|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, լրագրողների հետ զրույցում պատասխանելով Yerkir.am-ի այն հարցին` ինչո՞ւ վարչապետը, խոսելով քառյակի քվեարկության մասին, նշեց, որ եթե նրանցից մեկը կողմ քվեարկեր, մեկը մյուսին դավաճան կանվանեին, պատասխանեց, որ չէր ուզենա մեկնաբանել վարչապետի ասածը:
Նա նշեց, որ քառյակը կոմպրոմիս է գտել այդ հարցում, փորձել են գտնել այն հարթությունը, որտեղ կկարողանան ինչ-որ ձևով համաձայնության գալ: Եվ միասնական որոշումը եղել է քվեարկությանը չմասնակցելը:
Հակոբյանն ասաց, որ, մամուլի հրապարակումներին հետևելով, կարող է ասել, որ հանրապետականների քվեարկությունը կարող էր ձախողվել կառավարության ծրագրի քվեարկության ժամանակ, որովհետև շատ հանրապետական պատգամավորներ քվեարկել են իրենց բացակա գործընկերների փոխարեն:
«Եթե նայենք քվեարկության պատկերը, ապա կտեսնենք, որ կառավարության ծրագիրը կարող էր չանցնել: Չգիտեմ` ինչու է այդպես ասել վարչապետը, նա ավելի լավ է զբաղվի կառավարության ծրագրի իրականացմամբ, ոչ թե փորձի գնահատական տալ, թե ինչով է պայմանավորված չորս ուժերի քվեարկությունը»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ իշխանությունն իր ներսում ավելի շատ պրոբլեմներ ունի, քան ընդդիմությունը, թեեւ փորձում են քառյակի ներսում շատ խնդիրներ տեսնել: