կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-26 12:22
Հասարակություն

Աշոտյանի համար, կարծես, ոչինչ է վարչապետի հայտարարությունը. մանկավարժները կբողոքեն

Աշոտյանի համար, կարծես, ոչինչ է վարչապետի հայտարարությունը. մանկավարժները կբողոքեն

ԿԳ նախարարի ժամանակավոր  պաշտոնակատարի`  պարտադիր կուտակայինի հարցով դիրքորոշման պատճառով տասնյակ մանկավարժներ որոշել են ապրիլի 29-ին` ժամը 16-ին, ԿԳՆ-ի մոտ բողոք-հավաք անցկացնել եւ պահանջել ԿԳ նախարարից ենթարկվել ՀՀ Բարձրագույն դատարանի որոշմանը՝ հնարավորություն տալով գործատուներին իրենց աշխատակիցների կամքին հակառակ պարտադիր կուտակային վճարներ չկատարել


Հիշեցնենք, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ապրիլի 23-ին հանձնարարական էր ուղարկել կրթօջախներին առ այն, որ, նախկին կառավարության դիրքորոշման համաձայն, պարտադիր վճարումները պետք է կատարվեն մինչև սեպտեմբերի 30-ը:

 

«Դեմ եմ պարտադիրին» շարժման անդամ Դավիթ Մանուկյանը Yerkir.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ մանկավարժների բողոքին նպաստեց ԿԳ նախարարի պահվածքը, որը նա որակեց որպես ապօրինի և սանձարձակ:

 

«Վարչապետը մի բան է հայտարարում, ու ոչ թե նախարարը, այլ նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը մեկ այլ բան է հայտարարում` կարծես թե ցույց տալով, որ վարչապետի դիրքորոշումը իր համար ոչինչ է, ու հակառակ դիրքորոշմամբ հանձնարարական է ուղարկում կրթական հաստատաություններին: Իհարկե, դա բողոքի առիթ տվեց»,- ասաց Դավիթ Մանուկյանը` հավելելով, որ բողոքի ակցիան հենց մանկավարժներն են նախաձեռնել, իսկ «Դեմ եմ»-ը, բնականաբար, սատարելու է և նրանց կողքին է լինելու: 

 

Նա հույս հայտնեց, որ բողոքի ակցիայի օրը ներկա կլինեն մանկավարժներ մոտակա մարզերից: Սակայն կարևորը, ըստ Դավիթ Մանուկյանի, այն է, որ բողոքի ձայն են բարձրացնում մանկավարժները, որոնք պետական սեկտորի աշխատողներ են, և նրանց համար իսկապես համարձակ ու լուրջ քայլ է բողոքի ձայն բարձրացնելը:

 

«Դա խիզախություն է, որովհետև գիտեք, թե մեր դպրոցներում ինչ է կատարվում, և որ բողոքի ձայն բարձրացնողները կարող են ինչ-ինչ խնդիրներ ունենալ: Բայց պատկերացրեք` ինչպես է դանակը ոսկորին հասել, որ մանկավարժները խիզախում են և գնում են այդ քայլին: Հետո նրանք էլ հասկանում են, որ եթե բոլորը միասին բողոքեն, բոլորի դեմ դժվար կլինի ինչ-որ քայլեր ձեռնարկել»,- ասաց Մանուկյանը:

 

Ըստ նրա` անգամ կարևոր դեր չի խաղում այն հանգամանքը, որ ԿԳ նախարարը կարող է փոխվել, որովհետև մանկավարժների բողոքը ոչ թե Արմեն Աշոտյան անձի դեմ է, այլ ԿԳ ժամանակավոր պաշտոնակատարի դեմ, ով նման բան է իրեն թույլ տվել:

 

«Հիմա նոր եկող նախարարը թող տեսնի, որ ինքը նման բան չպետք է անի ու նախորդների սխալները թույլ չտա»,- ասաց Դավիթ Մանուկյանը:

 

Նրա խոսքով` հասարակական ցասումն աճում է, ամեն օր Հայաստանի տարբեր մասերում աշխատավորներն իրենց բողոքի ձայնն են բարձրացնում, և «Դեմ եմ»-ի նախազգուշացումները միմիայն խոսքեր չեն: