Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հենակետ» վերլուծական կենտրոնը համառոտ տեղեկություններ է ներկայացրել ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին։
Ադրբեջանի հետ կապված պաշտոնական հայտարարություներ
Արցախյան վերջին պատերազմում զոհված ադրբեջանցի զինծառայողների ընտանիքների հետ հանդիպմանը Ալիևը հայտարարել է, թե իրենք պատրաստ են խաղաղության պայմանագիր ստորագրել, բայց Հայաստանի կողմից ոչ մի պաշտոնական արձագանք չկա։ Նա շեշտել է, որ Ադրբեջանը միակողմանի կերպով լուծել է ԼՂ հակամարտությունը և պետք է ամեն պահի պատրաստ լինի պատերազմի։
Ադրբեջանի նախագահը հիշեցրել է իր հրամանով ստեղծված «Արևելյան Զանգեզուրի տնտեսական գոտու մասին`հայտարարելով, որ Արևելյան Զանգեզուրն իրենց պատմական հողն է, Արևմտյան Զանգեզուրը՝ ևս»: Ալիևը հայտարարել է, որ «ամբողջ Զանգեզուրը, Սևանն ու Երևանն Ադրբեջանի պատմական հողերն են, որտեղ իրենք վերադառնալու են»։
Ալիևը ուղերձ է հղել թուրք պաշտոնակից Էրդողանին Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի 5-րդ տարելիցի առիթով։ «Ինչպես Թուրքիան է բոլոր հարցերում Ադրբեջանի կողքին, այնպես էլ Ադրբեջանն է միշտ Թուրքիայի կողքին»,- ընդգծել է նա։
Թուրքիայի նախագահ Էրդողանը Ազգային պաշտպանության համալսարանում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, թե Ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանին ցուցաբերած աջակցությունը ամբողջ աշխարհին ևս մեկ անգամ ցույց տվեց Թուրքիայի զինված ուժերի հզորությունը: Ըստ Էրդողանի՝ Թուրքիան աջակցել է իր եղբայրներին Սիրիայում, Լիբիայում և Ղարաբաղում, նույնը կատարելու է նաև Աֆղանստանում։
Ադրբեջանում Իրանի դեսպանությունը հրապարակել է երկրի նորընտիր նախագահ Ռայիսիի` Ալիևին ուղված ուղերձը: «Ռայիսին շնորհավորել է նախագահ Ալիևին օկուպացված տարածքների ազատագրման, այդ տարածքներում Ադրբեջանի պետական իշխանության վերականգնման և պետական սահմանների վերահսկողության հաստատման կապակցությամբ», - ասված է հաղորդագրության մեջ:
Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե ԵՄ-ն կարող է օգնել հայ-ադրբեջանական սահմանի գծման հարցերում փորձագետների մակարդակում, ինչպես նաև դրական դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու գործում։
Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը «Свободная пресса»-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե «Զանգեզուրյան միջանցքը» եռակողմ հայտարարությամբ նախատեսված է: Նա հայտարարել է, որ իր սահմանները պետք է բացի նաև Ադրբեջանը, այդպես հայերը կարող են երկաթուղիով հասնել Ռուսաստան:
Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ
Շաբաթվա ընթացքում Ադրբեջանի ՊՆ-ն պարբերաբար հաղորդագրություններ է տարածել, թե իբր հայկական ստորաբաժանումները կրակել են Շուշիի, Թովուզի, Նախիջևանի և Քարվաճառի ուղղությամբ։
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ հուլիսի 14-ի առավոտյան միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում: Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել:
Ծավալված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող: Ադրբեջանի ՊՆ էլ պնդել է, թե հայկական կողմն է գնդակոծել Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանական բանակի դիրքերը, ինչի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել:
Հուլիսի 14-ին մեկ այլ միջադեպ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Սև լճի տարածքում 2 հայ զինվորական է անհետացել։ ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների հետ քննարկվում է զինծառայողների՝ Ադրբեջանի տարածքում հայտնվելու հնարավորությունը:
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, թե համացանցում են հայտնվել Ղարաբաղյան պատերազմին մասնակցած սիրիացի վարձկանների լուսանկարները՝ հայերից վերցված ЗУ-23-2 տեսակի զենիթային կայանքով զինված բեռնատարի ֆոնին։
Ադրբեջանական մամուլում տեղեկություններ են շրջանառվել այն մասին, թե Բելառուսը Ադրբեջանին կմատակարարի հակաօդային պաշտպանության «Бук-МБ3К» նորագույն ՀՕՊ համակարգեր։ Ժամանակացույցի վերաբերյալ տեղեկությունները դեռ հայտնի չեն:
Նշվել է, թե ավելի վաղ Ադրբեջանը Բելառուսից արդեն գնել է «Бук-МБ» ՀՕՊ համակարգեր, որոնք ցույց են տվել իրենց բարձր որակը Ղարաբաղյան պատերազմի ընթացքում: Սակայն նոր «Бук-МБ3К» համակարգերն էլ ավելի առաջադեմ են և տեղադրված են նոր շասսիի վրա:
Ադրբեջանական լրատվականներում տեղեկություններ են հրապարակվել այն մասին, թե իրենց սահմանապահները ստացել են ադրբեջանական արտադրության նոր դիպուկահար հրացաններ: «Yalquzaq» հրացաններն առաջին անգամ ադրբեջանական հանրությանը ներկայացվել են դեռևս 2012 թ-ին: Շաբաթվա ընթացքում Ադրբեջանի իշխանությունները Ակնայի շրջանում շահագործման են հանձնել մոդուլային տիպի նոր զորամաս:
Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը Բաքվում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բագչիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե նախատեսվում է մեծացնել համատեղ զորավարժությունների թիվը՝ տարբեր տեսակի զորքերի, այդ թվում երկու երկրների հատուկ նշանակության ուժերի ներգրավմամբ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է «Ադրբեջանի ՊՆ-ի և Բելառուսի ՊՆ-ի միջև երկկողմ համագործակցության իրականացման ընթացքում գաղտնի տեղեկատվության փոխադարձ փոխանցման մասին» պայմանագիրը հաստատելու մասին օրենքը:
Ադրբեջանի ՊՆ-ն թարմացրել է Արցախյան երկրորդ պատերազմում զոհերի թիվը: Ըստ պաշտոնական տվյալների` ադրբեջանական կողմն ունի 2907 զոհ և անհայտ կորած 7 զինծառայող:
Ադրբեջանական մամուլում լայնորեն տարածվել են «Մոսկովսկի կոմսոմոլեց», «Նեզավիսիմայա գազետա» ռուսական թերթերի հրապարակումները, որոնք հղում կատարելով իրենց դիվանագիտական աղբյուրներին՝ նշել են ՄԱԿ-ի ԱԽ-ում Ղարաբաղի վերաբերյալ ֆրանսիական բանաձևի նախապատրաստման մասին:
Այդ նպատակով ֆրանսիացի և հայ դիվանագետները ինտենսիվ բանակցություններ են վարում Երևանում, Փարիզում և Նյու Յորքում: Ըստ հրապարակումների՝ Մակրոնի և Փաշինյանի ծրագրի նպատակը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության արդյունքում ստեղծված ստատուս-քվոյի ոչնչացումն է՝ հայ-ադրբեջանական սահմանին և Ղարաբաղում արևմտյան զորքերի տեղակայումը:
Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին
Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպման ավարտին կայացած ասուլիսում Ալիևը հայտարարել է, որ Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում 3 միջազգային օդանավակայան է կառուցվելու, առաջինը՝ Վարանդայում (Ֆիզուլիում), որը կգործարկվի տարեվերջին, երկրորդը՝ Կովսականում (Զանգելանում), երրորդը՝ Բերձորում (Լաչինում): Վերջինի կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել 2023 թ-ին:
Միևնույն ժամանակ Ալիևն ասել է, թե Հայաստանի հետ սահմանի երկայնքով սկսվել է ինչպես մայրուղիների, այնպես էլ երկաթգծի կառուցումը: Ադրբեջանի տարածքում իրենք պետք է մոտ 100 կմ երկարությամբ մայրուղիներ և երկաթգիծ կառուցեն դեպի Հայաստան, իսկ Հայաստանի տարածքում լինելու է մոտ 40 կմ:
Ադրբեջանական լրատվամիջոցները նկատել են, թե արագ տեմպերով շարունակվում է Շուքյուրբեյլի-Ջրական (Ջաբրայիլ)-Հադրութ 4 երթևեկության գոտիով նոր մայրուղու շինարարությունը: Ճանապարհի երկայնքով կառուցվում են նաև 6 ճանապարհային կամուրջներ և 11 գետնանցումներ:
Ադրբեջանում սկսվել է թունելների կառուցումն Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշի (Ահմեդբեյլի-Վարանդա-Շուշի) ավտոմոբիլային ճանապարհի վրա: Նոր նախագծի համաձայն` ճանապարհի ձգվածությունը կամուրջների և թունելների հաշվին կկազմի 84,6 կմ: Թունելները կառուցվելու են բարդ ռելիեֆ ունեցող շրջաններում և շրջադարձերի վրա: Ճանապարհին, ընդհանուր առմամբ, 7 թունել է կառուցվելու, որոնց ընդհանուր երկարությունը կկազմի 6,3 կմ:
Ադրբեջանական լրատվամիջոցների ուշադրությանն է արժանացել այն հանգամանքը, որ Ադրբեջանն առաջին բերքն է հավաքել իր վերահսկողության տակ անցած տարածքներից։ Կովսականում (Զանգելան) կազմակերպվել է ցորենի և գարու բերքահավաքը։ Ադրբեջանակն մամուլում տեսանյութեր և նկարներ են շրջանառվել այն մասին, որ Քարվաճառում տեղադրվում են փողոցային լուսասյուներ, վերականգնվում է էլեկտրաէներգիայի մատակարարումը:
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը և Իտալիայի ԱԳ փոխնախարար Մանլիո Դի Ստեֆանոն Տաշքենդում քննարկել են Ղարաբաղում իրականացվող նախագծերին իտալական ընկերությունների մասնակցության հարցը: Խոսվել է գյուղատնտեսության, խաղողագործության, գինեգործության, ինչպես նաև «կանաչ» էներգետիկայի և էկոլոգիայի ոլորտներում իրականացվող ծրագրերի մասին:
Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի նահանգապետի տեղակալ Ալի Ջահանգիրին նշել է, թե Իրանը նախատեսում է Ղարաբաղի մերձակայքում ստեղծել շինանյութերի շուկա։ Ջահանգիրին նաև ընդգծել է, թե իրանական ընկերությունները հետաքրքրություն ունեն Ղարաբաղում շինարարական աշխատանքներ իրականացնելու հարցում:
Հայաստանի ԱԳՆ են հրավիրվել Երևանում հավատարմագրված այն երկրների դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, որոնց դեսպանները Ադրբեջանում օրեր առաջ այցելել էին Շուշի։
Ուղևորությանը հրաժարվել են մասնակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ՌԴ-ի դեսպանները։ Բաքվում այս երկրների դեսպանատները հրաժարվել են ադրբեջանական լրատվամիջոցներին պարզաբանել, թե դեսպանները ինչու չեն մեկնել Շուշի։ Ուշագրավ է, որ Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանը ևս հրաժարվել էր Շուշի այցելել։
«Greek City Times» հունական պարբերականը գրել է, թե հույն հասարակությունը վրդովված է, որ Ադրբեջանում երկրի դեսպան Նիքոս Պիպերիգոսը միացել է քարոզչական շրջագայությանը պատմականորեն հայկական Ղարաբաղի գրավված շրջաններում։ Հունաստանի հայկական համայնքը երկրի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասին բողոքի նոտա է հղել Ադրբեջանում Հունաստանի դեսպանի՝ Արցախ այցի կապակցությամբ:
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ շաբաթվա ընթացքում Ադրբեջանի հոգևոր դասի ներկայացուցիչներն այցելել են Շուշիի հայկական եկեղեցիներ։ Մասնավարապես, նրանք եղել են Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ Ժամ) եկեղեցում, որը ներկայացվել է որպես ռուս ուղղափառ եկեղեցի։
Բաքվի ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի թեմի հանրային կապերի բաժնի ղեկավար Կոնստանտին Պոմինովը Շուշիի Ղազանչեցոց եկեղեցի այցելելուց հետո ասել է. «Մենք եղել ենք հին եկեղեցում։ Կասկածներ կան, որ դա ուդիների տաճար է»։
Տարածաշրջանային նախագծերի շուրջ զարգացումներ
Շառլ Միշելի հետ հանդիպման ավարտին կայացած ասուլիսում Ալիևը հայտարարել է, որ Հարավային Կովկասում հաղորդակցությունների բացումը պետք է միաժամանակ տեղի ունենա։ «Ադրբեջանը, Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան աջակցում են այդ մոտեցմանը։ Հայաստանի դրական պատասխանն է պետք»,- նշել է նա։
Իգդիր-Նախիջևան գազատարի շինարարության շրջանակներում թուրքական «BOTAŞ» ընկերությունը ադրբեջանական կողմին է ներկայացրել համապատասխան նախագծային փաստաթղթերը: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Երկրորդ ղարաբաղյան պատերազմից հետո ի հայտ են եկել նոր հնարավորություններ՝ «Զանգեզուրի միջանցքով» նոր կապեր հաստատելու համար:
Իրանի տեղեկատվության և կապի տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազերի Ջահրոմին ասել է, թե Ադրբեջանը, Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը ստեղծում են ընդհանուր տարածաշրջանային շուկա: Այդ կապակցությամբ արդեն համապատասխան հուշագրեր են ստորագրվել։
«British Petroleum» բրիտանական նավթագազային ընկերությունից հայտնել են, որ իրենք 28 տարի արդյունավետ աշխատանք են իրականացնում Ադրբեջանում։ Ընկերությունը մինչ օրս իր գործընկերների հետ Ադրբեջանում 78․5 մլրդ դոլար ներդրում է կատարել տարբեր ծրագրերում։ Նշենք, որ BP-ն Ադրբեջանում հանդիսանում է Ազերի-Չիրագ-Գյունեշլի, Բաքու-Թբիլիսի-Ջեհյան նավթամուղի, Շահ Դենիզ և Հարավկովկասյան գազամուղի նախագծերի մասնակից։
Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեի տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Ադրբեջանը ավելի քան 2 մլրդ խմ (մոտ 450 մլն դոլարի ) գազ է արտահանել Եվրոպա։ Ադրբեջանական գազը մատակարարվել է Իտալիա, Բուլղարիա և Հունաստան։
Բաքվում Եվրոպական խորհրդի նախագահ Չարլզ Միշելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ալիևը հայտարարել է, թե կավելանա դեպի եվրոպական շուկա ադրբեջանական գազի արտահանման ծավալը: Նրա խոսքով՝ «Հարավային գազային միջանցք» նախագծի ավարտը դարձել է պատմականորեն կարևոր իրադարձություն:
Գերիների վերադարձի և ականապատման խնդիրների մասին
Ադրբեջանում հուլիսի 14-ին սկսվել է 2 հայ ռազմագերիների՝ Դավիթ Դավթյանի և Գևորգ Սուջյանի դեմ շինծու քրեական գործով դատավարությունը։ Շաբաթվա ընթացքում Բաքվում Յասամալի շրջանային դատարանում շարունակվել է հայ ռազմագերիներ Լյուդվիգ Մկրտիչյանի և Ալյոշա Խոսրովյանի գործով դատավարությունը։ Նրանք մեղադրվում են «խոշտանգման, զինված կազմավորումների կամ խմբավորումների ստեղծման, սահմանի ապօրինի հատման և այլ հանցագործություններ կատարելու» մեջ:
Իսկ հուլիսի 16-ին Բաքվում նշանակված շիրակցի 13 ռազմագերիների նկատմամբ հարուցված շինծու քրեական գործով դատական նիստը հետաձգվել է։ Նշենք, որ վերջին շրջանում մեկը մյուսի հետևից հետաձգվում են շիրակցի ռազմագերիների շինծու քրեական գործերով դատական նիստերը, բոլոր դեպքերում՝ փաստաբանի բացայակության պատրվակով։
Չմիավորման շարժման համաժողովում իր ելույթի ժամանակ Ալիևը հայտարարել է, թե միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Հայաստանի վրա, որպեսզի Երևանը ականապատ տարածքների բոլոր քարտեզները հանձնի Բաքվին:
Այլ թեմաներ
Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունը ժամանել է օկուպացված Հյուսիսային Կիպրոս` Կիպրոսում թուրքական զորքերի տեղակայման 47-ամյակի կապակցությամբ։ Ընդունելով ադրբեջանական պատվիրակությանը՝ թյուրքալեզու համայնքի ղեկավար Էրսան Սաները համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանը կճանաչի այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը»:
Պատվիրակությանն ընդունել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության վարչապետ Էրսին Թաթարը՝ հայտարարելով. «մենք մեկ ազգ ենք, 3 պետություն»: Նա նշել է, որ դա «պատմական այց» է:
Գերմանիայի ադրբեջանցիները դիմել են այդ երկրի պետական կառույցներին՝ նշելով, թե իբր հայկական և գերմանական ընկերություններն աղտոտում են Ողջի (Օխչուչա) գետը։ Նույն հարցով Մոլդովայի ադրբեջանցիների կոնգրեսը դիմել է այդ երկրում ներկայացված մի շարք միջազգային կազմակերպությունների: Իսկ Կանադայում ադրբեջանական կազմակերպությունների ղեկավարները բողոք են հղել «Քրոնիմետ» ընկերությանը։
ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարել է, թե արդեն հինգ տարուց ավելի է՝ ադրբեջանական զինծառայողները փոխել են Մեղրի գետի «Զվարագետ» վտակի հունը, այն այլևս չի միանխառնվում գետին: Այդ պատճառով օգոստոսից սկսած՝ Նռնաձոր, Շվանիձոր, Ալվանք գյուղերում լուրջ խնդիրներ են առաջանում՝ կապված խմելու և ոռոգման ջրի հասանելիության հետ։