նախագահ Դեվիդ Կրամերը նշել է. ‹‹Կոռուպցիայի և անօրինության դեմ ձայն բարձրացնելու համար 8 երիտասարդներին դատապարտելու վերաբերյալ Ադրբեջանի դատարանի որոշումը բացահայտում է երկրի կառավարության ավտորիտար բնույթը և դատական համակարգում առկա կոռուպցիան:
Ժողովրդավարական երկրները պետք է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկեն մարդու իրավունքների պաշտպանության ցածր վարկանիշի համար, որը ավելի կարևոր խնդիր է դառնում, քանի որ Ադրբեջանն ստանձնում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը»:
Անկախ լրագրող, Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի անդամ Ռաուֆ Միրկադիրովը, որը վտարվել էր Թուրքիայի կողմից, Ադրբեջանում ձերբակալվել է դավաճանության մեղադրանքով: Լրագրողների պաշտպանության կոմիտեի համաձայն՝ Միրկադիրովը Ադրբեջանում կառավարության քննադատության և մարդու իրավունքների պաշտպանության հետևանքով ձերբակալված արդեն 8-րդ լրագրողն է:
«Միրան Թերեզի» ամսագրի գլխավոր խմբագիր Սադիգ Սոլթանովը սպանվել է, ինչը անմիջապես հետևել է մեկ այլ սպանության, այն է ՝ «Մոնիտոր» ամսագրի գլխավոր խմբագիր, ադրբեջանական կառավարության գոծողությունների քննադատությամբ հայտնի Էլմար Հուսեյնովի սպանությունը:
ԵԽ մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նիլս Մուժնիկսը բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանում ոտնահարվում են մարդու իրավունքները, իսկ պաշտպանության մակարդակը իջնում է: Նա նաև արտահայտել է իր մտահոգությունն հասարակական կազմակերպությունների, տների քանդման և սեփականության իրավունքի պաշտպանության իրավիճակի վերաբերյալ:
Գործընկերնե´ր,
սրանք պարզապես մի քանի օրինակներ են, քանի որ ժամանակը պարզապես չի բավարարի ներկայացնելու մարդու իրավունքների իրական իրավիճակը Ադրբեջանում՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում նախագահող երկրում, մի կազմակերպության, որի հիմնական նպատակն է խթանել ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունն ողջ Եվրոպայում:
Մեր պատվիրակությունն այս երկրից սպասումներ չունի և որևէ հարց չունի: Մենք չենք հավատում նրանց հայտարարություններին: Ավելին, մարդու իրավունքների պաշտպանության նման ցուցանիշ ունեցող երկիրն առհասարակ չպետք է ներկայանար որպես ԵԽ-ի անդամ: Բայց դու´ք, հարգելի´ գործընկերներ, դու´ք, արդյոք հարցեր չունե՞ք տալու:
Եվս մեկ փաստ: ԵՄ-ում տեղի ունեցած վերջին ընտրություններն ցույց են տալիս, որ մարդիկ շարժվում են դեպի ծայրահեղական կուսակցությունները, ընտրում ազգայնականությունը միության դիմաց, քանի որ մարդիկ այլևս չեն հավատում այն քաղաքականությանը, որ վարում է Եվրոպան, երկակի չափանիշների քաղաքականությանը, կամայականություններին և անտարբերությանն այն պարագայում, երբ հարկավոր է գործել:
Մարդիկ մեզանից հստակություն են պահանջում, ինչը և պետք է լինի մեր հիմնական նպատակը: