կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-01 13:19
Հասարակություն

«32 ատամ»-ի Վահագնը` տրանսվեստիտ Կոնչիտայի, «ֆեյք»-երի և կենսաթոշակային նոր համակարգի մասին

«32 ատամ»-ի Վահագնը` տրանսվեստիտ Կոնչիտայի, «ֆեյք»-երի և կենսաթոշակային նոր համակարգի մասին

«Կա հումոր, որ խնդացնելու համար են անում: Խնդացնելու համար կարող ես ամեն ինչ անել, նույնիսկ շալվարդ իջեցնել: Բայց կա հումոր, որ չի ծիծաղեցնում, բայց սուր է, մնում է մարդու մեջ: … Հումորը պետք է լինի չափի մեջ, եթե չափն անցնում են, էլ ի՞նչ գեղեցիկ»,- այսօր լրագրողներին ասաց «32 ատամ» հումորային նախագծի համահիմնադիր Վահագն Գրիգորյանը:

 

Ըստ նրա` պետք է մինչ հեռուստատեսությամբ եթեր տալը հասկանաս, թե արդյո՞ք այդ հաղորդումը կարող ես ընտանիքիդ հետ դիտել: Նա ասաց, որ այսօր  մեկ-երկու հաղորդում կա, որոնք էթիկան խախտում են: Սակայն ո՞ր հաղորդումների մասին է խոսքը, չցանկացավ ասել:

 

Վահագնը խոստովանեց, որ երբ նոր էին սկսել ակումբային հումորի ժանրում աշխատել, իրենք էլ բացթողումներ արել են, երիտասարդ են եղել ու որոշ նրբություններ հաշվի չեն առել:

 

Խոսելով քաղաքական հումորի մասին` նա ասաց, որ այս ոլորտում «չի կարելի»-ների շարք կա: Այս դեպքում հաշվի է առնվում այն, որ նորաստեղծ հանրապետությունում ամեն քայլը բավականին դժվար է առաջ գնում, և որոշ դեպքերում կարող ես նույնիսկ վնասել: Մյուս կողմից `մարդիկ այլ կերպ են ընդունում հումորը: Վահագնի խոսքով` մեկի մասին հումոր անելն ընկալվում է հաճախ «կպնել», «վրով անցնել»:

 

Վահագնին հարց տրվեց նաև կուտակային կենսաթոշակային նոր համակարգի մասին: Նա նախ ասաց, որ լավ չի պատկերացնում, թե ինչ է դա` նոր է, միգուցե լավը լինի, միգուցե` ոչ: Yerkir.am-ի հարցին` արդյո՞ք չի ուզում խոսել մարդկանց հետ, հասկանալ, թե ինչ է այդ համակարգը, և վերջապես, արդյո՞ք իր գրպանին չի հասել նոր համակարգը, նա պատասխանեց. «Չէ, ես եմ իմ աշխատավարձը նշանակում, հետո ես եմ գնում այն ստանում…»:

 

Անդրադարձ եղավ նաև այս տարի «Եվրատեսիլ» մրցույթի մասնակից` տրանսվեստիտ Կոնչիտա Վուրստին: Վահագնը ասաց, որ հետևում է նրան, հիմա պետք է սպասել նրա ելույթին. «Տեսնենք ինչ է ասելու, անելու: Դեռ անոնսն է»:

 

Ինչ վերաբերում է վերջին շրջանում քննարկվող` սոցցանցերում կեղծ օգտատերերի` «ֆեյքերի» գրառումները լրատվամիջոցներում հրապարակելուն վերաբերող օրինագծին, Վահագնը հստակ ոչինչ չասաց. «Մարդը գործից տուն է գալիս, փաբուջները հագնում, թեյը վերցնում, նստում կոմպի մոտ ու գրում` եկեք, գնանք, կռվենք, պաշտպանենք: Ու դա վերցնում են»: