կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-30 11:35
Առանց Կատեգորիա

Հայաստանը հրաժարվո՞ւմ է պահանջատիրությունից

Հայաստանը հրաժարվո՞ւմ է պահանջատիրությունից

Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկու անգամ հայտարարեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում չի եղել և չկա Թուրքիայից որևէ պահանջ ունենալու խնդիր: Առաջին անգամ այդ ուղերձը, որի հիմնական հասցեատերը Անկարան և միջազգային հանրությունն էին, նախագահը հնչեցրեց արտերկրյա լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ: Երկրորդ անգամ՝ Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում, թեև այս անգամ Սերժ Սարգսյանը մի փոքր խմբագրում կատարեց՝ հավելելով, թե Ցեղասպանության հետևանքների վերացման եղանակները, այսինքն՝ պահանջների ներկայացումը, բանակցությունների հարց է: Ենթադրաբար, նա նկատի ուներ, որ դրանք կարող են սկսվել Թուրքիայի կողմից Ցեղասպանության փաստը ճանաչելուց հետո:

 

Մեկ անգամ կիսապաշտոնական մակարդակով Երևանից հողային պահանջ ներկայացնելու փորձ արվել է. երկու տարի առաջ ՀՀ` այն ժամանակվա գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հայտարարել էր, թե, բացի մշակութային, նյութական ու մարդկային կուրուստների համար Ցեղասպանության զոհ դարձած արևմտահայերի ժառանգներին փոխհատուցում տալուց, Թուրքիան պետք է Հայաստանին վերադարձնի նրա կորցրած տարածքները: Այս աննախադեպ հայտարարությանը Անկարան պատասխանեց չափազանց կոշտ, թե որևէ մեկը չի կարող համարձակվել Թուրքիայից տարածքներ պահանջել:

 

Այն, որ Սերժ Սարգսյանը չէր կարող հիմա Հայաստանի անունից Թուրքիային տարածքային պահանջներ ներկայացնել, ոչ միայն տրամաբանական էր, այլև, թերևս անհրաժեշտ: Դա կնշանակեր Հայաստանի համար բացել պատերազմական երկրորդ ճակատը և գուցե Հայաստանի պետականության գոյությունը դնել կասկածի տակ: Բայց Սերժ Սարգսյանը խոսում էր ոչ թե տարածքային պահանջների մասին, այլ պահանջների մասին` առհասարակ, որոնք ներառում են նաև փոխհատուցման գործոնը: Հետևաբար, հայտարարություններից այնպիսի տպավորություն ստեղծվեց, թե Հայաստանը որևէ տեսակի պահանջ չունի: Այս թաքնված ուղերձն ավելի համոզիչ դարձավ, երբ նախագահը, Պոզների խորամանկ հարցին ի պատասխան, հայտարարեց, թե «Հիշում և պահանջում» կարգախոսի «պահանջում եմ» բաղադրիչը վերաբերում է բացառապես... Ցեղասպանության ճանաչմանը:

 

Չի կարելի բացառել, որ նման միանշանակ պնդումը Երևանից հնչում է Ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման գործընթացին չվնասելու համար՝ նկատի ունենալով, որ պահանջների մասին խոսելը կարող է ոչ միայն Թուրքիայի դիրքորոշումը կարծրացնել, այլև զգուշավորության դրդել այն երկրներին կամ կազմակերպություններին, որոնք երկմտում են ճանաչման հարցում:

 

Բայց ճանաչում երևույթն ինքնին արդեն ենթատեքստում պարունակում է պահանջատիրության գործոնը, և դրա օրինակը կա՝ Գերմանիայի կողմից հրեաների Հոլոքոստը ճանաչելուց հետո սկսված փոխհատուցման գործընթացը: Եվ երբ ի սկզբանե հայտարարվում է, որ այս պահին չկա նման խնդիր, ճանաչումը, որպես այդպիսին, սկսում է ձեռք բերել միայն բարոյական նշանակություն:

 

Սա խնդիր է առնվազն երկու առումով: Նախ՝ ակնհայտ է, որ Թուրքիան ներկայումս առաջնորդվում է այն համոզմունքով, որ 1921թ. Կարսի պայմանագիրը, որով գծվեցին Հայաստանի և Թուրքիայի միջև ներկայիս սահմանները, միջազգային իրավունքի տեսանկյունից այնքան էլ միանշանակ չէ, եթե չասենք՝ առհասարակ իրավաբանական ուժ չունի՝ հաշվի առնելով, որ ստորագրման պահին ո'չ քեմալական Թուրքիան և ո'չ էլ բոլշևիկյան Հայաստանը միջազգային իրավունքի սուբյեկտներ չեն եղել: Դա է պատճառը, որ անկախությունը ձեռք բերելուց հետո առ այսօր Անկարան առիթը բաց չի թողնում Հայաստանին Կարսի պայմանագիրը ստորագրել տալու համար: 1991թ. Հայաստանի անկախությունը ճանաչելու համար անգամ Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Սուլեյման Դեմիրելը դրել էր այդ պայմանագիրը հայկական կողմից վավերացնելու պահանջը: Մեծ հաշվով այդ նախապայմանն ընկած է նաև ներկայումս դեռևս իրավական փաստաթուղթ հանդիսացող հայ-թուրքական արձանագրությունների հիմքում:

 

Եվ առնվազն տարօրինակ է՝ թուրքական կողմում իր տարածքային ամբողջականության իրավական հենքի առումով առկա մտավախության պայմաններում հայտարարել, թե պահանջներ, առհասարակ, Հայաստանը չունի: Դիվանագիտությունը հնարավորի արվեստ է, և անցած 24 տարիների ընթացքում, թերևս, հնարավոր էր գտնել այնպիսի ձևակերպում, որը թույլ կտար նման դեպքերում անել այնպիսի խճճված հայտարարություն, որը ո'չ կհաստատեր հողային պահանջներ չունենալը, ո'չ էլ՝ ունենալը՝ շեշտադրումը դնելով այլ տիպի պահանջների, փոխհատուցման վրա:

 

Երկրորդ՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրով Հայաստանը «հայ ժողովրդի հետ» միասին ոչ միայն ստանձնում է Ցեղասպանության հետևանքների հաղթահարման համար իրավական պահանջների թղթածրար մշակելու պարտավորությունը, այլև, ուշադրություն դարձնենք, «Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում» արժևորում 1920 թվականի օգոստոսի 10-ի Սևրի հաշտության պայմանագրի և 1920 թվականի նոյեմբերի 22-ի` ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի դերը և նշանակությունը:

 

Հարց է առաջանում` եթե դեռևս նոր պետք է այդ թղթածրարը մշակվի, ապա ինչպե՞ս է մինչ այդ հայտարարվում պահանջներ չունենալու մասին: Իսկ եթե խնդիր է դրված փուլային մարտավարությամբ առաջնորդվել, այսինքն՝ նախ՝ ճանաչում, հետո նոր` բանակցություններ պահանջների շուրջ, ինչը տակտիկական առումով, թերևս, ավելի նախընտրելի է, ապա ոչինչ չի խանգարում առաջին պլանով հասկացնել, որ պահանջները ոչ թե պետական մակարդակ են ենթադրում, այլ, ինչպես նշված է հռչակագրում, «անհատական, համայնքնային և ազգային»: Այսինքն` այս պահին պահանջներ չունենալով Հայաստանը չի կարող հայ ժողովրդին, իրենց պատմական հայրենիքում թողած հսկայական նյութական, գույքային և մշակութային արժեքների սեփականատերերի իրավահաջորդներին արգելել անհատական կամ համայնքային մակարդակով Թուրքիային պահանջներ ներկայացնել: Եվ Կիլիկիայի կաթողիկոսության կողմից Սիսի նստավայրը, եկեղեցապատկան կալվածքները պահանջելուն ուղղված` Թուրքիայի ՍԴ-ին հայցադիմում ներկայացնելը դրա ամենաուժեղ փաստարկը կլիներ և է:

 

Գևորգ Աղաբաբյան