Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Մատենադարանի մոտ «Դեմ եմ պարտադիրին» շարժման հրավիրած հանրահավաքի ժամանակ շարժման մասնակից Դավիթ Մանուկյանը իր բողոքը հայտնեց կառավարության այն անդամներին, որոնք իրենց հայտարարություններով ճնշում են գործադրում քաղաքացիների վրա, և նրանցից մեկն էլ արդարադատության երիտասարդ փոխնարարարն էր, որի հայտարարությունը իրականում կառավարության դիրքորոշումն էր:
Փաստորեն, Դավիթ Մանուկյանի խոսքով, ժողովրդի դիրքորոշումը տարբերվում է կառավարության դիրքորոշումից, բայց քաղաքացիները հաստատակամ են ոչ թե խնդրելու, այլ ստիպելու` ենթարկվել օրենքին:
«Ցանկացած կառառավարության դիրքորոշում եթե չի համընկնում ժողովրդի դիրքորոշման հետ, ուրեմն այդ կառավարության դիրքորոշումը առոչինչ է»,- ասաց Դավիթ Մանուկյանը` հավելելով, որ այսօրվա հանրահավաքը ավելի շատ փորձնական հանդիպում է, որ միմյանց հետ համաձայնության գան` հետագա անելիքների հետ կապված:
Շարժման մասնակիցներից Կարեն Հովհաննիսյանն էլ հայտարարեց, որ չեն եկել ճառ կարդալու, այլ եկել են բարձրաձայնելու իրենց հստակ պահանջների մասին, պահանջ, որն անհապաղ լուծում է պահանջում: Եվ այդ հստակ պահանջն է, որ ՊԵԿ-ը իր հաշվետվություններից հանի «պարտադիր» դաշտը, դադարեցնի անհիմն պահումները, վերադրաձնի անհիմն ձևով մինչ այժմ կատարված պահումները:
«Եթե իշխանությունները չեն կարողանում լուծում տալ այս հարցին, ապա մենք` ժողովուրդս, պարտավորվում ենք շարունակել մեր պայքարը այնքան ժամանակ, մինչև այս հարցին լուծում տրվի` ի նպաստ պետության և ի շահ ժողովրդի: Շտապեք, պետական այրեր, ժողովրդի կամքն օրենք է: Մի պահ դուրս եկեք ձեր աշխատասենյակներից ու մտեք իրականություն ու գործեք ի նպաստ ձեր ժողովրդի»,- ասաց նա` հավելելով, որ իշխանությունները քաղաքացիներին պարտադրում են կա'մ պարտադիր կուտակայինը, կա'մ արտագաղթը, սակայն «Դեմ եմ» շարժումն ընտրել է երրորդ տարբերակը` պայքարը: