Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն այսօր ներկա է եղել «Արցախկապ» ՓԲԸ ընդհանուր ժողովին, որի ընթացքում ներկայացվել է 2013թ. կատարված աշխատանքների և կառավարության 2008թ. հաստատած ծրագրի իրագործման հաշվետվությունը:
Հաշվետու տարում ընկերությունը հիմնական աշխատանքներն ուղղել է հեռուստահաղորդիչ կայաններում տեղադրված սարքավորումների շահագործմանն ու սպասարկմանը, ինչպես նաև ԼՂՀ ռադիոհեռուստատեսային ծրագրերի հեռարձակման և թվային համակարգի ներդրման իրականացմանը:
2014թ. հունվարի 1-ի դրությամբ Արցախի տարածքում տեղադրվել և շահագործվում է 43 լրակազմ DVB-S վերահաղորդիչ կայան, բաժանորդային արբանյակային կցորդների քանակը ներկայում կազմում է 6450 լրակազմ:
Ընկերության գործադիր տնօրենի խոսքով` թվայնացման ծրագիրը կարելի է ավարտել մինչև 2015թ.` ներգրավելով լրացուցիչ 120-130 մլն դրամ: Այդ գումարը և ընկերության շրջանառու միջոցները թույլ կտան 2014-2015թթ. մի շարք աշխատանքների հետ մեկտեղ հիմնական կայաններում ավարտել թվային DVB-T2 հեռուստահաղորդիչների տեղադրման գործընթացը, սպասարկել ռադիոծածկույթից դուրս գտնվող բնակչությանը, վճարովի բաժանորդների թիվը հասցնել մինչև 8500-ի, թվային հեռուստատեսության բաժանորդներին առաջարկել վճարովի 1-2 փաթեթ ևս և այլն:
Վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել ոլորտի պատասխանատուներին` հատկապես կարևորելով հանրապետության ողջ տարածքում տեղական հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման ապահովումը և պահանջելով մինչև տարեվերջ սոցիալական փաթեթով բնակչության մի մասին ևս ապահովել կցորդներով:
Արա Հարությունյանը հանձնարարել է վերանայել համակարգի աշխատակիցների աշխատավարձերը, որոնք ներկայում ցածր են հանրապետական միջինից: Նա առաջարկել է ընթացիկ տարվա հուլիսի 1-ից աշխատավարձերը բարձրացնել 20 տոկոսով և երեք տարվա ընթացքում հավասարեցնել հանրապետական միջին աշխատավարձին: Այս մասին հայտնում է Արցախի կառավարության տեղեկատվական կենտրոնը: