Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բաքվում այս օրերին ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի կողմից անցկացվող Rose Roth սեմինարը, որը կրում է «Հարավային Կովկաս. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագիրը, վերածվել է հայաստանյան և ադրբեջանական պատվիրակությունների միջև քարոզչական պատերազմի: Ադրբեջանական հոծ պատվիրակությանը նրանց իսկ հարկի տակ չափազանց մեծ հոգեբանական լարվածության պայմաններում դիմադրում է երեք հոգանոց հայկական խումբը` ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀԿ-ական պատգամավոր Կորյուն Նահապետյանը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյան և փորձագետ Ռիչարդ Կիրակոսյան կազմով:
Ինչպեսև կարելի էր կանխատեսել, ադրբեջանցիները փորձել են Ղարաբաղյան հակամարտությունը ներկայացնել Հայաստանի կողմից իրենց երկրի նկատմամբ տարածքային հավակնությունների լույսի ներքո: Զարգացնելով Հայաստանի` ագրեսոր լինելու մասին թեզը, ադրբեջանցիները քննադատության հիմնական թիրախ են դարձրել միջազգային հանրությունը և հատկապես` ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին` նրանց մեղադրելով Հայաստանի նկատմամբ ճնշումներ չգործադրելու և, այսպես կոչված, «գրավյալ տարածքներն» իրենց չվերադարձնելու մեջ: Ավելին` սեմինարի երկրորդ և երրորդ օրերին նրանք բացահայտ հակահայկական, քսենոֆոբ հռետորաբանություն են կիրառել` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, ինչպես նաև մեծից փոքր բոլոր էթնիկ հայերին համարելով ահաբեկիչներ:
Այս մթնոլորտում հայկական փոքրաթիվ պատվիրակությունը, դատելով ադրբեջանական լրատվամիջոցների` զարմանալիորեն իրականությանը մոտ պատկեր ներկայացնող լուսաբանումներից, ակտիվորեն հակադարձել են բոլոր հարձակումներին, հնչեցրել կոչեր և հատկապես առաջ քաշել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ԼՂՀ-ին որպես կողմ վերաներգրավելու և ղարաբաղցիների ինքնորոշման իրավունքը հիմք ընդունելու մասին, ինչպես նաև, վկայակոչելով ադրբեջանցիների կողմից հնչող հայտարարությունների հակահայկական բովանդակությունը, սեմինարի մյուս պատվիրակությունների ուշադրությունը հրավիրել դրանց քսենոֆոբ բնույթի վրա:
Ամենակարևորն, իհարկե, այն է, որ հայկական պատվիրակությունը չի ընկճվել, չի ընկրկել և հնարավորինս համարձակ պաշտպանել է հայկական պետականության շահերը, և որ դա տեղի է ունեցել Ադրբեջանի մայրաքաղաքում: Այս տեսակետից երեք հոգանոց պատվիրակությունը, ի պատիվ իրենց, սեմինարի շրջանակում գուցե ավելի մեծ գործ է կատարել, քան անցած 8 տարիներին` Հայաստանի արտգործնախարարությունը: Նրանց նման պահվածքն առարկայորեն ցույց է տալիս նման միջոցառումներին մասնակցելու անհրաժեշտությունը, քանի որ միայն այդ կերպ կարելի է նվազեցնել հակամարտության վերաբերյալ միջազգային հանրության պատկերացումները խեղաթյուրող ադրբեջանական ագրեսիվ պրոպագանդայի ներգործությունը:
Բայց ողջ հարցն այն է, որ այս ամենը սեմինարի բովանդակության և նպատակների հետ որևէ աղերս չունի: Սեմինարը, ըստ էության, հրավիրվել է` հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրները, մարտահրավերները, զարգացման հեռանկարները քննարկելու համար: Բայց ադրբեջանցիները որևէ բան քննարկելու ո'չ կարիք ունեն, ո'չ էլ կարողություն: Նրանց քաղաքակրթական մակարդակը պարզապես այդքան չի հասունացել` տարածաշրջանային լուրջ հարցերի կապակցությամբ բանավեճ ծավալելու, դիմացինի փաստարկներն ու բացատրությունները լսելու և ընկալելու համար: Իսկ այն եզակիներին, որոնք շահեկանորեն տարբերվում են, շատ արագ լիկվիդացնում են` նրանց տարատեսակ անհեթեթ մեղադրանքներ առաջադրելով: Առավել ևս Մեջլիսի պատգամավորներից, ովքեր հնարավորություն չունեն պետական պաշտոնական դիրքորոշումից և քաղաքական գծից անգամ մեկ միլիմետր շեղվող տեսակետ ունենալ և հայտնել, որոնց նպատակը հայերին հնարավորինս մեծ պաթոսով հայհոյելու միջոցով սեփական իշխանությանը հաճոյանալն է, հնարավոր չէ ադեկվատ վերաբերմունք ակնկալել:
Այդ մթնոլորտում սեմինար անցկացնելը ուղղակի ռեսուրսների անիմաստ, ավելորդ վատնում է, ժամավաճառություն: Այն չի կարող տալ ոչ մի պրոդուկտ ոչ միայն տարածաշրջանի երկրներին, այլև, առավել ևս, կազմակերպիչներին, ովքեր այսպիսի մթնոլորտում վերածվում են զվարճալի թատրոնի հանդիսատեսի: Ընդ որում` այնպիսի հանդիսատեսի, որը, ընդմիջումներին մոտենալով «դերասաններին» և գովելով նրանց խաղը, «դուխ» է տալիս, ոգևորում` տեսարանն ավելի ինտրիգային և դրամատիկ դարձնելու, դրանից ավելի մեծ հաճույք ստանալու համար: Այս իմաստով Բաքվում նմանատիպ ֆորումների անցկացումը վաղուց արդեն «բալագաններից» չի տարբերվում, և խոսքը միայն ՆԱՏՕ-ի շրջանակում կազմակերպվող միջոցառումներին չի վերաբերում: Շատերը հիշում են 2011թ. Բաքվում անցկացված Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջաններից մեկը: Այդ միջոցառման ժամանակ ելույթ էր ուենցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` տասնյակ պատվիրակությունների լուռ հայացքների, հանդուրժողականության պայմաններում հայերին անվանելով ֆաշիստ: Իրենց «ուսուցչի» բառապաշարն էլ, փաստորեն, այսօր կրկնում են Ադրբեջանի Մեջլիսի պատգամավորները, և ակնհայտ է, որ միտումը լինելու է շարունակական և խորացող:
Ադրբեջանական ապակառուցողականությունը, անհանդուրժողականությունը և պարզապես անդաստիարակությունը վաղուց արդեն պետք է հիմք հանդիսանային հայկական կողմի համար` միջազգային դոնոր, նախաձեռնող կազմակերպություններից պահանջելու հրաժարվել Բաքվում նման ֆորումներ անցկացնելու մտքից: Իսկ եթե դա հնարավոր չէ, ապա գոնե պետք է պահանջել կազմակերպիչներից` թույլ չտալ համամարդկային արժեքների դեմ ուղղված նման պահվածքի դրսևորումները, այլ ոչ թե առաջնորդվել հյուրընկալող կողմին չնեղացնելու տրիվիալ տրամաբանությամբ, առավել ևս, երբ այդ հյուրընկալողի հետ կապված որոշակի տնտեսական, քաղաքական կամ պարզապես «խավիարային» ակնկալիքներ կան: Հակառակ դեպքում` գոնե հայկական պատվիրակությունների պարագայում խնդիրը ոչ թե ինչ-որ առողջ դիսկուրսների մասնակցելն է դառնում, այլ միայն ադրբեջանցիների բերանը հնարավորինս փակելու, ինչը ինքնանպատակ է դարձնում նման միջոցառումները և դրանց հայկական կողմի մասնակցությունը: Բայց սա արդեն ոչ միայն պառլամենտական մակարդակով արվելիք աշխատանք է պահանջում, այլ, առաջին հերթին, պետական: Սա հիմնականում արտգործնախարարության խնդիրն է:
Գևորգ Դարբինյան