կարևոր
4690 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-13 21:18
Աշխարհ

Թուրքիայի գյուղերից մեկում երկրաշարժից ավերվել է 130 տնից 120-ը

Թուրքիայի գյուղերից մեկում երկրաշարժից ավերվել է 130 տնից 120-ը

Փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշ (Մարաշ) նահանգում տեղի ունեցած 2 երկրաշարժները զգալի ավերածություններ են առաջացրել ոչ միայն քաղաքներում, այլ նաև գյուղերում: Մասնավորապես Մալաթիայի նահանգում Բյույուք մահալլե անունով փոքրիկ գյուղի 130 տներից 120-ը դարձել են բնակության համար այլևս անպիտան: Գյուղի բնակիչներից մեկի խոսքով տները տարբեր աստիճանի վնասներ են կրել: Լեռնային գյուղում շատ տներ կանգուն են, սակայն դրանց մի կողմի պատը փլուզված է:

Բնակիչների մի մասն ապաստանել են մոտակա բնակավայրերում, գյուղում մնացածներն էլ նշել են, որ վրանների կարիք ունեն՝ չնայած -20 աստիճան ցրտի պայմաններում նույնիսկ վրանների տեղադրումն է բավական դժվար:

Ստորգետնյա ցնցումների հետևանքով խախտվել է նաև գյուղը սնուցող աղբյուրների հունը: Ներկայումս ջուր է դուրս գալիս ընդամենը 1 աղբյուրից, այն էլ՝ քիչ ծավալով:

Գյուղացիները պատմել են, որ փլատակների տակ մնացած 2 ընտանիքներից մեկին կարողացել են իրենց ուժերով ողջ դուրս բերել: Գյուղում ավերածությունները տեղի են ունեցել ցերեկային ժամերին տեղի ունեցած 2-րդ երկրաշարժի հետևանքով, ինչի շնորհիվ հնարավոր է եղել խուսափել ավելի շատ մարդկային կորուստներից:

Հիշեցնենք, որ վերջին պաշտոնական տվյալների համաձայն՝ Թուրքիայում երկրաշարժի հետևանքով մահացածների թիվն անցել է 31.000-ը: