|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Մայիսի 5-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն Իրանի իր պաշտոնակից Մոհամադ Ջավադ Զարիֆի հրավերով պաշտոնական այցով ժամանեց Թեհրան:
Նույն օրն Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Նախագահն ասաց, որ երկու երկրները 20 տարվա ընթացքում իրենց հարաբերություններում լավ ձեռքբերումներ են ունեցել, բազմաթիվ համատեղ ծրագրեր են իրականացրել, և կա երկուստեք ցանկություն՝ առավել ընդլայնելու համագործակցությունը։
Էդվարդ Նալբանդյանը Հասան Ռոհանիին փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը և Երևան այցելելու հրավերը: Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին երկու երկրների միջև զարգացող համագործակցության առումով, քննարկեցին բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների և համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքը։
Թեհրանում կայացան ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի բանակցությունները, որոնք մեկնարկեցին առանձնազրույցի ձևաչափով, ապա շարունակվեցին պատվիրակությունների մասնակցությամբ:
Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ վերջին տարիների ընթացքում արդեն 9-րդ անգամ է այցելում Թեհրան, նույն ժամանակահատվածում ԱԳ նախարարների մակարդակով Երևանում, Թեհրանում և տարբեր միջազգային հարթակներում կայացել է շուրջ երեք տասնյակ հանդիպում։
Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկեցին առևտրատնտեսական համագործակցության խթանումը, տարբեր համատեղ ծրագրեր, անդրադարձան Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի, Մեղրիի հիդրոէլեկտրակայանի, Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման նախագծերին:
Նախարար Զարիֆը ներկայացրեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերջին զարգացումները: Նախարար Նալբանդյանը, ողջունելով անցյալ նոյեմբերին Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունները, հույս հայտնեց, որ բոլոր կողմերի ջանքերի շնորհիվ նախատեսված ժամկետներում հնարավոր կլինի հասնել խնդրի համապարփակ կարգավորման, ինչը կարևոր ձեռքբերում կլինի Իրանի, տարածաշրջանի և ողջ միջազգային հանրության համար:
Էդվարդ Նալբանդյանն Իրանի իր գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը՝ կարևորելով այդ հարցում Իրանի հավասարակշռված դիրքորշումը:
Բանակցությունների ավարտին Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները հանդես եկան մամուլի համար հայտարարություններով։
Ի պատիվ ՀՀ արտգործնախարարի` նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը պաշտոնական ճաշ տվեց արտաքին գործերի նախարարությունում:
Նույն օրը Թեհրանում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Իրանի մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ և կարևորեց երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում ՀՀ և ԻԻՀ օրենսդիր մարմինների արդյունավետ համագործակցությունը:
Ալի Լարիջանին խնդրեց իր շնորհավորանքները հաղորդել ՀՀ վարչապետ նշանակված իր նախկին գործընկերոջը` Հովիկ Աբրահամյանին, և Ազգային ժողովի նախագահ ընտրված, հայ-իրանական խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Գալուստ Սահակյանին։
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության հաղորդմամբ՝ նույն օրն Էդվարդ Նալբանդյանն այցելեց նաև «Արարատ» մարզամշակութային համալիր, որտեղ հանդիպում ունեցավ իրանահայ կառույցների ղեկավարների հետ: