Դավիթ Իշխանյան. «Աստանայի հանդիպումը որեւէ արդյունք չի կարող տալ»
Գերիների փոխանակման եւ նման կարգի առաջընթացներ ցանկացած հանդիպումներից հետո էլ կարելի է ակնկալել, որովհետեւ այդ կարգի փոխհամաձայնությունների ձեռքբերումը թերեւս երկու կողմերի հասարակություններին ինչ-որ տեղ մեղմելու եւ քաղաքական տեղաշարժեր ապահովելու իմիտացիա է,-այս կարծիքն է «Երկիր am"-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտնել ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը: Պատասխանելով Աստանայում դեկտեմբերի սկզբներին նախատեսվող Սարգսյան-Ալիեւ հանդիպման ակնկալիքների մասին հարցին նա շեշտել է, որ այդ հանդիպումը որեւէ արդյունք չի կարող տալ: Ըստ ՀՅԴ ներկայացուցչի` քաղաքական զարգացումները ներկա պահի դրությամբ ցույց են տալիս, որ առաջընթացի գրանցման նախանշաններ էլ չկան: Չկան նաեւ վերջին շրջանում արծարծվող եւս մեկ «ճանապարհային քարտեզի» ստորագրման նախանշանները, քանի որ, ըստ նրա, երկու կողմերի հասարակությունները եւ իշխանությունները պատրաստ չեն դրան: Բանակցություններում առաջընթացի չգրանցման հիմնական պատճառը, Դավիթ Իշխանյանի կարծիքով, բանակցային գործընթացի խեղաթյուրված ձեւաչափն է: «Այդ խեղաթյուրված ձեւաչափը ինքնին որեւէ հույս չի տալիս բանակցային գործընթացում կամ նման կարգի ծավալված գործընթացների արդյունքում լուրջ ակնկալիքներ ունենալ»,-հավելել է նա: