կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-29 11:59
Արցախ

Վրացի բժիշկը, որը Հարավային Օսիայում դատապարտվել է «սահմանի ապօրինի հատման» համար, ազատ է արձակվել

Վրացի բժիշկը, որը Հարավային Օսիայում դատապարտվել է «սահմանի ապօրինի հատման» համար, ազատ է արձակվել

Վրացի բժիշկ Վաժա Գապրինդաշվիլին, որը Հարավային Օսիայում ձերբակալվել է «պետական սահմանի ապօրինի հատման» մեղադրանքով և դատապարտվել 9-ամսյա ազատազրկման, ազատ է արձակվել՝՝ հայտնում է jam-news.net-ը։

Ըստ հարավօսական «Օսինֆորմ» տեղեկատվական գործակալության տեղությունների՝ բժշկին ներում է շնորհել Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը։

«Քննության ընթացքում Գապրինդաշվիլին համագործակցել է իրավապահ մարմինների հետ, անվերապահորեն պահպանել կալանքի տակ մնալու ռեժիմը։

Հետաքննության ընթացքում 1989-1992, 2004 և 2008 թվականներին ռազմական հանցագործություն կատարածների հետ հնարավոր կապ ունեցող անձանց բացահայտման նպատակով ձերբակալվածին ցուցադրվել են փաստագրական տեսանյութեր, որոնք արձանագրում են հարավօսական բնակչության նկատմամբ ցեղասպանության փաստն, այդ թվում՝ Զարիի և Էրեդվիի ողբերգությունների վերաբերյալ։ Կազմակերպվել են նրա այցերը նշված իրադարձությունների զոհերի մահվան վայրեր։

Գապրինդաշվիլին հետաքրքրություն է արտահայտել ներկայացված նյութերի նկատմամբ։ Ցխինվալում ճանաչողական շրջագայության ժամանակ նա ցուցաբերել է բարյացակամություն, առաջարկված հյուրասիրությունից չի հրաժարվել, գովել է օսական խոհանոցը։

Դատական նիստի ընթացքում ներողություն է խնդրել «իր գործողությունների հետևանքով պատճառված անհարմարությունների համար», օս ժողովրդին շնորհակալություն հայտնել «հարմարավետ պահպանման» համար», – գրում է «Օսինֆորմը»։

Ազատ արձակվելուց հետո իր առաջին հայտարարությունում Վաժա Գապրինդաշվիլին շնորհակալություն է հայտնել Վրաստանի իշխանություններին, այդ թվում՝ կառավարությանը, խորհրդարանին, ՆԳՆ-ին և Պետանվտանգության ծառայությանն իրեն ազատ արձակելու նպատակով գործադրված ջանքերի համար, ինչպես նաև իր ընտանիքին, ընկերներին և բոլոր նրանց, ովքեր իրեն ակտիվորեն աջակցում էին։

Նա ասել է, որ «իրեն լավ է զգում» և խոստացել էավելի ուշ պատմել Ցխինվալիում իր ձերբակալման և այնտեղ գտնվելու մանրամասները։

Գապրինդաշվիլիին ազատ արձակվելու կապակցությամբ շնորհավորել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալկալիանին հայտարարել է, որ բժշկի ազատ արձակումը վրացական իշխանությունների աշխատանքի արդյունքն է։

 

Վրաստանի օրթոպեդների ասոցիացիայի նախագահ Վաժա Գապրինդաշվիլին ձերբակալվել է վրաց-օսական հակամարտության գոտում նոյեմբերի 9-ին։ Ցխինվալում պնդում են, որ նա «խախտել է պետական սահմանն ու անցել օսական կողմ»։

Կալանքից հետո Գապրինդաշվիլին իրեն մեղավոր չի ճանաչել։ Վրացական իշխանությունների և լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ Ցխինվալի բանտում գտնվելու ընթացքում, նա հայտարարել է, որ հակամարտության գոտում պետական սահման չկա, և ինքը ոչ մի հանցանք չի գործել։

Ցխինվալը Գապրինդաշվիլիի գործողությունները սադրանք և լավ պլանավորված ակցիա է անվանել։ Օսական իշխանությունները նաև աուդիոձայնագրություն են տարածել, որը, նրանց կարծիքով, խոսում է այն մասին, որ Վաժա Գապրինդաշվիլին համագործակցում է Վրաստանի հատուկ ծառայությունների հետ։

Հստակ տեղեկություններ այն մասին, թե ինչպես և ինչու է Վաժա Գապրինդաշվիլին Ցխինվալում հայտնվել, մինչև հիմա չկան։

Նոյեմբերի 9-ից հետո Գապրինդաշվիլին գտնվում էր Ցխինվալի մեկուսարանում։ Դեկտեմբերի 20-ին Ցխինվալի դատարանը նրան մեկ տարվա և ինը ամսվա ազատազրկման էր դատապարտել։

Միջազգային հանրությունն ակտիվորեն համագործակցել է վրացական իշխանությունների հետ բժշկին ազատ արձակելու գործում։

Թբիլիսիում մշտապես բողոքի ակցիաներ էին անցկացվում ի աջակցություն Գապրինդաշվիլիի՝ նրա անհապաղ ազատ արձակման պահանջով։ Ակտիվիստների կարծիքով՝ վրացական իշխանությունները բավականաչափ միջոցներ չեն ձեռնարկել բժշկին բանտից ազատ արձակելու համար։