կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-21 19:51
Տնտեսական

Կառավարությունը հրաժարվո՞ւմ է աշխատավարձերը բարձրացնելու որոշումից

Կառավարությունը հրաժարվո՞ւմ է աշխատավարձերը բարձրացնելու որոշումից

Պետական կառավարման համակարգի աշխատողները սրտատրոփ սպասում են այս տարվա հուլիսի 1-ին, երբ, ըստ նախատեսվածի, պետք է միջինը մոտ 50 տոկոսով բարձրանան նրանց աշխատավարձերը: Հիշեցնենք, որ դա սահմանվել էր 2013թ. նոյեմբերին ընդունված «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» նոր օրենքով, ինչն էլ ընկել է այս տարված պետական բյուջեի հիմքում: Այլ կերպ ասած` տվյալ դեպքում գործ ունենք ոչ թե պարզապես տրված քաղաքական խոստումների հետ, այլ օրենքով սահմանված և բյուջեով հաստատված գործընթացի, ինչը, բնականաբար, աշխատավարձերի բարձրացման լուրջ իրավական երաշխիքներ է ապահովում:

 

Եվ չնայած այդ երաշխիքներին` պետական ծառայողների մեծամասնությունը խիստ թերահավատությամբ է մոտենում աշխատավարձերի բարձրացման հնարավորությանը, և պարզվում է` դա այնքան էլ անհիմն կասկածամտություն չէ: Ազգային ժողովում ներկայում քննարկվող` կառավարության գործունեության եռամյա ծրագրում այս տարվա ընթացքում աշխատավարձերի բարձրացման մասին կոնկրետ որևէ ձևակերպում չկա ո'չ ծրագրի իրականացումից ակնկալվող հիմնական արդյունքների համատեքստում, ո'չ էլ պետական կառավարման համակարգի բարեփոխումներին վերաբերող դրույթներում: Կառավարության ծրագրի այս հատվածում ընդամենը խոսվում է «պետական քաղաքականությամբ ամրագրված սկզբունքներին համապատասխան պետական պաշտոնյաների վարձատրության ներդրված միասնական և արդարացի համակարգը հետևողական կատարելագործելու մասին»:

 

Եթե աշխատավարձերի բարձրացումն իսկապես արդեն հաստատված և վերջնական որոշում լիներ, ապա կառավարությունը ծրագրում այդ մասին խոսելուց խուսափելու որևէ պատճառ չէր ունենա, առավել ևս, որ դա հնարավորություն էր գոնե մասամբ չեզոքացնելու ծրագրից ուղղակի հորդող անորոշությունն ու դեկլարատիվությունը: Գուցե հնարավոր լիներ ենթադրել, թե քանի որ այդ բարձրացումն արդեն նախատեսված է բյուջեով, կառավարությունը հարկ չի համարել անհամեստություն դրսևորել և արվածը որպես անելիք ներկայացնել: Բայց դրան խանգարում է մի շատ էական հանգամանք:

 

Դեռ նախորդ տարվա նոյեմբերից կառավարությունը շրջանառության մեջ էր դրել «ՀՀ 2014-25թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի» նախագիծը: Այդ փաստաթղթում՝ «Պետական ծառայողների աշխատավարձերի բարձրացման քաղաքականությունը» բաժնում, սևով սպիտակի վրա գրված էր, որ 2014թ. հուլիսի 1-ից կներդրվի պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության միասնական համակարգը, որն իր հերթին կուղեկցվի այդ անձանց աշխատավարձի մոտ 50 տոկոս աճով, իսկ 2014թ. հետո՝ յուրաքանչյուր տարի, կառավարությունը կապահովի հանրային կառավարման և դատաիրավական համակարգի աշխատողների աշխատավարձերի առնվազն 10 տոկոս աճ:

 

Սակայն 2014թ. կառավարությունը վերանայեց այդ ծրագրի նախագիծը, և նոր տարբերակում՝ նույն «Պետական ծառայողների աշխատավարձերի բարձրացման քաղաքականությունը» բաժնում, խոսվում էր 2014թ.-ին աշխատավարձերը ոչ թե 50, այլ արդեն 30 տոկոս բարձրացնելու մասին: Այսինքն՝ առնվազն 2013թ. նոյեմբեր-2014թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում կառավարությունը աշխատավարձի ակնկալվող բարձրացման չափը նվազեցնում էր 20 տոկոսով, բայց այդ մասին չէր բարձրաձայնում:

 

Ծրագիրն, ի վերջո, մարտի 27-ին ընդունվեց կառավարության կողմից: Սակայն նույնիսկ 30 տոկոսով բարձրացնելու կետը դրանում չներառվեց: Ծրագրի 30.1 կետում բառացիորեն կարդում ենք հետևյալը. «2014թ. հուլիսի 1-ից կներդրվի պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության միասնական համակարգը, որն իր հերթին կուղեկցվի այդ անձանց աշխատավարձի զգալի աճով: 2014թ. հետո, յուրաքանչյուր տարի Կառավարությունը կապահովի հանրային կառավարման և դատաիրավական համակարգի աշխատողների աշխատավարձերի առնվազն 10 տոկոս աճ, որը համահունչ կլինի տնտեսությունում միջին աշխատավարձի աճի տեմպերին»: Այսինքն՝ «30 տոկոսով աճը» փոխարինվել է «զգալի աճ» անորոշ բառակապակցությամբ:

 

Արդյո՞ք սա նշանակում է, որ կառավարությունը հրաժարվում է հանրային հատվածում աշխատավարձերը բարձրացնելու որոշումից, դժվար է ասել: Խնդիրն այն է, որ եթե սրանք իսկապես նման միտում են նախանշում, ապա կառավարությունը դա կարող էր իրականացնել բացառապես «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում և 2014թ. պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու ճանապարհով: Իսկ դա նշանակում է գնալ ծախսերի կրճատման, այսինքն` բյուջեի սեկվեստորի:

 

Չի կարելի բացառել, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականն ինչ-որ մասով պայմանավորված էր նաև սրանով: Փաստացի աշխատավարձի աճի մակարդակի փոքրացման որոշումը կայացվել է նրա պաշտոնավարման վերջին ամիսներին, ինչով նա, ըստ էության, ուղղակի հարվածել է գործող նախագահին: Հիշեցնենք, որ փետրվարին, այսինքն՝ այն ժամանակ, երբ կառավարությունը նվազեցնում էր աշխատավարձի բարձրացման նշաձողը, ՀՀ նախագահը ԵԿՄ համագումարում վստահորեն խոսում էր հակառակի մասին: Ակնհայտ է, որ նոր վարչապետը որդեգրել է ոչ մի կոնկրետ ցուցանիշ չառաջադրելու մարտավարությունը՝ թերևս հասկանալով, թե ինչ վիճակում են գտնվում երկիրը, կառավարությունը:

 

Բայց պետական հատվածի ծառայողների աշխատավարձերի բարձրացումից հրաժարվելը, նույնիսկ խորհրդանշական բարձրացմամբ բավարարվելը չափազանց ծանր հարված կլինեն հենց նրա դիրքերին և այն իմիջին, որը ներկայումս փորձում է իր համար ստեղծել Հովիկ Աբրահամյանը: Նա ամեն ինչ կանի` խուսափելու համար բյուջեի սեկվեստորի գնալուց: Նաև այս լույսի ներքո է հասկանալի դառնում, թե ինչու էր վարչապետը հայրենի օլիգարխների հավաք կազմակերպում և «ստվերից դուրս գալու», հետայսու հավասար պայմաններում աշխատելու անվան տակ նրանց փաստացի բյուջեին փող փոխանցելու հրահանգ իջեցնում:

 

Գևորգ Աղաբաբյան