Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանը պատրաստ է ընդլայնել Հայաստանի հետ իրականացվող գազ-էլեկտրանէներգիայի դիմաց ծրագրի ծավալները և պատրաստակամ է Հայաստանում գազի, քամու և արևի միջոցով էլեկտրաէներգիայի արտադրության ծրագրերի իրականացմանը, այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին, ով Հայաստան է ժամանել ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով, տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:
«Մենք մեծապես կարևորում ենք Հայաստանի հետ բոլոր ոլորտներում հարաբերությունների զարգացումը և ընդլայնումը` որպես բարեկամի և հարևանի: Մենք պատրաստ ենք Ձեր կառավարության հետ շարունակել աշխատանքները` նոր ծրագրեր մշակելու և կյանքի կոչելու նպատակով, ընդլայնել գազ-էլեկտրանէներգիայի դիմաց ծրագրի ծավալները: Միաժամանակ, պատրաստակամ ենք Հայաստանում գազի, քամու և արևի միջոցով էլեկտրաէներգիայի արտադրության ծրագրերի իրականացմանը: Մենք շահագրգռված ենք էներգետիկայի ոլորտում տարածաշրջանային նախագծերի կյանքի կոչմամբ և ենթակառուցվածքների զարգացմամբ»,– ասել է Իրանի նախագահը:
Հասան Ռոհանիի խոսքով` իրանական կողմը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ նաև տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում, այդ թվում` մեր երկրում տարբեր ճանապարհաշինական ծրագրերում ներգրավվելու գործում:
Իրանի նախագահն ընդգծել է, որ վարչապետ Փաշինյանի գլխավորած թիմի` Հայաստանի կառավարության ղեկավարումը ստանձնելուց հետո երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները զգալիորեն աճել են, իսկ համատեղ ծրագրերը շարունակում են հաջողությամբ կյանքի կոչվել:
Հասան Ռոհանին հավելել է, որ իրենք պատրաստակամ են քննարկել նաև Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը կյանքի կոչելու գործընթացը, ընդլայնելու երկկողմ կապիտալ ներդրումների, ազատ առևտրի գոտիների միջոցով առևտրաշրջանառության ծավալները:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Պարսից ծոցը Սև ծովին միացնելու տրանզիտային ուղիներին վերաբերող հարցերի շուրջ: Վարչապետ Փաշինյանը շեշտել է, որ այդ ծրագիրը կյանքի կոչելը բխում է մեր երկրի ռազմավարական շահերից, և Հայաստանը պատրաստ է գործնական քայլեր իրականացնել այդ նպատակով: