Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին օրերին կրթության ոլորտում ուշագրավ փոփոխություններ եղան` ուշագրավ, բայց պատճառաբանված: Երբ վերստուգիչ հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքում «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» ՊՈԱԿ-ում ոչ նպատակային ծախսեր հայտնաբերվեցին, սեփական դիմումի համաձայն` բուհի ռեկտոր Արա Ավետիսյանն ազատվեց պաշտոնից: Ի դեպ, Ավետիսյանը չմոռացավ նաև շնորհակալություն հայտնել /հավանաբար, իրեն ընձեռված հնարավորության համար/ ու հավաստիացնել, որ ինքը հանգիստ է ընդունում նման փոփոխությունը, քանի որ դա արվում է հանուն պոլիտեխնիկի:
Մի քիչ զարմանալի է` երբ պոլիտեխնիկի դասախոսները բողոքում էին ռեկտորից, եւ բուհում լարված մթնոլորտ էր, ինչո՞ւ Ավետիսյանը հանուն պոլիտեխնիկի, սեփական դիմումի համաձայն, պաշտոնը լքելու ցանկություն չհայտնեց: Ավելի ճիշտ` զարմանալի կլիներ, եթե նա նման որոշում կայացներ, բայց քանի դեռ դանակը ոսկորին չէր հասել, եւ վերստուգիչ հանձնաժողովի ոչ նպատակային ծախսերը չէին հայտնաբերվել, գնալս ո՞րն է:
Ասում են` մենք` հայերս, սկսել ենք կամաց-կամաց հեռանալ մեր ավանդույթներից: Համաձայն չեմ, այն ավանդույթները, որոնք ձեռնտու են, ոչ միայն պահպանում ենք, այլեւ փայփայում: Կրթության ոլորտում հետաքրքիր մի ավանդույթ կա` եթե որեւէ բուհում ոչ նպատակային ծախսեր են հայտնաբերվում, այսինքն` ինչ-որ գումար են «տակով» արած լինում, պատասխանատվությունը լինում է, սեփական դիմումի համաձայն, աշխատանքից հեռացումը: Իսկ բուհերում հայտնաբերված այդ ոչ նպատակային ծախսերի հետեւանքով «կորած» գումարի ճակատագիրը ոչ մեկին չի հետաքրքրում: Մի քանի տուն այս կողմ, մի քանի մեքենա այն կողմ` կարևոր չէ, կարևորը` բացահայտվել է, որ ոչ նպատակային ծախսեր են եղել:
Արա Ավետիսյանը մնում է կրթության և գիտության համակարգում, նա ԳԱԱ անդամ է, դասախոսում է ԵՊՀ-ում, ինչպես նաև ցանկություն է հայտնել իր կարողություններն ի սպաս դնել տեխնիկական կրթության և գիտության զարգացման գործում և Մեխանիկայի ինստիտուտում շարունակել իր գիտական գործունեությունը:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով` ՀՊՃՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ԵՊՃՇՀ ռեկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը: Ասում են` առաջիկայում ԵՊՃՇՀ-ն ու ՀՊՃՀ-ն միավորվելու են: Հիշեցնենք, որ Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը հիմնադրվել է 1989-ին` Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի /ներկայիս ՀՊՃՀ-ն է/ համապատասխան ֆակուլտետների և ամբիոնների հիման վրա:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՊՃՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը նշեց, որ ինքը ԿԳ նախարարի հետ ընդհանուր քաղաքականության գիծ է մշակել` սկսել երկու բուհերի ինտեգրման գործընթաց: Ըստ նրա` թեեւ երկու բուհերում էլ լուրջ առաջընթացներ են գրանցվել վերջին տարիներին, բայց դրանք զարգացնելու համար անհրաժեշտ է միավորել ուժերը, ինչն ամենևին էլ մասնագիտությունների «լղոզման» չի հանգեցնի:
«Բոլոնյան գործընթացը ենթադրում է ուժերի միավորում, որպեսզի լաբորատորիաները, հանրակացարանները կարողանան օգտագործել բոլոր ուսանողներն` անխտիր: Ուսումնագիտական ներուժի, լաբորատորիաների, լսարանների ֆոնդի համատեղ օգտագործման արդյունքում մենք ավելի կհզորանանք եւ ավելի նշանակալի արդյունքներ կունենանք: Արդեն 25 տարի է անցել, ինչ առանձնացել էին այս երկու բուհերը, բայց դրանք շարունակում էին միևնույն բազայի վրա գործել, ինչի հետեւանքով խանգարում էին մեկը մյուսին: Առաջին իսկ գործը ինտեգրացիոն գործընթաց սկսելն է լինելու, որ այսուհետ մեր-ձեր չլինի»,- ասաց Թոքմաջյանը` հավելելով, որ երկու բուհերի ինտեգրման գործընթացի հիմքում ընդհանուր ինժեներական կադրերի պատրաստումն է դրված լինելու:
Հարցին` արդյո՞ք պատասխանատու չէ հենց այս պահին բուհի ղեկավարումը ստանձնելը, երբ վերջերս է վերստուգիչ հանձնաժողովն ուսումնասիրություններ արել ՀՊՃՀ-ում եւ մի շարք խախտումներ հայտնաբերել, որի հետ էլ կապում են նաեւ Արա Ավետիսյանի հեռացումը, Թոքմաջյանը պատասխանեց, որ իր համար այդ պաշտոնը ստանձնելը կապված է Հայաստանում ինժեներական կրթության զարգացման հետ. «Իսկ թե ով ինչ է հայտնաբերել, դա իմ պատասխանատվության բաժինը չէ»:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ