Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը հարցազրույց է տվել ուկրաինական Сегодня պարբերականին, որում պարզաբանել է՝ ինչով է պայմանավորված եղել Հայաստանի քվեարկությունը ՄԱԿ-ում: Նա նշել է, որ Հայաստանը դեմ է քվեարկել Ղրիմի հանրաքվեի անօրինականության վերաբերյալ բանաձևին՝ առաջնորդվելով իր ազգային շահերով և արտաքին քաղաքականությամբ:
«Հայաստանը միշտ կողմ է քվեարկել ազգերի ինքնորոշմանը։ Մենք ԼՂ հիմնահարց ունենք: Այնտեղ 1991-ին հանրաքվե է տեղի ունեցել անկախության հարցով։ Ցանկանում եմ հատուկ նշել, որ հանրաքվեն անցկացվել է նախկին ԽՍՀՄ Սահմանադրությանը համապատասխան: Այդ ժամանակ անկախության օգտին քվեարկել էր ընտրողների 99%-ը։ Սակայն արդեն 23 տարի է՝ Հայաստանն աշխարհին ապացուցում է որոշման օրինականությունը, քանի որ ազգերի ինքնորոշման իրավունքը ՄԱԿ-ի կանոնադրությամբ ոչ միայն միջազգային իրավունքի սկզբունք է, այլ նպատակ»,- ասել է դեսպանը։
«Մենք մեր ընտրությամբ չենք դավաճանել Ուկրաինային: Ուկրաինան մեկ անգամ չէ, որ Լեռնային Ղարաբաղի հարցով քվեարկել է ադրբեջանական դիրքորոշման օգտին։ Իսկ մենք անգամ բողոքի նոտա չենք հղել Ուկրաինայի ԱԳՆ-ին»,- նշել է նա:
Հարցին՝ հնարավոր է, որ Հայաստանի դիրքորոշման վրա ազդել են Կրեմլի ճնշումները, դեսպանը պատասխանել է. «Պետք չէ կապել այդ հարցը ՌԴ-ի հետ: Մենք չենք թաքցնում, որ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, այո, մենք պատրաստվում ենք շարունակել նրա հետ սերտ համագործակցությունը, անդամակցել ՄՄ-ին, սակայն մեր քվեարկությունը կապված է մեր՝ ազգերի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ ունեցած դիրքորոշման հետ»:
Հարցին՝ այդ քվեարկությունն արդյո՞ք ազդել է հայերի և ուկրաինացիների հարաբերությունների վատացման վրա, դեսպանը պատասխանել է, որ, իր կարծիքով, որևէ խնդիր չի ստեղծվել։
Ինչ վերաբերում է Ուկրաինայի նոր իշխանությունների հետ հարաբերություններին, դեսպանն ասել է, որ երկկողմ հարաբերությունների հարցերը մշտապես քննարկվում են Ուկրաինայի ԱԳՆ-ի հետ: «Աշխատում ենք պահպանել ավանդական բարեկամական հարաբերությունները»,- ընդգծել է նա: