կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-12 13:53
Հասարակություն

Մեր կրթական համակարգն առաջ է գնում ճիշտ ճանապարհով. Արմեն Աշոտյան

Մեր կրթական համակարգն առաջ է գնում ճիշտ ճանապարհով. Արմեն Աշոտյան

Տեղեկացրել էինք, որ այսօր ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել մի խումբ գյումրեցի դպրոցականների հետ, ովքեր համագործակցում են «Վորդ Վիժն» կազմակերպության հետ:

Անդրադառնալով  ավագ դպրոցների և 12-ամյա կրթության վերաբերյալ հարցին՝ նախարարն ընդգծել է, որ այդ  բարեփոխումը եվրոպական կրթական տարածքի միասնական ստանդարտ է, որն ընդունվել է նաև Հայաստանում:

«Եթե դուք ուզում եք մասնագետ դառնալ եվրոպական կրթական տարածքում, եթե ուզում եք, որ ձեր կրթական փաստաթղթերն ընդունվեն այդ տարածքում, ուրեմն պետք է հասկանաք, որ ավագ դպրոցի  բարեփոխումն առաջին հերթին ձեզ էր անհրաժեշտ:  Այդ ստանդարտը Հայաստանում չի ստեղծվել. մենք, լինելով եվրոպական կրթական տարածքի անդամ երկիր,  միացել ենք այդ ստանդարտին, որը ճիշտ որոշում է: Այլ հարց, որ ավագ դպրոցի բարեփոխման ծրագիրը դեռևս չի գոհացնում ո\'չ մեզ, ո\'չ էլ հասարակությանը: Ավագ դպրոցի ծրագրին անցում կատարելու որոշումը կայացվել է Հայաստանի տնտեսության  երկնիշ աճի պայմաններում: Ցավոք, ռեֆորմի իրականացման առաջին տարիները համընկան համաշխարհային տնտեսական ճգնաժամի  տարիներին, և պետությունը չկարողացավ ավագ դպրոցներին հատկացնել  ցանկալի  միջոցներ: 2008 թվականին  փորձնական բացվեցին առաջին ավագ դպրոցները, իսկ մեկ տարի անց ծրագիրն ամբողջությամբ ներդրվեց: Մենք ստացել էինք շենքային  վատ պայմաններով դպրոցներ, սակայն՝ ֆինանսավորման պայմաններում:  Մենք անցել ենք դժվարին ու ծանր ճանապարհ, և այսօր ասել, թե ավագ դպրոցները կայացած են, ճիշտ չի լինի: Բայց նաև փաստ է, որ մենք ունենք կայացած և  լավ արդյունքներ ունեցող ավագ դպրոցներ, և դա արձանագրված է նաև միջազգային տարբեր գնահատականներում: Ավագ դպրոցի բարեփոխման ծրագրից մենք երբեք չենք հրաժարվելու, 12-ամյա կրթության ծրագիրը հետընթաց չունի, սա միանշանակ է»,- ասել է նախարարը և հավելել, որ օրերս Փարիզում տեղի է ունեցել աշխարհի կրթության նախարարների հանդիպումը, որտեղ քննարկվել են համաշխարհային կրթության զարգացման հեռանկարները:

«Այդ հանդիպման ժամանակ որոշվել է, որ մինչև 2030 թվականը բոլոր երկրներում պետք  է անցում  կատարվի 12-ամյա կրթության, որից առնվազն  9-ամյա կրթությունը պետք է  լինի պարտադիր: Այսինքն՝ աշխարհն այսօր ուզում է անել մի քայլ, որը մենք արել ենք դեռևս 15 տարի առաջ, իսկ մենք արդեն Հայաստանում սահմանել ենք 12-ամյա պարտադիր կրթության շեմ: Նույն փարիզյան հանդիպման ժամանակ որոշվել է նաև անցում կատարել համընդհանուր ներառականության, մի բան, որը նույնպես Հայաստանում  արդեն արվել է:  Ես այս ամենի մասին ձեզ պատմում եմ, որպեսզի հասկանաք, որ մեր կրթական համակարգն  առաջ է գնում ճիշտ ճանապարհով»,- նշել է նախարարը: