Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախորդ ամիս նոր մանրամասներ էին ի հայտ եկել Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի ԱԳ նախարարների հանդիպումից: Կ.Պոլսի հայկական «Նոր Զարթօնք» կազմակերպության պաշտոնական էջի տեղեկացմամբ՝ ադրբեջանցի լրագրողներից մեկը Քրդական բանվորական կուսակցության զինյալների վերաբերյալ հարց էր ուղղել Թուրքիայի` այն ժամանակվա ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին, թե` « սպանված ահաբեկիչների (ՔԲԿ-ականները Թուրքիայում ահաբեկիչ են համարվում) թվում հայեր կա՞ն, թե՞ ոչ»: Ի պատասխան, Չավուշօղլուն ասել էր. «Մենք գիտենք, որ մեր տարածաշրջանում գտնվող ահաբեկչական խմբավորումներում կան նաև օտարազգիներ, ովքեր օժանդակում են Քրդական բանվորական կուսակցությանը: Տեղյակ չենք՝ հակաահաբեկչական մեր վերջին գործողությունների ժամանակ վիրավորվածների կամ սպանվածների թվում հայեր կան, թե՝ ոչ: Խաղաղության գործընթացի նախորդ տարիներին հայտնի էր դարձել, որ ՔԲԿ-ականների թվում կային անդամներ Հայաստանից: Քանդիլ շրջանում ՔԲԿ-ականներին աջակցողների ցուցակը հրապարակվել է, սակայն նրանց թվում հայեր կան, թե` ոչ, անվտանգության ուժերի կողմից ոչ մի հայտարարություն չի եղել»:
Այս հայտարարությունից օրեր անց թուրք-քրդական զինված բախումներից մեկի ժամանակ սպանված թուրք ոստիկան Օլգուն Քուրբանօղլուի հուղարկավորության ժամանակ մի քաղաքացի, որի ինքնությունը չէր նշվում, հայտարարել էր, թե ՔԲԿ-ի բոլոր անդամները հայ են:
Թուրքական իշխանամետ Sabah պարբերականը քաղաքացու այդ հայտարարությունը, որպես լուր, հրապարակել էր իր կայքում՝ «ՔԲԿ-ականները բոլորը հայեր են» վերնագրով: Լուրին կից տեղադրված տեսանյութում երևում էր, թե ինչպես էր քաղաքացին սպառնալից բղավում. «Այս ՔԲԿ-ականները բոլորը հայեր են, իրենց ինքնությունը թաքցնում են: Ես քուրդ եմ, ես մուսուլման եմ, բայց ես հայ չեմ: Հայերի վերջը գալու է: Աստծո կամքով` մենք ձեր վերջը տալու ենք: Ինչ էլ անեք՝ իզուր է, ա\'յ հայեր: Մենք ձեզ գիտենք: Ինչ էլ անեք, իզուր է, հայե\'ր»:
Նման հակահայկական հայտարարություններից հետո՝ հոկտեմբերի 10-ին, Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում խաղաղության ցույցի ժամանակ տեղի ունեցավ երկու հզոր պայթյուն, որոնց, ըստ վերջին տվյալների, զոհ դարձավ 106 մարդ:
Պայթյուններից անմիջապես հետո Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներն այդ մասին տարբեր հայտարարություններով հանդես եկան՝ նախ մեղադրելով «Իսլամական պետության»-ը, հետո էլ, մտափոխվելով, Քրդական բանվորական կուսակցությանը:
Ի դեպ, քուրդ զինյալներն արդեն վաղուց հայտարարել են թուրքերի հետ հրադադարի մասին, սակայն Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կտրկանապես դեմ է արտահայտվել՝ ասելով. «Ոչ ոք չկասկածի այս հարցում մեր վճռականությանը: Ոչ մի կերպ չենք վարանելու: Մինչև վերջին ահաբեկիչը զենքը վայր չդնի, շարունակելու ենք մեր գործողությունները»:
Չենք կարող վստահ լինել՝ Թուրքիայում զինված բոլոր հարձակումներն ու բախումներն իրականացնում են բացառապես քո՞ւրդ զինյալները, թե՞ դրանցից շատերն իրականացվում են պետության կողմից, ով ամեն կերպ փորձում է «պարզ ճակատով» գնալ նոյեմբերի 1-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Չէ՞ որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընտրությունների մասին հայտարարությամբ էր հանդես եկել՝ շեշտելով. «Հունիսի 7-ին տեղի ունեցածը չի կրկնվի նոյեմբերի 1-ին»: Էրդողանը պատրաստ է ամեն ինչի՝ ընտրություններում հաղթելու և երկիրը միայնակ ղեկավարելու համար:
Թուրքական Anadolu Ajansi լրատվական գործակալությունը երեկ ուշագրավ մանրամասներ հայտնեց պայթյունների մասին՝ «Անկարայում պայթյուններից առաջ այդ մասին զգուշացնող երկու մարդ է ձերբակալվել»: ՔԲԿ-ական լինելու մեջ մեղադրվող երկու ձերբակալվածներն իրենց Twitter-յան էջերում զգուշացրել էին պայթյունի մասին՝ գրելով. «Պայթյուն է լինելու»:
Այսօր էլ նրանց մասին մեկ այլ ուշագրավ տեղեկություն է հրապարակել Demokrathaber կայքը: Նշվում է, թե ՔԲԿ-ական լինելու մեջ կասկածվողներն իրականում Ազգային հետախուզության վարչության աշխատակից են: Թուրքական տեսանկյունից ՝ սա լուրջ բացահայտում է, և Twitter-յան օգտատիրոջ լուսանկարին նայելիս պարզ է դառնում, որ թուրքական կողմը շարունակում է ամեն կերպ «հայկական հետքեր» ստեղծել թուրք-քրդական խնդիրների մեջ. 2012 թվականից ի վեր Twitter-ում գրանցված @DrDineberedayi անունով օգտատիրոջ լուսանկարը, ոչ ավելի, ոչ պակաս, Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի լուսանկարն է: Կայքը, սակայն, Թումանյանի լուսանկարի մասին ոչ մի խոսք չի գրել: Ո՞վ իմանա՝ նրան չճանաչելու, թե՞ «հարմար» պահի դա «բացահայտելու» մտայնությամբ: Չէ՞ որ թուրք-քրդական բախումների առաջին իսկ օրվանից թուրքական մամուլում ամեն օր նոր «բացահայտումներ» են արվում:
Մնում է հասկանալ՝ եթե սոցցանցի էջը բացել է Ազգային հետախուզությունը, ապա նրանց «հանճարեղ» մտքի թռիչքը մոտ ապագայում ո՞ւր կհասնի, և արդյո՞ք, օրինակ, Չարենցին էլ չենք տեսնի Թումանյանի «կողքին»:
Ի դեպ, Twitter-յան այս հաշիվը փակվել է պայթյուններից անմիջապես հետո:
Թեմային առնչվող եւս մեկ հոդված` այստեղ:
Արազ Գայմագամյան