Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելուց հետո, գլխավոր դատախազությունը հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի՝ Արդարադատության նախարար եղած շրջանում, Հրայր Թովմասյանը հարկադրել է նոտարական պալատի նախագահին իր որոշած պայմաններով ու վարձավճարի չափով նոտարական պալատի համար վարձակալել փաստացի իրեն պատկանող անշարժ գույքը:
Մասնավորապես «Հրապարակ»-ի հետ կապ է հաստատել Ռուսաստանում բնակվող հայազգի գործարար Ռուբիկ Ղազարյանը և վրդովված պատմել, որ դատախազության կողմից Հրայր Թովմասյանին վերագրվող տարածքը իրականում իրեն է պատկանում՝ դեռևս 2009թ.-ից:
«Ինձ տեղեկացրեցին, որ դատախազությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, թե օրենքով ինձ պատկանող տարածքը, որը վարձակալությամբ է հանձնված եղել, իբր, պատկանում է Հրայր Թովմասյանին: Ես պաշտոնապես հերքում եմ դա: Չկա նման բան և չի եղել: Դատախազությունը սուտ տեղեկություն է տարածում: Այդ վարձակալությամբ հանձնված տարածքի սեփականատերը ես եմ և այն ձեռք եմ բերել 2009թ-ին ՌԴ-ում իմ աշխատած փողով, բոլոր օրինական թղթերը իմ ձեռքի տակ են: Ես քանի որ Հայաստանում չեմ ապրում, այդ տարածքը տարբեր ժամանակներ վարձակալությամբ եմ հանձնել տարբեր մարդկանց»:
Գործարարը տեղեկացրել է, որ մոտ օրերս ինքը գալու է Հայաստան և պատասխան է պահանջելու իրավապահներից իրեն սեփականության իրավունքով պատկանող տարածքը այլ աձի վերագրելու համար:
«Հատուկ այս դեպքի պատճառով ես հունվարի 15-ին գալու եմ Հայաստան և գնալու եմ ՀՔԾ ու դատախազություն՝ պարզաբանումներ պահանջելու: Ես պետք է հասկանամ ինչո՞ւ են տասը տարուց ավելի ինձ պատկանող անշարժ գույքը այլ մարդու վերագրում: Սա ի՞նչ անփութություն է, գոնե կարող էին կապվել ինձ հետ և հարցնել երբ եմ ձեռք բերել այդ տարածքը և ումից: Նորից եմ կրկնում դա սեփականության իրավունքով ինձ պատկանող տարածքն է, որը երբևէ չի պատկանել Հրայր Թովմասյանի կամ մեկ ուրիշի»,-ասել է Ղազարյանը: