կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-29 13:00
Հասարակություն

ՀՀԿ-ական տնօրենի արկածները. մանկավարժները ոտքի են ելել

ՀՀԿ-ական տնօրենի արկածները. մանկավարժները ոտքի են ելել

Yerkir.am-ի խմբագրություն են դիմել Արարատի մարզի Նոր կյանք գյուղի դպրոցի  մի խումբ վրդովված աշխատակիցներ՝ հայտնելով, որ դպրոցի ՀՀԿ-ական տնօրեն Արամ Ստեփանյանը, «սվիններն առած», անցել է գործի` վարվում է աշխատակազմի հետ սրտի ուզածի պես:

 

Ըստ դպրոցի աշխատակիցների` ընդամենը մեկ տարվա պաշտոնավարման ընթացքում 30-ամյա տնօրենը քմահաճորեն աշխատանքից հեռացրել է արդեն 6 մարդու, ընդ որում՝ նրանց մի մասին ստիպել է ազատման դիմումներ գրել առանց որեւէ հիմնավորման եւ նախազգուշացման, իսկ այն համարձակները, ովքեր հրաժարվել են աշխատանքից ազատման դիմում գրել, ապօրինաբար հեռացվել են հիվանդության պատճառով անաշխատունակության շրջանում:

 

Դպրոցի աշխատակիցները պատմեցին, որ երիտասարդ տնօրենը աշխատակիցներին սպառնում է իր բարձրաստիճան պաշտոնյա եղբայրներով` հայտարարելով, թե նրանք աշխատում են «օրգանում»: Ի դեպ, ըստ աշխատակիցների, Արամ Ստեփանյանի մայրը` Օֆելյա Մուրադյանը, արդեն երկար տարիներ աշխատում է Արարատի մարզպետարանի կրթության բաժնում: Խմբագրություն դիմած մանկավարժների խոսքով` մարզպետարան ուղարկված դիմում-բողոքները բացառված չէ, որ անհետևանք են մնում նաև հենց նրա մոր միջամտությամբ:

 

Այսքանը բավարար չէ, երբ աշխատակիցները փորձել են տնօրենից պարզաբանում ստանալ իրենց ազատման հիմքերի մասին, նա նրանց սպառնացել է վարչապետով, անգամ թաղային մանր-մունր հեղինակությունների անուններ է հնչեցրել:

 

Շուրջ մեկ տարի սթրեսային պայմաններում աշխատող կոլեկտիվը` թվով 37 մարդ, գրավոր դիմել է ԿԳՆ, անձամբ հանդիպել են նաև մարզպետի հետ: Պետական կառույցներից միակ արձագանքը, որ առայժմ ստացել են, եղել է ԿԳՆ ներկայացուցիչների ժամանումը: Բայց իրավիճակը շարունակում է մնալ անվերահսկելի: