Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արեւմուտքը փորձում է ստեղծել այն տպավորությունը, որ Ռուսաստանը Սոչիի հանդիպումով չի կարողացել շեղել արեւմտյան օրակարգը: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Հայացք» վելուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը:
Քաղաքագետի կարծիքով՝ ուշագրավ է, որ Վաշինգտնի հանդիպումից հետո տարածված հաղորդագրության մեջ հղում էր կատարվում նաեւ Սոչիում ընդունված համատեղ հայտարարությանը: Այս ամենով, կարծես, կրկին Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները դրվում են այդ գործընթացի հիմքում:
«Պատահական չէ, որ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջնորդությամբ հայ-ադրբեջանական հանդիպումները տեղի են ունենում շատ փոքր ժամանակային տարբերությամբ: Ինչպես օրինակ Պրահայի հանդիպումից հետո տեղի ունեցավ Սոչիի հանդիպումը, որին հաջորդեց, կրկին Արեւմուտքի միջնորդությամբ, արդեն արտգործնախարարների մակարդակով հանդիպումը: Թե՛ հանդիպման ժամանակ հնչած հայտարարություններից, թե՛ հանդիպումից հետո հնչած հայտարարություններից ստեղծվում է տպավորություն, որ Արմուտքը փորձում է ամրագրել, որ իր միջնորդությամբ է հայ-ադրբեջանական գործընթացը տեղի ունենում»,- ասաց նա:
Քաղաքագետի կարծիքով՝ Արեւմուտքը չի հրաժարվում իր հիմնական նպատակից, այն է՝ Ռուսաստանին հնարավորինս շուտ տարածաշրջանից դուրս մղել:
«Արեւմուտքի եւ Ռուսաստանի հարաբերությունների սրացումը, եւ այդ առճակատման տեղափոխումը մեր տարածաշրջան, Հայաստանի համար մի շարք մարտահրավերներ է ստեղծում: Այդ մարտահրավերները էլ ավելի են աճում ի հաշիվ նրա, որ Հայաստանի գործող իշխանությունը ամեն ջանք գործադրում է, որպեսզի Հայաստանը ներգրավվի, դառնա գործոն, որոշակի դեպքերում նաեւ հարթակ այդ մրցապայքարի համար»,- նկատում է Աննա Կարապետյանը:
Ըստ նրա՝ Հայաստանի գործող իշխանությունը ավելի շատ հակված է Արեւմուտքի առաջարկած տարբերակներով Ադրբեջանի հետ համաձայնության գալուն:
«Չնայած Ռուսաստանի հասցեին հնչած հայտարարություններին, այնուամենայնիվ, Հայաստանի իշխանությունը, հատկապես ՌԴ ղեկավարության հետ հանդիպումներից առաջ, փորձում է ստեղծել ֆոն, որ Ռուսաստանի առաջարկների ներքո համաձայն է գործընթաց ծավալել, ինչպես ականատես եղանք Սոչիի հանդիպումից առաջ, երբ Փաշինյանը իբր թե Ռուսաստանի շահերը արտահայտող առաջարկություններ սկսեց անել: Միեւնույն ժամանակ Սոչիում հայտարարեց, որ ՌԴ-ի եւ Արեւմուտքի առաջարկները միմյանց լրացնում են, այլ ոչ թե հակասում»,- եզրափակեց Կարապետյանը:
Հիշեցնենք, որ երեկ Վաշինգտոնում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Արտգործնախարարները մտքեր են փոխանակել հավանական խաղաղության պայմանագրի տարրերի վերաբերյալ եւ արձանագրել, որ առկա են մի շարք խնդիրներ, որոնք դեռեւս հասցեագրման կարիք ունեն։
Հայաստանի ու Արդբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը կայացել էր հոկտեմբերի 2-ին՝ Ժնեւում, իսկ եռակողմ նախորդ հանդիպումը, կրկին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, տեղի էր ունեցել սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում։
Լենա Կարապետյան