Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2014թ. հունվարից ամբողջ ծավալով իր գործունեությունը սկսեց ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծված Արդարադատության ակադեմիան, որը փոխարինելու եկավ մինչ այդ գործող դատական և դատախազական դպրոցներին: Կառույցի կազմավորման ընթացքում խոսակցություններ շրջանառվեցին այն մասին, թե հնարավոր է՝ հետագայում ակադեմիային միանա նաև փաստաբանական դպրոցը:
Դրա հավանականության վերաբերյալ օրեր առաջ կարծիք հայտնեց նաև նորաստեղծ ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը: Նրա խոսքով` փաստաբանական համակարգը պետական համակարգից դուրս գտնվող մարմին է, և, եթե մի օր փաստաբանները ցանկություն հայտնեն, որ դպրոցը միանա ակադեմիային` պատկան մարմիններն այդ ցանկությունը հաշվի կառնեն:
«Սակայն ներկայումս նման ցանկություն չկա, և դա բնական է, քանի որ արդարադատության ակադեմիան դեռևս չի ապացուցել իր որակը և կայացվածությունը»,- ասել էր նա և նշել, որ իրենք փաստաբանական դպրոցի հետ ընդհանուր դասընթացներ անցկացնելու նախնական պայմանավորվածություն ունեն:
Yerkir.am-ը փաստաբանական դպրոցը հետագայում ակադեմիային միացնելու հնարավորության վերաբերյալ զրուցեց Փաստաբանական դպրոցի տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանի հետ: Նրա խոսքով՝ տարիներ առաջ թե’ միջազգային և թե’ տեղական փորձագետները քննարկել են այն հարցը, թե արդյոք անհրաժե՞շտ է ստեղծել մի կառույց, որտեղ պետք է սովորեն դատախազները, դատավորները, քննիչներն ու փաստաբաններ, թե՞ պետք է տարբեր կառույցներ լինեն: Նրանք եկել են այն եզրահանգման, որ, անկախության սկզբունքից ելնելով, անթույլատրելի է, որ փաստաբանն ուսուցումն անցնի և վերապատրաստվի մի պետական կառույցում, որը կարող է անձին թելադրել որոշակի մոտեցումներ, որոնք, օրինակ, չեն բխի փաստաբանի անկախության շահերից:
Բաղդասարյանը նշեց, որ քննարկման ժամանակ փորձագետները հստակ սահմանել էին, թե ինչու փաստաբանական դպրոցի փաստաբանները չեն կարող կապված լինել պետական որևէ մարմնի հետ: Նա բերեց մի շարք փաստարկներ, թե ինչու ակադեմիան չի կարող միանալ փաստաբանական դպրոցին:
«Հնարավոր չի այն պարզ պատճառով, որ Եվրամիությունը 2 մլն դոլարից ավելի գումար է հատկացրել փաստաբանական դպրոցի ստեղծման համար, 4 մլն-ից ավելի գումար է ծախսել, որպեսզի պետությունը շենք տրամադրի փաստաբանական դպրոցին, Համաշխարհային բանկը կես միլիոնի դրամաշնորհ է տվել արդարադատության նախարարությանը` փաստաբանական դպրոցը զարգացնելու համար և այլն»,- ասաց նա և հավելեց, որ փաստաբանական դպրոցը տեխնիկապես հագեցվածության առումով գերազանցում է հանրապետությունում գործող ցանկացած նմանատիպ այլ կառույցի, այն արդեն 3 հոսք շրջանավարտ ունի, մշակված ուսումնական ծրագրեր, կայուն դասախոսական կազմ, տարածք…
«Մենք այժմ սպասում ենք փորձագետների եզրակացությանը, որով պարզ կդառնա մեր դպրոցի կայացվածության աստիճանը: Մենք այնպիսի տեղեկատվական տեխնոլոգաներ ենք ունենալու, որոնք ԱՊՀ տարածքում գոյություն չունեն, և նման պայմաններում խոսել, թե նմանատիպ կառույցը հնարավոր է միացնել ակադեմիային, պարզապես հեռանկարային չէ»,- ասաց Բաղդասարյանը և պարզ համեմատությամբ ներկայացրեց իրավիճակը. Պատկերացրեք, որ խոսակցություն լինի, որ պետական համալսարանի աշխատակազմը միավորեն պոլիտեխնիկի աշխատակազմին, որպեսզի մեկ ռեկտոր լինի, և այդպիսով գումարներ տնտեսվեն: Հնարավո՞ր է արդյոք տարբեր գիտելիքներ տվող կառույցները միավորել, իհարկե՝ ո’չ»: