Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այլ երկրներում դժվար է ասել՝ ինչպես, սակայն Հայաստանում խորհրդականի ինստիտուտը «չաշխատեց»:
Շատ արագ և անկասելիորեն այն դարձավ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների համար նախատեսված թոշակառուների ակումբ, որի անդամները քիչ-քիչ (որպեսզի ինֆարկտ չստանան) սովորում են պաշտոն և աթոռ չունենալու սրտմաշուկ իրականությանը: Ապա նայեք մեր խորհրդականաց «դասին», անխտիր բոլորը նախկին երևելիներ են, որոնք հիմա էլ փորձում են ասպարեզում երևալ իրենց «խորհրդավոր» կարգավիճակով:
Զարմանալի է, բայց խորհրդականի այս անփառունակ ուղին է բռնում նաև այնպիսի կարևորագույն ոլորտ (հուսանք՝ դեռ կարևորագույն), որպիսին դիվանագիտությունն է և դիվանագետի աշխատանքը: Խորհրդականի ինստիտուտի նման՝ դեսպանի ինստիտուտն էլ կամաց-կամաց արժեզրկվում, վերածվում է նախկին նշանավորների սիրտը շահելու, նրանց` ասպարեզից հեռացվելը որոշակի իշխանական ողորմածությամբ փոխհատուցելու միջոցի:
Շուտով դեսպանի կարգավիճակ կստանա նախագահի նախկին խորհրդական, սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Յուրի Վարդանյանը: Սա դեռ մի կերպ կարելի է հասկանալ:
Մամուլում հիմա էլ լուրեր են տարածվել, որ իշխանական վերին օղակներում քննարկվում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին Իրաքում ՀՀ դեսպան նշանակելու հարցը: Մեր ժողովուրդն ամենաանհավանական բանը սիրում է բնորոշել «դա վերջն է» արտահայտությամբ: Եթե, իրոք, մամուլի այդ տեղեկությունն իրականությանը համապատասխանում է, ինչին մի քիչ դժվար է հավատալ, ապա սա վերջն է: Հայ դիվանագիտության վերջը:
Բ. Գասպարյան