Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայտնել էինք, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող փայտյա պահակակետում հրդեհ է բռնկվել:
Yerkir.am-ը հրդեհի հնարավոր միտումների ու պատճառի մասին պարզաբանում խնդրեց «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանից: Նա նշեց, որ այրված կառույցը երբևիցե պահակակետ չի եղել: «Դա 70-80-ական թվականներից լքված ինչ-որ շինություն է` քարե և փայտե պատերով: Այդ ժամանակներից Նորատուսի անտառտնտեսությունից մնացած պետական սեփականություն է, ազգային պարկինն էլ չէ: Ապամոնտաժման ենթակա շինություն է, որը չի շահագործվում»,- հայտնեց Գուլանյանը:
Նա շեշտեց, որ ազգային պարկն այդտեղ ունի մեկ հենակետ, որը բավականին մեծ և քարե շինություն է:
Ինչ վերաբերում է հրդեհի պատճառներին, ապա Գուլանյանը նշեց, որ բազմաթիվ վարկածներ են շրջանառվում, սակայն միտումնավոր հրդեհելու տարբերակը նա բացառեց: «Չեմ կարծում, որ միտում լինի, քանի որ անպետք շինություն է, և միտումնավոր հրդեհելու իմաստ էլ չկար»,- ասաց ազգային պարկի տնօրենը:
Նա բացատրեց` երբ տեսուչները ծուխ են նկատել, կարծել են` անտառն է այրվում, և միանգամից հրշեջ ծառայությանն են դիմել:
«Դիլիջան» ազգային պարկի և այս դեպքի միջև Գուլանյանը կապ չի տեսնում: «Դա ուրիշ պատմություն է: Սա այդ դեպքը չէ: Դիլիջանում հենակետը նոր էինք ավարտել, նոր էր հանձնվել շահագործման: Դիլիջանում գիտենք` ինչ խնդիր է: Դա փայտանյութի հետ էր կապված: Այնտեղ հենց նպատակային արգելափակոցն ու այդ հենակետն էին վերացրել, բայց սա այդ դեպքը չէ»,- ասաց նա:
Նշենք, որ դեպքի կապակցությամբ Գեղարքունիքի մարզային պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունում նյութեր են նախապատրաստվում: