կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-08 16:44
Հասարակություն

Պետական գանձարանում մոտ 1.5 միլիարդ դրամի գանձեր ունենք

Պետական գանձարանում մոտ  1.5 միլիարդ դրամի գանձեր ունենք

Կառավարության` ապրիլի 10-ի նիստում ֆինանսների  նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը կներկայացնի  թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների 2013թ. համալրման և ծախսման վերաբերյալ հաշվետվություն:

 

Ըստ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված որոշման նախագծի նյութերի' գանձարանի կողմից 2013թ. ընթացքում սահմանված կարգով կատարվել է թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ընդունման 7 գործարք, որոնց արդյունքում պետական պահուստները համալրվել են' 2609 հատ' 7674,26 գրամ ընդհանուր քաշով ոսկյա իրերով, 107 հատ' 3948,84 գրամ ընդհանուր քաշով արծաթյա իրերով, 1344.78 գրամ մետաղական արծաթով, 2619.31 գրամ պլատինով, 23.79 գրամ պալադիումով և 4.32 գրամ օսմիումի օքսիդով: 

 

Գործակալությունը գնահատել է Պետական գանձարանում գտնվող թանկարժեք մետաղները' տվյալ պահին միջազգային շուկայում գործող գներին համապատասխան: Ըստ այդմ' պետական գանձարանում գնտվող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաև դրանցից պատրաստված իրերի արժեքը 01.01.2014թ. դրությամբ կազմել է 1 միլիարդ 450 միլիոն 528 հազար 500 դրամ: Հաշվարկի համար հիմք է ընդունվել 06.01.2014-12.01.2014թթ. Պետական գանձարանի կողմից սահմանված պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորի համար մեկ գրամ քիմիապես մաքուր թանկարժեք մետաղների բացթողնման գները:

 

Պետական գանձարանում գտնվող թանկարժեք մետաղների գները 01.01.2014թ. դրությամբ կազմել են' ոսկի' 224.6 մլն դրամ, արծաթ' 5 մլն դրամ, պլատին' 49.7 մլն դրամ:

 

Պետական գանձարանի կողմից հաշվառվել են Հայաստանի Հանրապետության թանգարաններում առկա ազգային պահուստի հետևյալ արժեքները' ոսկի 63,9 կգ, արծաթ 1468,4 կգ, պլատին 0,5 կգ և պալադիում 0.03 գրամ, իրեր' այլ թանկարժեք մետաղների համաձուլվածքից 178,7կգ:

 

Պետական մարմինների, պետական հիմնարկների, ՊՈԱԿ-ների  և 100 տոկոս պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց հաշվեկշիռներում առկա պետական պահուստի հաշվառումից էլ ստացվել է, որ ունենք հետևյալ արժեքները' ոսկի 1,2 կգ,  արծաթ 17,5 կգ, , պլատին 64,9 կգ, պալադիում 0,3 կգ, իրիդիում 10,9 կգ, ռոդիում 0,2 կգ, օսմիում 2.2 գրամ:

 

Հաշվառվել են նաև սարքավորումների մեջ թանկարժեք մետաղները' ոսկի 4,4 կգ, արծաթ 479,0 կգ, պլատին 3,5 կգ, պալադիում 9,2 կգ, ռոդիում 0,1 կգ, թանկարժեք մետաղների համաձուլվածք 1,2 կգ, իրիդիում 0.03 գրամ:

 

Եվս 1,8 կգ ոսկի և  52,5 կգ արծաթ էլ ստացվել է պետական հիմնարկների հաշվեկշիռներում հաշվառված մեդալների հաշվառման արդյունքում: