Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աստանայի օպերային թատրոնը անվանի օպերային երգիչ Բարսեղ Թումանյանին համագործակցության առաջարկ է արել, և Թումանյանն առաջիկայում հանդես կգա հենց այդ թատրոնում:
Yerkir.am-ի հետ զրույցում Թումանյանը նշեց, որ ինքը միշտ էլ տարբեր երկրներ է մեկնել` երգելու, պետք չէ դրանից պատմություն սարքել և ինչ-ինչ հարցերի հետ կապել:
«Ես միշտ էլ գնում եմ դուրս, երգում, գալիս, ինչո՞ւ են հիմա մեծ հարց սարքում: Օպերայի ընտրություններն ամենևին էլ կապ չունեն իմ այս որոշման հետ: Ուրիշ հարց կլիներ` աշխատեի օպերայում, 24 ժամս էլ կնվիրեի օպերային: Օպերայում չեմ, օրս նվիրում եմ իմ անձնական ու ստեղծագործական կյանքին: Օպերայի ընտրությունների արդյունքն այն է, թե ի՞նչ ձեռք բերեց օպերայի թատրոնը, իսկ իմ արդյունքն էլ այն է, որ ես շարունակում եմ իմ կյանքը, ինչ-որ ձեռք եմ բերել` իմ ճանապարհն է: Եթե Օպերայում չստացվեց` ի՞նչ անեի, նստեի Հայաստանում և ոչինչ չանեի` ավելի լավ կլինե՞ր: Ես այստեղ ոչ մեկի հակառակ չեմ ապրի: Կյանքը, աշխատանքը շարունակվում է: Ես առանց այն էլ Հայաստանում այնքան քիչ եմ ելույթ ունենում, իրավունք էլ չունեմ ժանգոտելու»,- ասաց Թումանյանը:
Նա նշեց նաև, որ Աստանայի թատրոնը մեծ հեռանկարներ ունեցող նոր թատրոն է` միջազգային միացյալ ուժերով հիմնադրված, որի գեղարվեստական ղեկավարությունը Լա Սկալայից է:
«Այսօր Աստանա, վաղը` Նյու Յորք, հաջորդ օրը` Չինաստան: Իմ կյանքը դա է եղել, ամբողջ աշխարհում շրջել-աշխատել եմ: Ես ոչ ազգությունս եմ փոխել, ոչ էլ մեկ այլ բան: Հավանաբար, դեկտեմբերին կազատվեմ, քանի որ համաշխարհային հյուրախաղերի պետք է գնամ նրանց հետ, որից հետո կվերադառնամ Հայաստան»,- ասաց Թումանյանը:
Հարցին, թե մեր թատրոնի հետ համագործակցելու գաղափարներ կա՞ն, նա պատասխանեց, որ դա արդեն մեր թատրոնի պոտենցիալից է կախված: «Իմ ծրագրերի մեջ մտնում էր եվրոպական թատրոնների հետ համագործակցությունը` կամուրջներ ստեղծել, համատեղ բեմադրություններ անել: Հիմա կարո՞ղ է թատրոնը սկսել ինչ-որ բան անել, չգիտեմ, քանի որ դա միայն գումարի խնդիր չէ, այլ մասնագիտական վերաբերմունքի, որի արդյունքն էլ ժամանակը ցույց կտա: Ժամանակի հարց է, սպասենք, տեսնենք` ինչ կլինի»,- ասաց Թումանյանը: