կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-27 17:11
Հասարակություն

Չուղարկված մեսիջներ

Չուղարկված մեսիջներ

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, որ Սիրիա մեկնած ԱԺ պատգամավորների թվում է, ֆեյսբուքյան իր էջում առավոտյան գրառում է արել. «Արդեն Դամասկոսում ենք: Քիչ անց կհանդիպենք Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին՝ քննարկելու սիրիահայության խնդիրները և Քեսապի ապագան»:

 

Անշուշտ, բոլորս ենք ուրախ, որ մեր խորհրդարանի անդամները Սիրիա կատարած իրենց այցի ընթացքում «բաշարել» են նաև Բաշար Ասադին հետ հանդիպել: Դա միանգամայն գովելի է և, բնավ, ոչ քննադատելի: Սակայն Ֆարմանյանի գրառումը մեկ-երկու հարցերի պատասխան ստանալու անհրաժեշտություն է առաջացնում: Եթե այդքան դյուրին էր հենց միայն Սիրիայում հայտնվելու փաստով հյուրընկալվել այդ երկրի նախագահին, ապա ինչո՞ւ դա չէին ձեռնարկում և իրականացնում պետական մակարդակով: Ինչո՞ւ պիտի մեր խորհրդարանականները Սիրիա մեկնեին նախաձեռնողական կարգով, ինչպես հայտարարվեց, այլ ոչ թե պաշտոնական: Ո՞ւմ և ի՞նչն էր խանգարում` Սիրիա մեկնած պատգամավորական խմբին «պետական» կարգավիճակ տալ և այդ կարգավիճակով Ասադի հետ հանդիպել, ինչը մերոնց այցն, անշուշտ, կդարձներ ավելի ծանրակշիռ:

 

Մյուս հարցը, որ թերևս ավելի կարևոր է: Սիրիայում մեր ավանդական կուսակցություններն այսօր էլ ակտիվ գործունեություն են ծավալում, հետևաբար, եթե նախօրոք մտադրություն կամ ծրագիր կար` հանդիպել Սիրիայի նախագահի հետ (չի կարող պատահել, որ հանդիպման գաղափարը ծագել է այցի ընթացքում և նախապես պլանավորված չի եղել), ինչո՞ւ չեն տեղեկացվել և պատգամավորների խմբի կազմում չի ընդգրկվել դաշնակցական մեկ կամ երկու պատգամավոր: Հատկապես Դաշնակցության ներկայացուցիչների առկայությունն այդ խմբում նաև յուրօրինակ մեսիջ կլիներ Քեսաբի հայաթափումը նախաձեռնած ու իրականացրած Թուրքիայի իշխանություններին: Եվ դա մի պարզ պատճառով` Թուրքիան լավ գիտի Դաշնակցությանը և միանգամայն ծանոթ է նրա ներուժին՝ բոլոր առումներով, մինչդեռ խիստ կասկածելի է, որ հիմնականում մի քանի ՀՀԿ-ական երիտասարդներից կազմված խումբը կարող է «հետաքրքիր» լինել Թուրքիայի համար:

 

Կրկնում ենք` այդ կազմում դաշնակցական/ներ/ի գոյությունն իսկ Թուրքիային կհետաքրքրեր, անկասկած, և պատգամավորների այցելությամբ ակնկալվող մեսիջը մեր հարևան երկրում արդեն «ընթերցած» կլինեին: Իսկ այս կազմը քաղաքական տեսանկյունից գրեթե ոչինչ չասող կազմ է: Եթե նույնիսկ նրան ընդունում է Սիրիայի նախագահը:

 

Լ. Սարգսյան