կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-11 17:02
Իրավական

Բանտում մահացած զինվորի գործով ՀՔԾ-ից եւ դատախազությունից նյութեր են պահանջում

Բանտում մահացած զինվորի գործով ՀՔԾ-ից եւ դատախազությունից նյութեր են պահանջում

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2013 թ. դեկտեմբերի 28-ին դիմում էր ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն` Հայկ Մովսիսյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման և կարճված գործի վերաբերյալ նյութերի պատճենները տրամադրելու պահանջով: Դիմումի մեջ նշվում էր, որ Հ. Մովսիսյանի մայրը` Հեղինե Պետրոսյանը, և նրա ներկայացուցիչներ Արթուր Սաքունցը, Արայիկ Զալյանը բազմիցս դիմումներ և միջնորդություններ են ուղարկել ՀՀ արդարադատության տարբեր ատյաններ` Հ. Պետրոսյանին տուժողի իրավահաջորդ ճանաչելու խնդրանքով, սակայն ստացել են մերժումներ:

 

Նշենք, որ Հայկ Մովսիսյանին մահացած էին գտել «Շուշի» ՔԿՀ-ի մեկուսարանում 2012-ի նոյեմբերին, եւ մինչ այժմ նրա հայրը կամ մայրը իրավահաջորդ չեն ճանաչվել:

 

Իրավապաշտպաններ Արթուր Սաքունցը և Արայիկ Զալյանը դիմել են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` վիճարկելով ՀՔԾ-ի և դատախազության որոշումները:

 

Թեև ՀՔԾ-ն և դատախազությունը պատշաճ ծանուցվել էին, սակայն այսօրվա դատական նիստին ներկայացուցիչներ չէին ուղարկել: Նիստը նախագահող դատավոր Գայանե Կարախանյանը հայտնեց, որ ՀՔԾ-ն ծանրաբեռնվածության պատճառով չի կարող ներկայացուցիչ ուղարկել և խնդրել է բողոքը քննել առանց իրենց ներկայության: Նշենք, որ դատարանն այդ կառույցներից բողոքի վերաբերյալ նյութեր էր պահանջել,  սակայն  ոչինչ էլ չէին ուղարկել: Նման պայմաններում դատարանը համարեց, որ անհնար է շարունակել բողոքի քննությունը և հետաձգեց դատական նիստը` նշելով, որ իրենք նյութեր տրամադրելու պահանջով կրկին կդիմեն երկու մարմիններին, որոնք ստանալուց հետո միայն կնշանակեն դատական հաջորդ նիստը:

 

Հիշեցնենք, որ Հայկ Խաչատրյանը 2012-ի նոյեմբերին` մահվանից մեկ շաբաթ առաջ, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով մեղավոր էր ճանաչվել զինծառայությունից խուսափելու համար և դատապարտվել 3 տարվա ազատազրկման: 2013 թ. ապրիլի 13-ին, ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությամբ, վերաքննիչ դատարանը հետմահու անմեղ էր ճանաչել Հայկ Մովսիսյանին: