Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր Չարենցի ծննդյան օրն է: Մեկ օրով կհիշեն Չարենցին, «մեծամեծներն» էլի կգնան արձանի մոտ, ճռճռան ճառեր կասեն, իրար ականջի կշշնջան, որ երեկոյան արժե «Փարվանա»-ում հավաքվել /էնտեղի օղին մատչելի է/, «ձեռի հետ Չարենցի ծնունդն էլ կնշենք», ու քահ-քահ ծիծաղից տռզած փորերը կալիքվեն:
Դպրոցականները կփորձեն շարք կազմել, չի ստացվի, ուսուցչուհիներին դա հունից կհանի. «Ձեզ մարդավարի պահեք, նկարում են: Իսկ դու, Ասատո'ւր, քո հալը հետո կտեսնես»: Ուսուցչուհիները կփորձեն երեխաներին հիշեցնել. «Հիշում եք, չէ՞, ո՞ր թվականին է ծնվել, ի՞նչ գործեր է գրել, ինչո՞ւ է բանտարկվել: Որ հեռուստատեսությունից մոտենան, Ալլա' /դասարանի ավագն է/, դու կխոսես, ու «Ես իմ անուշ»-ը կասմունքես` առոգանությամբ ու ձեռքերով»:
Դպրոցականներից ոմանք չեն էլ իմանա` ո՞ւր են եկել եւ ինչո՞ւ, աչուկները պլշած` կնայեն Չարենցի արձանին` ինչո՞ւ է էսքան խոժոռ դեմքը, միկրոֆոնի մոտ կանգնած էն բոյով ձյաձյան ինչո՞ւ է իբր թե հուզված, ընկեր Հովհաննիսյանն ինչո՞ւ է տոնական հագնվել, էս բոլորը հեչ, կարեւորն այսօր դաս չարեցինք:
Բարձր դասարանցիները կնկարվեն, «Ֆեյսբուք»-ում կնշեն, որ Չարենցի արձանի մոտ են, երկու տող Չարենց կցիտեն ու անհամբեր կսպասեն` մինչեւ «էս անկապության վերջը»:
Ուսուցիչները աշակերտներին կստիպեն արձանի մոտ ծաղիկ դնել, իսկ երեխաները մեկը մյուսի վրա կգցեն, արդյունքում` էդ բախտին կարժանանան աղջիկներն ու 1-2 լավ սովորող տղաներ:
Չարենցի արձանի կողքով քայլելիս անցորդները կզարմանան` «տեսնես ո՞վ ա մեռել, պսակ, ծաղիկ կա դրված», «ալո, ախպե'րս, խաբա՞ր ես, էս համալսարանի դիմացը, մի հատ սենց խառը արձան կա, է, ի՞նչ առիթ ա, հավաքվել, խոսըմ-մոսըմ են»…
Չարենցի արձանի մոտ չարենցասերներ կլինեն` աննկատ մի տեղ կանգնած, նրանց ոչ ոք չի նկատի:
Չարենցի արձանից քիչ հեռու` կանգառում, մի ծեր ու քոսոտ շան հետ մի տատի է կանգնած. պարզ չէ` ով է ում տերը:
-Չարենց, Չարենց, թե քեզ ինչի չուզեցի, հիմա մի բաժակ ջուր տվող կունենայի,- ասում է տատին ու, իմ զարմացած հայացքը նկատելով, շարունակում,- հա, չմահավան էի, Չարենցին չուզեցի, Իսահակյանին չուզեցի, անգամ` Կոմիտասին չուզեցի…
Կարինե Հարությունյան