Փոխարժեքներ
11 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.15 |
EUR | ⚊ | € 423.5 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 506.82 |
GEL | ⚊ | ₾ 142.07 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ արտաքին գործերի նախարարության ենթակայության տակ գտնվող «Դիվանագիտական դպրոց» ՊՈԱԿ-ին նախարարությունը վերջին երեք տարիներին տրամադրել է 3 դրամաշնորհ։
Նախարարությունը 2022 թվականին փոխանցել է 224 մլն 549 հազար դրամ, 2023-ին՝ 186 մլն 049 հազար դրամ, իսկ 2024 թվականին այն, նախորդ տարվա համեմատ, աճել է 127 մլն 979 հազար դրամով՝ դառնալով 314 մլն 028 հազար 800 դրամ։
2024 թվականին տրամադրած դրամաշնորհով Դիվանագիտական դպրոցը պարտավորվում է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի կադրեր պատրաստել մինչեւ 20 անձի, պարտավորվում է նաեւ վերապատրաստել Դիվանագետների եւ պետական մարմինների արտաքին կապերի ստորաբաժանումների աշխատակիցներին։
Հետաքրքիրն այն է, որ նման քանակի հատկացումներից հետո Հայաստանում դիվանագիտական ոլորտը դեռ կաղում է։ Մենք չունենք պետական մակարդակում ստացված դիվանագիտական հարաբերություններ առնվազն վերջին հինգ տարիներին։ Հունվարին ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանի ասուլիսում բազմիցս հարց հնչեց, թե ինչ հաջողություններ ենք գրանցել, եւ ինչ զգալի արդյունք կա։ Արարատ Միրզոյանը, հարցին ի պատասխան, հնչեցրեց մի քանի հանդիպում արտասահմանյան գործընկերների հետ եւ վերջ։
Դիվանագիտական բացթողումներն ավելի ընդգծելու համար սկսենք նախարարության գլխից․ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չունի դիվանագիտական որեւէ կրթություն. վերջինիս մասնագիտությունը՝ պատմաբանը, հիմք չէ այս ոլորտում լավ նախարար լինելու համար։
Արարատ Միրզոյանի տեղակալ Վահան Կոստանյանը սովորել եւ ավարտել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետը, որը ոչ մի աղերս չունի դիվանագիտության հետ։
Ներկայացնենք մի փոքր հաշվետվություն՝ ի ապացույց առաջ քաշված պնդումների։
ՀՀ նախագահի հրամանով՝ 2020 թվականի հոկտեմբերին Ջիվան Մովսիսյանը հետ է կանչվել Մոլդովայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից:
2021 թվականի հոկտեմբերին Արտաշես Թումանյանը հետ է կանչվել Իրանում Հայաստանի դեսպանի պաշտոնից։
2022 թվականին Ռուբեն Սադոյանը հետ է կանչվել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից:
2023 թվականի դեկտեմբերին Կարեն Նազարյանը Հայաստան է կանչվել Սուրբ Աթոռում, Երուսաղեմի Սուրբ Հովհաննեսի, Հռոդոսի եւ Մալթայի Ինքնիշխան Ռազմական Բարեխնամ Ուխտում եւ Պորտուգալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից:
2023 թվականի դեկտեմբերին Միսակ Բալասանյանը հետ է կանչվել Իրաքի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից։
2023 սեպտեմբերին Սամվել Մկրտչյանը հետ է կանչվել Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից:
2024 թվականի հունվարին հետ է կանչվել Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Արմելլա Շաքարյանը։
Այս շարքը կարելի է շարունակել՝ ի ապացույց, որ ԱԳՆ աշխատակազմի, տարբեր գերատեսչությունների պատվիրակությունների գործուղումները կարծես ոչ մի արդյունք չեն տալիս։ Փոխարենը ամրապնդվեն հարաբերությունները արդեն երկար տարիների դիվանագիտական շփում եւ գործընկերային կապ ունեցող երկրների հետ, ՀՀ իշխանությունները դիվանագիտական եւ գործընկերային հարաբերություններ են կառուցում Հունգարիայի Հանրապետության հետ, որի հետ հարաբերությունները խզել էինք դեռ 2004 թվականին»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: