| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Դեմ եմ պարտադիրին» շարժման հետ երկխոսություն սկսելու` վարչապետի հայտարարությամբ կառավարությունը ոչ թե հետքայլ, այլ առաջ քայլ է անում. լրագրողների հետ զրույցում կառավարության նիստից հետո հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Լրագրողների դիտարկմանը, թե ի՞նչ է պատրաստվում զիջել կառավարությունը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի բարեփոխումներում, Արտեմ Ասատրյանը պատասխանեց, թե այս պահին որեւէ լրացուցիչ առաջարկություններ կամ դիտարկումներ չի կարող ներկայացնել:
«Ընդհանրապես' մենք միշտ պատրաստ ենք եղել, ու վարչապետի ասածը, կարծում եմ, շատ հստակ էր այդ առումով, որ պետք է համատեղ աշխատանքներ իրականացվեն, քանի որ այս դեպքում հստակ էր, որ և' կառավարության, և' իշխանությունների այսօրվա քաղաքականությունն ուղղված է մեր երկրի ապագային և զարգացմանը: Նաև երիտասարդները նույնպես նույն մտահոգություններն ու խնդիրներն ունեն: Այս դեպքում չի կարող տարընթերցումների տեղիք տալ»,- նշեց Արտեմ Ասատրյանը:
Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին, որ վարչապետն իր հայտարարության մեջ նշեց, թե անընդունելի է «կա'մ ամեն ինչ, կա'մ ոչինչ» սկզբունքը, այդ դեպքում ի՞նչ է զիջելու կառավարությունը, ու եթե երկխոսությունը սկսվելու է, ու ոչինչ չի զիջվելու, ի՞նչ իմաստ ունի այդ երկխոսությունը:
«Կառավարությունը, նախատեսված եւ իրականացվող քաղաքականության առումով, իրականացնելու է իր քայլերը: Այլ խնդիր է, որ կան մտահոգություններ, դիտարկումներ ու խնդիրներ, որոնք հիմա բազմակողմանի քննարկում են պահանջում, որոնց շրջանակներում կարող են լինել ամենատարբեր միտումներ»,- ասաց նախարարը:
Վերջում Արտեմ Ասատրյանը նշեց, թե ինքը հակված է բացառելու «Դեմ եմ պարտադիրին» շարժումը քաղաքականացնելու հնարավորությունը, քանի որ չի կարծում, թե այն կօգնի ընդհանուր գործին կամ լուծվելիք խնդիրներին: