կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-16 11:05
Հասարակություն

Հրազդանի ցեմենտի գործարանի 300-ից ավելի աշխատակիցներ բողոքի են դուրս եկել

Հրազդանի ցեմենտի գործարանի 300-ից ավելի աշխատակիցներ բողոքի են դուրս եկել

Այսօր Հրազդանի ցեմենտի գործարանի 300-ից ավելի աշխատակիցներ բողոքի են դուրս եկել գործարանի ղեկավարության դեմ: Դեկտեմբեր ամսից սկսած` արդեն 7 ամիս, նրանք աշխատավարձ չեն ստացել: Նրանց համոզել, հորդորել էին համբերել մինչև հունիսի 15-ը, խոստանալով վճարել աշխատավարձերը, սակայն գործարանի ղեկավարությունը չի կատարել իր խոստումը:

 

Հիշեցնենք, որ 2013-ին գործարար Միքայել Բաղդասարովի սեփականությունը հանդիսացող «Միկա-ցեմենտ» գործարանը սնանկ է ճանաչվել և այժմ գրավադրված է ՎՏԲ բանկում:

 

Գործարանի աշխատակից Հայկ Գրիգորյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ գործարանի ղեկավարությունն անընդմեջ միայն համոզում է սպասել` սկզբում համոզում էին սպասել մինչև մայիսի վերջ, հիմա էլ` մինչև հունիսի վերջը: Ասում են, թե գործարանը սկսելու է նորմալ աշխատել, և այլևս խնդիրներ չեն լինի:

 

«Ժողովրդի համբերության բաժակը լցվել է: Հիմա հավաքվել ենք ու մեր պահանջն ենք ներկայացնում: Բացի այն, որ գործարանը պարտք է ՎՏԲ բանկին, նաև հսկայական պարտք կա գազի ու հոսանքի պատճառով: Այդ պարտքերը պետք է մարվեն, որպեսզի գործարանը նորից սկսի աշխատել, բայց, դրան էլ գումարած, հարյուրավոր աշխատակիցների 7 ամսվա աշխատավարձը: Ստացվում են ահռելի պարտքեր, և դրա պատճառով գործարանի աշխատակիցներն են տուժում»,- ասաց Հայկ Գրիգորյանը:

 

Հարցին` ճի՞շտ են լուրերը, թե գործարանը ցանկանում են գնել ռուսաստանաբնակ հայ գործարարներ, նա պատասխանեց, որ ամեն տարի գարնան վերջին նման խոսակցություններ են լինում, բայց մինչ այժմ ո' գնորդ են տեսել, ո'չ նոր ղեկավարություն:

 

«Դրանք ստից խոսակցություններ են կամ ժողովրդին հանդարտեցնելու միջոց` իբրև գնորդներ կան, որոնք պարտքերը կմարեն ու գործարանը կաշխատեցնեն, բայց ուղղակի ժամանակ են ձգում: Դրա տակ մի բան կա թաքնված, որից ոչ մեկս չենք կարողանում հասկանալ: Այդ խոսակցությունները ժամանակ ձգելու միջոց են»,- ասաց Հայկ Գրիգորյանը` հավելելով, որ եթե չբավարավեն իրենց պահանջները, ապա հարյուրավոր աշխատակիցներ գնալու են բողոքի կառավարության շենքի դիմաց: Իսկ հիմա կդիմեն Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանին:

 

Ինչ վերաբերում է հարցին` արդյո՞ք բողոքի ցույցի ժամանակ գործարանի ղեկավարությունից որեւէ մեկը հանդիպել է աշխատակիցների հետ, Հայկ Գրիգորյանն ասաց, որ այն ղեկավարները, որոնց հետ աշխատակիցները աշխատանքային պայմանագիր են կնքել, առայժմ չեն իջել աշխատակիցների մոտ, թեև բոլորն էլ ներկա պահին գործարանում են ու տեղյակ են, թե ինչ է կատարվում: