կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-23 12:29
Քաղաքական

Մանդատից հրաժարվելու որոշումը Սիմոնյանինն է. Փաշինյանի հետ չի խորհրդակցել

Մանդատից հրաժարվելու որոշումը Սիմոնյանինն է. Փաշինյանի հետ չի  խորհրդակցել

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը, ով երեկ էր վերցրել պատգամավորական մանդատը և խորհրդարանում երդվել, արդեն երեկոյան ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել էր, որ  իր պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին դիմում է գրել ԱԺ ղեկավարությանը, քանի որ պետք է ընտրություն կատարեր պատգամավորական մանդատի և Երևանի ավագանու անդամի մանդատի միջև: Այդ մասին մեկ այլ դիմում նա ներկայացրել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Սիմոնյանն ասաց, որ ճիշտ է համարում Հանրապետականի անօրինականությունների դեմ պայքարը շարունակել Երևանի ավագանիում։ «Այս քաղաքական իրավիճակում ճիշտ եմ համարում դեռ պայքարել ավագանու մանդատը պահելու համար»,- հայտնեց նա:

Իսկ թե կոնկրետ ի՞նչ անօրինականությունների դեմ է պայքարելու, Սիմոնյանը նշեց. «Երևանում, իմ ունեցած տեղեկություններով, շատ արագ տեմպերով մարդիկ փորձում են վերջացնել այն բոլոր «գործերը», որոնք չեն հասցրել վերջացնել։ Այդ դամոկլյան սուրը պահելով, պայքարելով՝ ես կպայքարեմ այդ գործողությունների դեմ։ Եթե քաղաքացիները շրջափակեն քաղաքապետարանը, ինչպես մի քանի օր առաջ, ես կկարողանամ ներս գործել, իմ ավագանի լինելու բերումով՝ մարդկանց ներս հրավիրել ու թույլ չտալ, որ ոչ համազգեստով մարդիկ նրանց հրեն և այլն»։

Նա միևնույն ժամանակ հայտարարեց, որ մանդատից հրաժարվելու որոշումն իրենն է եղել, որևէ մեկի հետ քննարկում չի եղել: «Իմ քայլը որևիցե մեկի հետ, բացի իրավաբաններից, չեմ քննարկել։ Արել եմ ինքնուրույն»,- ասաց նա` վստահեցնելով, որ Փաշինյանի հետ ևս չի խորհրդակցել, պարզապես տեղեկացրել է, որ որոշել է վայր դնել մանդատը։

Սիմոնյանը նաև չբացառեց, որ 7 օրվա ընթացքում կարող է հետ վերցնել մանդատից հրաժարվելու մասին դիմումը: «Ամեն ինչ կարող է տեղի ունենալ, որովհետև ես տեղեկություն ունեմ, որ, անկախ նրանից, որ ես նշված ժամկետի սահմաններում դիմել եմ, բայց քաղաքապետը որոշում է կայացրել արձանագրություն կազմել և ուղարկել ԿԸՀ առ այն, որ ինքը զրկում է ինձ ավագանու մանդատից»,- ասաց նա։

Հարցին` եթե հնարավոր լինի հասնել Տարոն Մարգարյանի հրաժարականին, իրեն քաղաքապետի պաշտոնում տեսնո՞ւմ է, Սիմոնյանը պատասխանեց. «եթե Տարոն Մարգարյանի հրաժարականին հնարավոր լինի հասնել, ես դրա մասին կմտածեմ»: