կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-07 15:36
Հասարակություն

«Դեմ եմ»-ը պահանջում է ՊԵԿ-ից` շուտափույթ փոխել էլեկտրոնային հաշվետվությունների ձևը

«Դեմ եմ»-ը պահանջում է ՊԵԿ-ից` շուտափույթ փոխել էլեկտրոնային հաշվետվությունների ձևը

«Դեմ եմ պարտադիրին» շարժման անդամ Դավիթ Մանուկյանի համոզմամբ` ՍԴ որոշումից հետո ստեղծվել է մի իրավիճակ, երբ տրված է կուտակային կենսաթոշակային օրենքի իրավական գնահատականը, բայց այդ գնահատականը կյանքի կոչելու համար դեռևս պետք է պայքարել, և այդ պայքարի առաջին քայլերից մեկը դիմումների լրացման գործընթացն է: Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ, ՍԴ որոշման համաձայն, առանց անձի ազատ կամաարտահայտության, ոչ ոք իրավունք չունի նրանից ստիպողաբար գանձել պարտադիր վճարներ, եթե մարդը գրավոր ձևով իր կամքը չի հայտնել այդ համակարգին մասնակցելու մասին:

 

«Մենք, քանի որ գիտենք, թե ինչ երկրում ենք ապրում, մեկ քայլ ավել ենք արել, և գրավոր հայտնում ենք, որ չենք մասնակցում այդ համակարգին և թույլ չենք տալիս մեր փոխարեն ֆոնդ ընտրել կամ վճարներ փոխանցել»,- ասաց Դավիթ Մանուկյանը` հավելելով, որ դիմումները ուղարկվելու են երկու ուղղությամբ:

 

Մի ուղղությունն այն է, երբ քաղաքացիները պետական մարմիններին` Կենտրոնական դեպոզիտարիա, ֆինանսների նախարարություն և ԿԲ են ուղարկում դիմումները: Այդ դիմումներում հղում է կատարվում ՍԴ որոշման 6-րդ կետին, որ քաղաքացին թույլ չի տալիս իր փոխարեն ֆոնդ ընտրել ու պարտադիր վճարներ գանձել:

 

Դիմումների երկրորդ ուղղությունը արդեն առանձին ձևանմուշով գործատուների հետ է կապված, որպեսզի գործատուները պահանջեն ՊԵԿ-ից ու ֆինանսների նախարարությունից` փոխել  ներկայացվող էլեկտրոնային հաշվետվությունների ձևը: «Իրականում էլեկտրոնային հաշվետվությունների ձևը պետք է փոխվեր դեռ ՍԴ առաջին աշխատակարգային որոշումից հետո»,- ասաց Դավիթ Մանուկյանը: Ըստ նրա` դիմումների գործընթացը քայլերից միայն մեկն է, և այդ դիմումով է, որ քաղաքացին հետագայում կարող է դիմել վարչական դատարան և դատի տալ թե' ՊԵԿ-ին, եթե նա չփոխի հաշվետվությունների ձևը, թե' իր գործատուին, եթե վերջինս, հակառակ իր կամքին, պահումներ անի:

 

Դավիթ Մանուկյանը հավելեց, որ ոչ ոք չի ցանկանում, որ լարվեն աշխատող-գործատու հարաբերությունները և տեղափոխվեն դատական դաշտ, և որ հիմնական բողոքը պետական մարմինների դեմ է ուղղված:

 

Ապրիլի 9-ին «Դեմ եմ պարտադիրին» շարժումը իրականացնում է բողոքի ակցիա ՊԵԿ-ի շենքի առջեւ, որպեսզի ՊԵԿ-ը շուտափույթ ձևով փոխի հաշվետվությունների ձևը, որովհետև, ըստ Դավիթ Մանուկյանի, ՊԵԿ-ը պարտավոր է փոխել այդ հաշվետվությունների ձևը` ապահովելով ՍԴ որոշման պահանջները: