կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-11 16:25
Հասարակություն

Պոլիտեխնիկի ուսխորհրդի կանոնադրությունը հաստատելիս ԿԳՆ-ն գործել է օրենքով

Պոլիտեխնիկի ուսխորհրդի կանոնադրությունը հաստատելիս ԿԳՆ-ն գործել է օրենքով

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) գիտխորհուրդը հայտարարել էր, որ բուհի ուսխորհուրդը լեգիտիմ չէ, եւ ուսանողների ընտրություն չի կատարվել: Հարցի հետ կապված` ուսխորհուրդը դիմել էր ՀՀ ԿԳ նախարարությանը:

 

Ի պատասխան Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան հիմնադրամի գիտական և ուսանողական խորհուրդների կողմից ստացված` ուսանողական խորհուրդների կանոնադրության վերաբերյալ գրությունների, ՀՀ ԿԳՆ համապատասխան ստորաբաժանումները կատարել են ուսումնասիրություն և պատասխանել դիմող կողմերին:

 

Նախարարության պատասխանում, մասնավորապես, նշվում է, որ,  համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 10-րդ մասի, բարձրագույն ուսումնական հաստատության կառավարման մարմիններում անդամների թվի առնվազն 25 տոկոսն ուսանողներն են, որոնց առաջադրումն ու ընտրությունն իրականացնում է համապատասխան մակարդակի ուսանողական ինքնակառավարման ընտրովի ներկայացուցչական մարմինը` ուսանողական խորհուրդը:

 

Բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողական խորհրդի կանոնադրությունը հաստատվում է կրթության պետական կառավարման լիազոր մարմնի, տվյալ դեպքում` ՀՀ ԿԳ նախարարության կողմից: Այն դեպքերում, երբ ՀՀ կառավարության որոշման, տվյալ պարագայում` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան հիմնադրամի կանոնադրության և օրենքների միջև առկա է հակասություն, համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի` գործում են ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերը՝ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» և «Կրթության մասին» ՀՀ օրենքների համապատասխան դրույթները:

 

Ելնելով վերոգրյալից` ՀՀ ԿԳ նախարարությունը, որպես կրթության պետական կառավարման լիազորված մարմին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան հիմնադրամի ուսանողական խորհրդի կանոնադրությունը հաստատելիս գործել է բացառապես ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան:

 

Ինչ վերաբերում է առկա հակասությանը, ՀՀ ԿԳ նախարարությունը, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման մարմինները՝ խորհուրդները, պետք է հետամուտ լինեն նմանօրինակ հակասություների վերացման հարցում՝ թյուրընկալումներից խուսափելու և տարաբնույթ մեկնաբանությունները բացառելու համար: