Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի տեղեկություններով` Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի բյուջեում առկա 5 մլն դոլարի հետ կապված` իրարանցում է սկսվել` գումարը ոչ մի կերպ չեն կարողանում կիսել: Բանն այն է, որ գումարը գոյացել է ինչ-ինչ ծրագրերի միջոցով` մինչ Հովհաննես Թոքմաջյանի` ռեկտորի պաշտոնակատար նշանակվելը:
Yerkir.am-ի հարցմանն ի պատասխան, թե` որքա՞ն գումար կա ՀՊՃՀ-ում և ԵՃՇՊՀ-ում, և բուհերի միավորման դեպքում ինչպե՞ս է այն տնօրինվելու, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը պատասխանել է` այդպես էլ չպատասխանելով հարցին: Նա նշել է, որ բուհերի բյուջեն հաստատվում է խորհուրդների կողմից` ըստ տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ինչի մասին, սակայն, մենք ամենևին էլ չէինք հարցրել նախարարին: Այն, որ նախարարը խուսափել է պատասխանել, թե որքա՞ն գումար կա համալսարանի բյուջեում, միգուցե ընդհանրապես չկա՞, կամ էլ հարցն իրենց իրավասության շրջանակներում չէ՞, արդեն իսկ փաստում է ինչ-որ բանի մասին:
Մեր մյուս հարցին` ինչպե՞ս է բյուջեում առկա գումարը ծախսվելու բուհերի միավորման դեպքում, Աշոտյանը պատասխանել է, որ այդ դեպքում գործընթացը կընթանա` համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, ՀՀ օրենքների ու այլ իրավական ակտերի, որից հետո էլ, բնականաբար, նոր բյուջե կհաստատվի: Այսինքն` ասել է թե` ճարտարապետաշինարարականում առկա 5 միլիոնն անհամբեր սպասում է, թե ինչպե՞ս են իրեն օրենքով սահմանված ակտերով ծախսելու: Մնում է միայն մեկ բան ասել` ամե՛ն:
Ինչ վերաբերում է երկու բուհերի միավորմանը, ապա ուշագրավ է այն հանգամանքը, որ մինչ օրս նախարարն այդպես էլ գոնե մեկ անգամ չի այցելել բուհերից որևէ մեկը` տեղի աշխատակիցների հետ զրուցելու, քննարկում անցկացնելու կամ կազմակերպելու, ի վերջո, միավորման արդյունքում, ուսանողներից բացի, նաև դասախոսական կազմն է ինչ-որ բան շահելու կամ տուժելու: Երբ դեռ օրեր առաջ ճարտարապետաշինարարական համալսարանի մի խումբ աշխատակիցներ բաց նամակով էին հանդես եկել, նախարարն այդպես էլ, նույնիսկ` ֆեյսբուքյան իր էջում, չպատասխանեց նրանց, թեեւ այդ ընթացքում նա բավական ակտիվորեն անդրադառնում էր նաև արտաքին քաղաքականության հետ կապված հարցերին:
Ի դեպ, ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանի հեռացումը` «սեփական դիմումի համաձայն», համընկավ հենց այդ շրջանում բուհում բացահայտված ֆինանսական չարաշահումների հետ: Ու, փաստորեն, ԿԳ նախարարը ՀՀԿ-ական իր ընկերոջը ոչ թե պատժեց, այլ, ընդհակառակը, ազատեց պատժից, քանի որ արդեն ավանդույթ է դարձել` որտեղ խախտումներ են հայտնաբերվում, ոչ թե պատժում են դրանց գլխավերևում կանգնածներին, այլ ուղղակի ազատում աշխատանքից:
Նշենք, նաև, որ Թոքմաջյանին ուղղված հարցին, թե ինչո՞ւ են բուհում վերջին շրջանում դասաժամերի կրճատումներ տեղի ունենում, նա պատասխանել է` փորձելով արդարանալ, թե բուհի բյուջեն անմխիթար վիճակում է: Այս փաստն էլ, բնականաբար, ՀՊՃՀ-ի նախկին ռեկտոր Արա Ավետիսյանի օրոք տեղի ունեցած ֆինանսական չարաշահումների վառ ապացույցն է, ի հեճուկս այն հանգամանքի, որ մինչ օրս էլ Աշոտյանը շարունակում է պնդել, թե բուհում ամեն ինչ նորմալ է:
Ըստ էության` նախարարի վարած քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ ռեկտորի ընտրություններ կոչվածը վերածվել է ֆարսի. իրականում կորել է մրցակցության որևէ հնարավորություն: Ռեկտորների ժամանակավոր պաշտոնակատարումը կատարվում է այն տրամաբանությամբ, որ նա է իշխանության թեկնածուն, և այն անձը, ով կառաջադրվի համալսարանի ներսից, նա էլ, ըստ էության, հանդիսանում է կամիկաձե, քանի որ, բացի այն հանգամանքից, որ 100 տոկոսով չի ընտրվելու, հետագայում էլ դատապարտված է հետապնդման: Այն դրական ինքնավարությունը, որը, ըստ էության, կոչված է ձևավորելու բուհում ստեղծագործ մթնոլորտ, կասեցված է: Նման համակարգով բուհի պրոֆեսորասադասախոսական անձնակազմը` դրա ղեկավար մասը` պրոռեկտորներ, ամբիոնի վարիչներ, դեկաններ, դառնում են իդեալական հարմարվողական բնույթի տեր անձինք, որոնց համար առաջնահերթ է սեփական հարմարավետությունը, դիրքը, իսկ ընդհանուր համալսարանական շահերը ոչինչ չեն նշանակում:
Նախարարը ժամանակին նշել էր, որ պոլիտեխնիկն ու ճարտարապետաշինարարական համալսարանը դատապարտված են լինել միասին. «Միավորման արդյունքում կստեղծվի ավելի հզոր, զարգացած և մրցունակ բարձրագույն ուսումնական հաստատություն»: Ամե՛ն, պարո'ն Աշոտյան, Ամե՛ն:
Կարինե Հարությունյան