Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Հարցեր` դաշնակցականներին» ծրագրի ընթացքում ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանին քաղաքացիներից մեկը հարց է ուղղել ՀՅԴ-ի կազմած կոալիցիաների մասին:
«Ես դաշնակցականի թոռ եմ, բայց ինչո՞ւ պետք է հավատամ մի կուսակցության, որ բոլոր ժամանակներում կոալիցիայի մաս է կազմել» հարցին նա պատասխանել է, որ իրականում այդ առումով թյուրըմբռնում կա: «28 տարվա նորանկախ Հայաստանի պատմության մեջ Դաշնակցությունը կոալիցիաների կամ իշխանության մեջ տարբեր ձևաչափերով եղել է ընդամենը 12 տարի: Եվ, ինքնին կոալիցիաների կամ իշխանության մեջ լինել` չի նշանակում, որ կուսակցությունը ճիշտ ընթացքի մեջ չի եղել: Կարևոր չէ` կուսակցությունը կոալիցիայի մեջ է, իշխանության մեջ է, թե`ընդդիմություն, կարևոր է, թե կուսակցությունը քաղաքական դիրքավորմամբ ի՞նչ նպատակներ է հետապնդում»,- ասել է Համբարձումյանը:
Ինչ վերաբերում է կոալիցիայի մաս կազմելուն` նա շեշտել է, որ ՀՅԴ-ն, կոալիցիաների մեջ լինելով, մշտապես հետամուտ է եղել իր օրակարգերին: «Ցանկացած կոալիցիոն հուշագրի կետի տակ մենք այսօր էլ պատրաստ ենք ստորագրել, դրանք մերն են, մեր առաջարկություններն են եղել, որոնց մենք հարազատ ենք մնացել նաև այսօր: Այդ ընթացքում ազգային օրակարգի շուրջ մենք ունեցել ենք բազմաթիվ ձեռքբերումներ: Դաշնակցության ջանքերով Հայաստանում սահմանադրորեն ամրագրվել է երկքաղաքացիությունը, որը նախապես մերժված է եղել Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք: 26 տարվա պայքարից հետո Դաշնակցությունը հաջողել է, և Հայաստանում տեղի է ունեցել պետական կառավարման համակարգի փոփոխություն` անցում է կատարվել խորհրդարանական կառավարման համակարգին: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում մեր ջանքերի գնով կյանքի է կոչվել հռչակագիրը, որն աննախադեպ երևույթ է հայության կյանքում, որի տակ ստորագրել են մեր` համազգային ընդգրկում ունեցող, այդ թվում` աշխարհիկ և հոգևոր տարբեր կառույցների ներկայացուցիչներ: Դաշնակցության ջանքերով Հայ Դատը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը դարձել են Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգերի կարևոր հարցերից մեկը: Դաշնակցության որդեգրած քաղաքականությունը Արցախի հարցում` զարգանալ առանց զիջելու, ի վերջո, դարձել է պետական քաղաքականություն: Մենք այս և նմանատիպ հարցերում լուրջ հաջողություններ ենք արձանագրել, բայց, անշուշտ, տարբեր ոլորտների, տարբեր հարցերի հետ կապված նաև ունեցել ենք դեպքեր, երբ չենք կարողացել ունենալ այն ձեռքբերումները, ինչ ակնկալել ենք: Այդ պարագայում պիտի անդրադառնանք` արդյո՞ք մենք կարող ենք ամբողջությամբ իրականություն դարձնել մեր օրակարգը` նկատի ունենալով այն հանգամանքը, որ մենք իշխանության մեջ եղել ենք որոշակի չափով ներկայացված: Այսինքն` այն քվեով, որ ստացել ենք ընտրությունների արդյունքում: Հնարավոր չէ Ազգային ժողովում ունենալ 5 տոկոս քվե և իրականացնել քո ծրագրերի ամբողջ սպեկտրը»,- ասել է ԳՄ ներկայացուցիչը: