կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-01 22:00
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրայր Հովակիմյանը քնում էր հենց վիրահատված երեխաների կողքին․ Միքայել Ադամյան

1994-95 թթ, երբ ռեանիմատոլոգների խումբը բավականին փոքրաքանակ էր, Հրայր Հովակիմյանը քնում էր հենց վիրահատված երեխաների կողքին՝ վիրահատարանում, որովհետև ամեն ինչն էր ուզում հսկողության տակ պահել՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում պատմեց «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանը՝ խոսելով ՀՀ բարձրագույն՝ Ազգային հերոսի կոչման արժանացած սրտաբան, վիրաբույժ Հրայր Հովակիմյանի մասին։

Այդ տարիներից մինչև այսօր, երբ Հովակիմյանը ԱՄՆ-ից տարին մեկ-երկու անգամ՝ մի քանի ամսով, գալիս է Հայաստան վիրահատությունների, հենց «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում էլ ապրում է ու անընդհատ վիրահատություններ անում։

«1994 թ-ից Հրայրը բնակվում է Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում։ Այստեղ նա առանձնասենյակ ունի, ինչպես նաև աշխատասենյակ։ Սկզբում նա պարտավորված էր մնալ բուժկենտրոնում, որովհետև պացիենտների 24-ժամյա հսկողությունը ինքն էր իրականացնում։ Բարեբախտաբար, այսօր մասնագետներն այնպիսի արդյունքներ ունեն, որ վստահության խնդիր չկա»,-ասաց Միքայել Ադամյանը։

Հրայր Հովակիմյանի ընտանքը բժշկական կենտրոնի անձնակազմն ու հայ ժողովուրդն է՝ ասում է «Նորք-Մարաշ» ԲԿ տնօրենը։ Կին և երեխաներ այդպես էլ չունեցավ, մայրը՝ միակ մարդը, որի հետ ապրում էր, մահացավ վերջին շրջանում։ Փոխարենը, անգամ 10-15 տարի առաջ վիրահատած որևէ փոքրիկի մասին խոսելիս, մանրամասն հիշում է խնդիրը, դինամիկան, ապաքինումը։

1990-ականների սկզբին Հրայր Հովակիմյանը  իր կոլեգաների հետ եկավ Հայաստան վիրահատությունների ու իր հետ բերեց բավականին թանկարժեք սարքավորումներ, որոնց մասին Հայաստանում նույնիսկ տեղյակ էլ չէին։

«Այս տարիների աշխատանքի մեջ Հրայր Հովակիմյանը բացի ներդրումը, բացի իր անձնական միջոցների ծախսումը ուրիշ որևիցե շահույթ չի ունեցել»,-վստահեցրեց Միքայել Ադամյանը։

Հրայր Հովակիմյանը հնարավոր է վերջնականապես տեղափոխվի Հայաստան՝ բնակություն հաստատելու։ Այդպիսի մտադրություն հայտնել է սրտաբան-ընկերների մոտ։

«Հուսանք մոտ ժամանակները մշտական կգա Հայաստան և բնակություն կհաստատի Հայաստանում, որովհետև ինքը համարում է, որ այստեղ շատ գործ ունի անելու և այս վերջին ուրախությունը՝ ազգային հերոսի կոչում ստանալը, ևս կնպաստի դրան»,-ասաց «Նորք-Մարաշ» սրտաբանական կլինիկայի տնօրենը։

Միքայել Ադամյանը խոսեց նաև սրտաբան-վիրաբույժների գերլարված աշխատանքի, ստենտավորումը կլինիկաների համար ոչ շահութաբեր դարձնելու, պետական-մասնավոր կլինիկաների մրցակցության, ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի՝ իր ստանձնած նոր պարտավորությունների և այլ կարևոր հարցերի մասին։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով։

Աննա Բալյան