Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ակօս»-ի միջոցով «Մեծ մորս դաջվածքները» ֆիլմի ռեժիսոր Սուզան Խարտալյանը նույնպես նամակ է հղել Թուրքիայի ժողովրդին:
«Տարօրինակ է, թե ինչպես են այն տեղերն ու անունները, որ կյանքումս չեմ տեսել, դրոշմվել մտքիս մեջ: Կարսի, Վանի, Աղթամարի, Մալաթիայի, Մարաշի եւ Ատիյամանի աներևույթ քարտեզները դրոշմված են մարմնիս վրա: Անգիր գիտեմ դրանք: Հավանաբար, հին քարտեզներ են, համենայն դեպս, այսօրվա Թուրքիայում գտնվող վայրերի քարտեզներն են: Հայրենիքից եկած տարօրինակ մանրամասնություններ, ձայներ և բույրեր ինձ են փոխանցվել: Ես գիտեմ Վանա ծովի հրաշալի ձկների մասին, Տիգրանակերտի վիթխարի ձմերուկների մասին և մոտավորապես կարողանում եմ շնչել գետնի բույրը, երբ անձրևում է Սասունում:
Ինչպե՞ս կարող եմ այսքան տեղեկություն ունենալ, երբ ես դրանք անձնապես չեմ ապրել: Պարզապես ես ծնվել եմ` այդ հիշողություններն իմ մեջ ունենալով: Երկրի եւ կորստի մատնված տան հիշողությունը: Հորական կողմից նախահայրերս Մարաշից եւ Ադիյամանից են, իսկ մորական կողմս՝ Մուսալեռից և Պելենից: Չորսն էլ իրենց զավակներին եւ թոռներին սովորեցրել են սիրել ու փայփայել կորուսյալ հայրենիքը: Իմ մեծ հայրը փոքր մանչ էր Մարաշից, մի որբի զավակ, որ կորցրել էր իր ամբողջ ընտանիքը՝ 11 եղբայրներ եւ քույրեր: Նրա հայրը անհայտ կորել էր, իսկ մայրը՝ սառելով մահացել տարագրության ճանապարհին: Մեծ մայրս առևանգվել և բռնաբարվել էր, երբ ընդամենը 12 տարեկան էր: Նա իր ողջ կյանքում երբեք չծիծաղեց, չժպտաց: Նա ինձ երբեք չգրկեց: Նա մի քայլող դիակ էր: Նրա բառերը նրա լռության մեջ էին: Իմ մեծ հոր հայրը դատախազ էր, որ դատարանում մահապատժի ենթարկվեց իր օգնականի հետ: Իմ մեծ հայրերից խլվեցին կյանքի իրավունքը, արժանապատիվ ուսման իրավունքը, ուրախության եւ բնականոն կյանքի առիթը:
Ես մեծացա՝ մի մեծ բեռ ուսերիս շալակած: Ծնողներս եւ մեծ հայրերս մեկ խնդրանք ունեին` չմոռանալ: Երբեք չմոռանալ անապատի ավազների մեջ կորած սիրելիների հիշատակը, մահվան դաշտերի մեջ կորած մարդկանց հիշատակը:
Այսօր ես հասկանում եմ, թե ինչ է նշանակում` ընտանեկան գերեզման չունենալ: Գերեզմանն այն տեղն է, ուր տեսնում ես ինքդ քեզ, ներկադ, անցյալդ եւ ապագադ: Ինձնից խլվածը այս շարունակականությունն է, պատկանելիության զգացումը: Այսօր ես երկրագնդում փնտրում եմ ինձ սնուցող արմատներ՝ մեր մտքերն ու հոգիները սնուցող արմատներ: Հուսով եմ՝ թուրք ժողովուրդը կկարողանա հասկանալ այս ամենը: 1915-ի պատճառած ցավը չի անհետացել, ընդհակառակը՝ այն դարձել է տևական եւ խրոնիկ: Միակ բուժումը արդարությունն է: Օգնեք մեզ, որ վերադառնանք: Վերադառնանք և գտնենք մեր մհացածներին եւ նրանց հարգալից ձևով թաղենք: Թույլ տվեք, որ գտնենք հավաքական գերեզմանները եւ դրանք հարգանքի հուշակոթողների վերածենք:
Մենք ուզում ենք տուն վերադառնալ:
Ես ուզում եմ տուն վերադառնալ»:
Թարգմանությունը՝ Արազ Գայմագամյանի