Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների վերականգման առաջին փորձը կատարվել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք՝ պաշտոնավարման մեկնարկից անմիջապես հետո: Այդ առումով խորհրդանշական դարձավ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումները, և հենց այդ պատճառով գործընթացը անվանվեց «ֆուտբոլային դիվանագիտություն»։
Առաջին խաղը տեղի ունեցավ Երևանում 2008 թ. սեպտեմբերին, իսկ արդեն 2009 թ․ հոկտեմբերի 14-ի երեկոյան Սերժ Սարգսյանը մեկնեց Թուրքիա՝ մասնակցելու պատասխան խաղին։
«Ֆուտբոլային դիվանագիտությունը» հանգեցրեց 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների միջև արձանագրությունների ստորագրմանը, որով երկու երկրները պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատեին։ Արձանագրությունները չեղարկվեցին տարիներ անց, իսկ երկրների խորհրդարանները չվավերացրին դրանք։
2008-2010 թթ․ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին ուշագրավ փաստեր կան Սամվել Ֆարմանյանի «Միայնակ ընդդեմ ճակատագրի․ ֆուտբոլային դիվանագիտության հետնաբեմը» նոր հրատարակված գրքում։ Ներկայացված հետաքրքիր դրվագներից մեկը վերաբերում է երրորդ նախագահի՝ Թուրքիա այցի նախապատրաստական փուլին: Հայկական կողմի արարողակարգի ծառայությունը թուրքական կողմին խնդրում է հատուկ կտորով ծածկել նախագահական օթյակի ներքևում դրված Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի մեծ ազդերիզը՝ ներքևի հատվածում իր թեւավոր խոսքով, ինչը թուրքական կողմը բավարարել էր։
Չփակվելու դեպքում՝ այդ ազդերիզը մշտապես լինելու էր Սարգսյանի ու Գյուլի հետ նույն կադրում, երբ ֆուտբոլային հանդիպման հեռարձակման ռեժիսորները ցուցադրեին նախագահական օթյակը։
Այս դրվագը դուրս է մնում օրվա աժիոտաժի ու միջազգային «աննախադեպ ուշադրության» պատճառով։ Հետաքրքրական է, որ միջադեպը տեղ չի չգտել նաև թուրքական մամուլում։
Գրքի հեղինակ, տվյալ փուլում նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանի խոսքով՝ հնարավոր է, որ թուրքական կողմին հաջողվել էր տեղական մամուլին «բացատրել» այդ մասին չբարձրաձայնելու անհրաժեշտությունը։
Չնայած երրորդ նախագահի ջանքերին՝ դիվանագիտական հարաբերություններ այդպես էլ չհաստատվեցին երկու երկրների միջև: Այնումենայնիվ, ինչպես հետո Սերժ Սարգսյանը հայտարարեց, հայկական կողմի ուղարկած գնդակը մնաց Թուրքիայի դաշտում, ու ամբողջ աշխարհին Հայաստանը ցույց տվեց, որ հենց Թուրքիան է ձախողել հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Անի Նահապետյան