Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Վերածնունդ» միջազգային փառատոնի բացման արարողությունից առաջ լրագրողներին տված հարցազրույցում «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանը, ի պատասխան հարցի, թե ինչպես է գնահատում նախագահ եղբոր` Սերժ Սարգսյանի գործունեությունը, պատասխանել է. «Ես պետական բարձրաստիճան պաշտոնյա եմ, ես նախագահի գործունեությանը գնահատական տալու իրավունք չունեմ»:
Զարմանալի է, թե այդ ի՞նչ օրենսդրական կամ բարոյական նորմեր են արգելում որևէ պաշտոնյայի` գնահատական հնչեցնելու իրենցից բարձր պաշտոնյաների գործունեության մասին: Այդ դեպքում ինչպե՞ս են, սազն առած, իրենց նախագահին օրնիբուն գովում, օրինակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կամ Հերմինե Նաղդալյանը: Նրանք պետական բարձրաստիճան պաշտոնյաներ չե՞ն, թե՞ գովաբանել-գովերգելը գնահատական չէ:
Բայց ամենահետաքրքիրն այն է, որ նախագահի եղբայրը, այդքան «խոնարհ» գտնվելով իրենից բարձր պաշտոնյաների գործունեությունը գնահատելու հարցում, նույնքան խոնարհ չէ սեփական անձի հանդեպ, քանզի իրեն, ոչ ավելի, ոչ պակաս, հռչակում է «պետական բարձրաստիճան պաշտոնյա», այն դեպքում, երբ ընդամենը Երևանի պետհամալսարանի աստվածաբանության ֆակուլտետի ամբիոններից մեկի վարիչն է: Այդ երբվանի՞ց ամբիոնի վարիչությունը (ի դեպ, ընտրովի) համարվում է պետական, այն էլ` բարձր պաշտոն: Իսկ եթե Լ. Սարգսյանը նկատի ունի իր մյուս` «Փյունիկ» բարեգործական հիմանդրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը, ապա դա առավելապես հասարակական պաշտոն է, հետևաբար` ո'չ պետական, ո'չ էլ բարձր:
Մնում է միակ բանական բացատրությունը` պետական բարձրաստիճան պաշտոնյան գուցե ոչ թե ուղղակի իմաստով բարձր պաշտոն է, այլ… ինքնազգացողությո՞ւն: Նախագահի եղբայր լինելու պարագայում դա հասկանալի ինքնազգացողություն է: Հատկապես մեզ մոտ` Հայաստանում:
Բ. Գասպարյան