Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսին բոլորը սպասում էին մեկ ակնկալիքով, այն է` եղե՞լ է արդյոք Հայաստանում հեղաշրջման փորձ , թե` ոչ: Ավելի ճիշտ, ըստ Փաշինյանին պատկանող լրատվամիջոցի, այդպիսի փորձ եղել է: Եվ բոլորը սպասում էին, որ այս ասուլիսը նվիրված էր լինելու այդ հեղաշրջման փորձի ենթադրյալ փաստերի շարադրմանը` վարչապետի կողմից: Սակայն կատարվեց զարմանալին, Փաշինյանը սկսեց խոսել ինչ - որ վիրտուալ «հիբրիդային պատերազմի» մասին, որն իբր տարվում է իր դեմ: Եվ իբր թե այդ «պատերազմը» նույնիսկ աջակցվում է դրսից: Բայց ամենակարևորը, Փաշինյանը ոչինչ չասաց Վանեցյանի մասին: Կամ նա, իր լրատվամիջոցը և աներձագը գիտեն ինչ - որ բան, սակայն ինչ - ինչ մտավախություններից ելնելով չեն ուզում հրապարակայնացնել դա, կամ էլ հայտնի լրատվամիջոցը ներկայացնելով «հեղաշրջման» վարկածը, ավելի շատ ներկայացրել է նրա տիրոջ վախերը այդ հեղաշրջման մասին: Կա նաև երրորդ վարկած, համաձայն որի, քանի որ Փաշինյանին երկրում լուրջ չեն վերաբերվում, նրան ինչ - որ մեկը խորհուրդ է տվել վախի մթնոլորտ սերմանել երկրում, որպեսզի մարդիկ այդ մթնոլորտում իրար վրա սկսեն գործ տալ, և որի արդյունքում էլ իշխանության հանդեպ կարող է առաջանալ «հարգանք», այսինքն այն, ինչ որ կատարեց Ստալինը 1937 թվականից հետո: Սակայն հիշեցնենք, որ այն ժամանակ ժողովրդի մեջ կար հավատ կոմունիզմի հանդեպ: Բացի այդ, կոմկուսի դերը երկրի կյանքում չափազանց մեծ էր: Եվ այդ ամենից հետո, Ստալինը 1935-ին Կիրովի սպանությունը կազմակերպելուց հետո, այն առիթ դարձրեց երկրում վախի մթնոլորտը սերմանելու համար:
Այսօրվա Հայաստանում Փաշինյանը չի կարողանա Ստալինի հնարավորությունները ձեռք բերել` մի շարք սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով: Այդ իսկ պատճառով էլ երկրում վախի մթնոլորտ սերմանելը, այն էլ ինտերնետի դարում, պրակտիկորեն անհնարին կլինի:
Ահա թե ինչու «պետական հեղաշրջման» մասին խոսակցությունը առանց հիմնավորման հնարավոր չի լինի բարդել մեկ մարդու կամ մի ինչ - որ խմբի վրա:
Հասկանալով դա, Փաշինյանը երեկվա իր ասուլիսում փաստացի խոստովանեց, որ սխալվել է, որ սեփական թերթով փորձել է այդ վարկածը փաթաթել նաև մյուսների վրա: Նույնիսկ իր թիմակիցները հրաժարվեցին հավատալ դրան: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը այն գնահատեց որպես « անկապ խոսակցություն», իսկ Վանեցյանին էլ քաղաքական թշնամի չհամարեց: Հետո ԱԺ նախագահի գնահատականի հետ համաձայնվեցին Սուրեն Պապիկյանն ու Ռոմանոս Պետրոսյանը: Նույնիսկ աներձագի մի քանի հարցազրույցները այդ թեմայով «չսթափեցրին» վարչապետի թիմակիցներին: Այդ իսկ պատճառով, սեփական դեմքը փրկելու համար, Փաշինյանը Անվտանգության խորհրդի քարտուղարի միջոցով լղոզեց սեփական լրատվամիջոցի և աներձագի խոսքերը, որից հետո միայն երեկվա ասուլիսում արդեն այս խնդիրը վարչապետը վերածեց կատակի` հիշելով Հայկոի և Մկոյի հայտնի սքետչը:
Այս ամենը հուշում է, որ Փաշինյանը հույսը չի կորցրել` երկրում իրավիճակը լարելու, մտածելով, որ այդ քայլով նա կկարողանա ամրապնդել իր իշխանությունը: Պարզապես զգալով, որ ներկա պահին դեռ թույլ է, որոշեց Վանեցյանի հետ հակամարտությունը տեղափոխել, ինչը ցույց տվեց իր դիրքերի ակնհայտ թուլացած վիճակը:
Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան