կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-29 17:00
Տնտեսական

Ֆինանսների նախարարը հայտնեց, թե ինչ ''գանձեր'' կան պետական գանձարանում

Ֆինանսների նախարարը հայտնեց, թե ինչ ''գանձեր'' կան պետական գանձարանում

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը «գուշակել» է, որ այսօրվա ասուլիսին լրագրողներն իրեն կհարցնեն պետական գանձարանում առկա թանկարժեք մետաղների ու քարերի, ինչպես նաեւ դրանց վաճառքի վերաբերյալ որոշումների կայացման մեխանիզմների մասին, ուստի ասուլիսի էր եկել պատրաստված' իր հետ բերելով պետական գանձարանում առկա միջոցների մասին տվյալներ:

 

«Կանցնի 3-4 ամիս, եւ դուք կհանեք հաշվետվությունն ու կտեսնեք` ոսկին վաճառվե՞լ է, թե՞ ոչ: Ես ձեզ վստահեցնում եմ, որ չի վաճառվելու, որովհետեւ նման որոշում չկա: Ես, քանի որ կանխատեսում էի, որ ինձ կտաք այդ հարցը, ուստի խնդրել եմ ու ինձ տրամադրել են տեղեկանք, թե ինչ կա-չկա մեր պետական գանձարանում»,- հայտարարեց Դավիթ Սարգսյանը:

 

Ըստ այդ տեղեկանքի` մեր գանձարանում այս պահին կա 89 կիլոգրամ 392 գրամ ոսկի: Այս ոսկուց մետաղական` բանկային ստանդարտացված ձուլակտորոերով, միայն 14 կիլոգրամ 288 գրամն է, այսինքն' 1 ձուլակտոր: Մնացած 75 կիլոգրամ 103 գրամը, այսպես կոչված, ոսկու ջարդոն է:

 

«Ինչպես է ոսկու ջարդոնը' զարդեր` տարբեր տեսակի հնամաշ, նոր, ջարդած, ճմրթված, հայտնվում պետական գանձարանում: Երբ այս կամ այն քրեական գործով կամ մաքսանենգության առիթով ինչ-որ գործ է քննվում, բացահայտվում, բռնագանձվում են տարբեր տեսակի իրեր' թանկարժեք կամ կիսաթանկարժեք իրեր, ոսկի եւ այլն, ու այդ բոլորը դատարանի համապատասխան որոշումից հետո, երբ դատարանի վճիռ է կայացվում' բռնագանձման, մուտք է արվում պետական գանձարան: Եվ այս 75 կիլոգրամ 103 գրամը, որ ես նշեցի, դա այդ գործառույթի արդյունքում բռնագանձված ու գանձարան հանձնված իրերն են»,- տեղեկացրեց Դավիթ Սարգսյանը:

 

Որպեսզի հասկանալի լինի' դա շատ է, թե` քիչ, ֆինանսների նախարարը նշեց այդ «գանձերի» գնահատականները: Ըստ այդմ' շուկայական արժեքով գանձարանում եղած ամբողջ «գանձը» գնահատված է մոտ 1 միլիարդ 860 միլիոն դրամ: Սրանից 1 միլիարդ 240 միլիոնն այդ ջարդոնն է: Մնացած շուրջ 400 միլիոնից 325 միլիոն դրամը ստանդարտացված ձուլակտորի արժեքն է, իսկ մնացածը` այլ մետաղների ու իրերի: Օրինակ, նշեց Դավիթ Սարգսյանը, 3036 հատ արհեստական քար կա գանձարանում, 102 կգ աճեցված մարգարիտ եւ այլ նմանատիպ մետաղներ ու իրեր:

 

«Բայց աճեցված մարգարիտը, գիտեք, աճեցված մարգարիտ է. Դրա գինը շատ թանկ չէ, ընդամենը 6 միլիոն 208 հազար դրամ է, այսինքն' հնչում է լավ, բայց ընդամենը այդքան է»,- նշեց Դավիթ Սարգսյանը:

 

Լրագրողների շարքից կատակով առաջարկություն եղավ` դա նվիրել ինչ-որ մեկին, ինչին Դավիթ Սարգսյանը, նույնպես կատակով, արձագանքեց. «Չէ', ինչի՞ նվիրենք, մերն ա»...

 

Որեւէ տեղ, հավաստիացրեց Դավիթ Սարգսյանը, այս մետաղներն ու իրերը չեն գնացել ու չեն գնալու: Իսկ միայն գործառույթը, որ, ամենայն հավանականությամբ, ջարդոնի հետ կիրականացվի, այն ձուլելն ու ստանդարտացված ձուլակտորների վերածելն է: