կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-19 19:31
Հասարակություն

Ակտիվիստները կառավարության շենքի առջև են. սպասում են պատասխանի

Ակտիվիստները կառավարության շենքի առջև են. սպասում են պատասխանի

Աֆրիկյանների հուշարձան-շենքի պահպանության համար պայքարող քաղաքացիական ակտիվիստներն այս պահին կառավարության շենքի առջև են: Քիչ առաջ ավարտվեց նրանց պահանջ-երթը, որն անցավ Երևանի կենտրոնով:

 

Երթի ընթացքում երիտասարդները վանկարկում էին` «Չի քանդվելու», «Աֆրիկյանը մերն է», «Միացեք», «Մենք ենք տերը մեր երկրի»:

 

Հանրապետության հրապարակում ակտիվիստներից մեկը նշեց, որ այս պահին քանդվում է Աֆրիկյանների ակումբի շենքը, որն ունի 130 տարվա պատմություն:

 

Կառավարության շենքի մոտ հասնելուն պես երիտասարդները սկսեցին սուլել` արտահայտելով իրենց դժգոհությունն ու բողոքը: Նրանք վանկարկում էին` «Ամոթ», «Չի քանդվելու», «Քաղաքը պատկանում է հանրությանը»: Նրանք կառավարության շենքի առջև պարզել էին Աֆրիկյանների շենքի և շինարարական աշխատանքների լուսանկարներ:

 

Ակտիվիստերից մեկը հայտարարեց, որ հունիսի 13-ին «Պահպանենք Աֆրիկյանների ակումբը» քաղաքացիական նախաձեռնությունը դիմել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին` հայտնելով, որ հանրապետական նշանակություն ունեցող` Աֆրիկյանների հուշարձան-շենքի քանդումը հակասում է ՀՀ և միջազգային օրենքներին: Քանդման պատճառաբանությունները չեն բավարարում ՀՀ և միջազգային կոնվենցիաների պահանջներին:

 

Ակտիվիստները պահանջում են հավատարիմ մնալ օրենքներին և փրկել 19-րդ դարի վերջի այս կառույցը: Հակառակ դեպքում` նախաձեռնությունն ինքը ստիպված կլինի հուշարձանի պահպանության համար կատարել Սահմանադրությամբ ամրագրված դրույթները: Ակտիվիստի խոսքով` երթի նպատակն է ստանալ հունիսի 13-ի նամակի պատասխանը:

 

Երիտասարդները պատրաստվում են կառավարության շենքի առջև մնալ այնքան ժամանակ, մինչև ստանան հավաստիացում իրենց նամակի պատասխանի վերաբերյալ: