Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԱԺ նիստում, երբ քննարվում էր «Կրթության մասին» օրենքը, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նախ կոչ արեց բոլոր պատգամավորներին` խոսել ճիշտ հայերենով: Նա, մասնավորապես, նշեց, որ պատգամավորների բառապաշարում հաճախ են գործածվում ոչ ճիշտ հայերեն բառեր:
Ըստ Արամ Մանուկյանի՝ «գտնում եմ» արտահայտություն չկա հայերենում, փոխարենը պետք է ասել «կարծում եմ»: «Ըստ ինձ», «նամանավանդ» բառերի փոխարեն նա հորդորեց օգտագործել «ըստ իս», «մանավանդ»: Պատգամավորը դիտողություն արեց նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, որ պետք է ասել ոչ թե «գրանցվել են 108 պատգամավորներ» , այլ «գրանցվել է 108 պատգամավոր»:
Արամ Մանուկյանը նշեց, որ մաքուր հայերենով խոսում են Պարույր Հայրիկյանը, Խաչիկ Սաֆարյանը, Վալերի Միրզոյանը, իսկ մաքուր հայերենով խոսելու ռեկորդը պատկանում է Լևոն Տեր-Պետրոսյանին, ով ունի հարուստ բառապաշար:
«Հայոց լեզվի անաղարտությունը մեր երկրի պետական անվտանգության կարևոր բաղկացուցիչն է: Սակայն, անդրադառնալով քննարկվող օրենքին, Արամ Մանուկյանն արտաբերեց «7000 աշակերտներ» արտահայտությունը: Պարո'ն Մանուկյան, «7000 աշակերտներ» չէ, 7000 աշակերտ, ճիշտ խոսեք»,- նրան նկատողություն արեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն էլ իր ելույթում նշեց, որ մամուլի, մասնավորապես, կայքերի վիճակը լեզվի առումով խայտառակություն է համարում: Նա ասաց, որ չի ուզում կայքերի անուններ այժմ թվարկել, որպեսզի ԱԺ նիստին հետևող աշակերտները չգայթակղվեն և չհետևեն այդ կայքերին: «Ինձ էլ դուր չի գալիս այն բառամթերքը, որով ելույթ են ունենում որոշ պատգամավորներ: Այստեղ նստած` կարող է հանգիստ ժպտաք, բայց գնաք տուն, ֆեյքերով` կեղծ կայքերով, ինչ ասես գրեք, չափավոր եղեք ձեր բառերի մեջ»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ խոսքն ուղղելով, բնականաբար, ընդդիմադիր պատգամավորներին:
«Խնդրում եմ` օրենքի մասին խոսեք, պարո'ն Աշոտյան»,- նկատողություն արեց Հովիկ Աբրահամյանը: