կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-12 15:22
Քաղաքական

Ռուս պաշտոնյաները պետք է ճիշտ խոսեն հայ հասարակության հետ. Արմեն Աշոտյան

Ռուս պաշտոնյաները պետք է ճիշտ խոսեն հայ հասարակության հետ. Արմեն Աշոտյան

Հայ-ռուսական հարաբերություններում ամենագայթակղիչ, ամենահեշտ, բայց ամենասխալ մոտեցումն է փոխադարձ «մուննաթների» շարքով փորձել հրապարակային դաշտում «դուք սա չարեցիք, մենք սա չարեցինք» բանաձեւի մեջ տեղավորել ռազմավարական գործընկերությունը. այսօր կառավարության նիստից հետո ասաց ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը' անդրադառնալով ռուսական «Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի՝ երեկ արած հայտարարությանը՝ կապված Հայաստանում ռուսական դպրոցների թիվն ավելացնելու եւ ռուսերենի կարգավիճակի հետ:

 

Հայաստանի Հանրապետության տարածքում, ըստ Աշոտյանի,  ռուսաց լեզվի առաջխաղացման համար ստեղծված են լավագույն պայմանները. ռուսաց լեզուն այն օտար լեզուն է, որ մեզ մոտ դասավանդվում է 2-րդ դասարանից, իսկ մնացած օտար լեզուների դասավանդումը սկսվում է 3-րդ դասարանից:

 

Ինչ վերաբերում է լեզվական օրենսդրության փոփոխության ակնարկին, ապա Աշոտյանը նշեց. «Լեզվի մասին օրենսդրության կարիք մենք չունենք: Հայաստանում թույլատրված է միջազգային կրթական ծրագրեր իրականացնել ավագ դպրոցի մակարդակում, եւ այդ գործող օրենքի համաձայն` հնարավորություն կա ունենալու 4 անգլալեզու կամ 4 ռուսալեզու կամ 4 ֆրանսալեզու դպրոց Հայաստանի տարածքում: Ռուսական գործընկերներն այդ քվոտայից մինչ այժմ որեւէ կերպ չեն օգտվել, ի տարբերություն մեր միջազգային գործընկերների, որտեղից մենք ունենք արդեն 2 անգլալեզու կրթական ծրագրեր»:

 

Աշոտյանը շեշտեց, որ, իհարկե, Հայաստանում ռուսաց լեզվի տարածման քաղաքական կամք կա, քանի որ ռուսաց լեզուն նախեւառաջ մեզ համար, անվտանգության տեսակետից, ռազմաքաղաքական դաշինքի մեջ լինելու պարագայում ռուսական արտադրության զինտեխնիկայից օգտվելու համար բացառիկ միջոց է, բացի այդ` այն միջազգային շփման լեզու է և բանալի` հսկայական մշակութային, գիտական ժառանգության:



Նախարարը կարծում է, որ Հայաստանում այսօր կա ռուսերենի նկատմամբ բնական պահանջարկ, ինչը, նրա խոսքով, հարցումների արդյունքներն էլ են ցույց տալիս, եւ այդ լեզվի իմացությունը` գիտության բնագավառից ընդհուպ արտագնա աշխատելու մեկնելը, լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում:

 

Արմեն Աշոտյանը նշեց, որ Հայաստանում ռուսերենը պետական լեզու չէ, և ինքն անձամբ չի տեսնում անհրաժեշտություն այդ լեզվին տալ սահմանադրական կարգավիճակ, եւ բոլորը պետք է հասկանան, որ Հայաստանը յուրահատուկ երկիր է` մոնոէթնիկ, իսկ պետական լեզուն էլ, որն ունի սահմանադրական կարգավիճակ, հայերենն է:



Լրագրողների հարցին՝ ի՞նչ է կարծում՝ Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, որպես իր գավառի, փոխվե՞լ է, Արմեն Աշոտյանն ուշագրավ մտքերով պատասխանեց` ինքը չի ճանաչում եւ ոչ մի նախկին կայսրություն, թեկուզ` ամենաժողովրդավար` լինի Բրիտանական կայսրությունը, Ավստրոհունգարականըեւ այլն, որ նախկինում իր տիրապետության տակ եղած տարածքների նկատմամբ չփորձի ժողովրդավար եղանակներով ամրապնդել իր ազդեցությունը:

 

Վերջում նախարարը մեկ անգամ եւս շեշտեց. «Մեր ռուս գործընկերները, պաշտոնյաները, երբ որ գալիս են Հայաստան, պետք է ճիշտ խոսեն հայ հասարակության հետ, հակառակ դեպքում` կստեղծվի իրավիճակ, երբ այդ հայտարարությունների հետևանքով կստեղծվի ռուսական առակի վիճակը, երբ մի զորեղ կենդանի մտնում է նուրբ արտադրանքով առևտրամաս: Ռուսներն ասում են' «Cлон вошел в магазин посуды»»: