կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-07 17:34
Սպորտ

Ո՞ւմ է պետք Յուրի Վարդանյանը

Ո՞ւմ է պետք Յուրի Վարդանյանը

Հունվարի 31-ին Yerkir.am կայքը հարցում էր ուղարկել ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարություն՝ կապված բռնցքամարտի Հայաստանի հավաքականի  գլխավոր մարզչի պաշտոնում Դավիթ Թորոսյանին հաստատելու հետ: Բանն այն է, որ ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանը չէր ստորագրել ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայից եկած փաստաթուղթը, որով Դավիթ Թորոսյանը նշանակվել է բռնցքամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ:

 

Հարցում ուղարկելուց հետո 6-րդ աշխատանքային օրը ՀՀ սպորտի նախարարությունից գալիս է զավեշտալի պատասխան, ըստ որի` նրանք հայտնում են, որ մեր հարցման պատասխանը կուղարկեն լրացուցիչ 30 օրվա ընթացքում: Վաղը լրանում է այդ 30 օրը, պատասխան չկա, խախտվում է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9.7 հոդվածը:


Այս օրենքը խախտելը, կարծում եմ, դեռ սկիզբն է: Մինչ սպասում էի հարցմանս պատասխանին` ջրի երես դուրս եկան այլ փաստեր: Օրինակ` ՀՀ սպորտի նախարարությունը խոչընդոտել է զինծառայող մարզիկների՝ առաջնություններին մասնակցելուն: Վառ օրինակը վերջերս ավարտված` բռնցքամարտի Հայաստանի առաջնությունն է: Բռնցքամարտի ֆեդերացիան նամակ էր ուղարկել սպորտի նախարարությանը, որպեսզի 3 զինծառայող բռնցքամարտիկի թույլ տան մասնակցել առաջնությանը, սակայն նախարարությունը նամակ չէր ուղարկել պաշտպանության նախարարությանը, որպեսզի այդ մարզիկներին թույլ տան մասնակցել: Բռնցքամարտի ֆեդերացիան, օգտագործելով իր կապերը, կարողացել էր այդ մարզիկներին բերել մրցումների: Սակայն արդեն այնքան ժամանակ էր անցել, որ տղաները չհասցրեցին լավ մարզավիճակ ձեռք բերել և բավարարվեցին միայն մրցանակային տեղերով` չեմպիոն դառնալ չհաջողվեց:

 

Ի դեպ, այդ մարզիկները ծառայում են ԲԿՄԱ-ում, այսինքն՝ մարզական վաշտում, իսկ այդ վաշտում ծառայում են նրանք, ովքեր Եվրոպայի կամ աշխարհի առաջնություններում զբաղեցնում են 1-5, երբեմն՝ 6-րդ տեղերը:

 

Սկզբում թվում էր, թե խնդիրը միայն բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանի հետ է կապված, բայց, իհարկե, դա արդարացում չէ, մարզիկները չպետք է տուժեն կառույցների միջեւ ծագած խնդիրներից:

 

Խորանալով՝  հայտնաբերեցինք այլ փաստեր: Օրինակ՝ հունվարին Մյունխենում հրաձգության Գրան պրի էր խաղարկվում, Սուրեն Բերյանը` Հայաստանի չեմպիոնը, ինչ-ինչ պատճառներով չմասնակցեց, որովհետև ուշացրել էին, և վիզա չէր հասցրել ստանալ: Մեկ այլ օրինակ՝ գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանի եղբայրը՝ Սարգիս Հայրապետյանը, հունվարի 5-8-ը պետք է մասնակցեր Կատովիցեում կայանալիք` տղամարդկանց գեղասահքի Լեհաստանի բաց առաջնությանը, որի արդյունքներով էլ պետք է որոշվեր, թե եղբայրներից ով կպաշտպանի Հայաստանի մարզական պատիվը հունվարի 23-28-ը Շեֆիլդում կայանալիք` տղամարդկանց գեղասահքի Եվրոպայի առաջնությունում: Կրկին ինչ-ինչ պատճառներով Սարգիս Հայրապետյանը չի մեկնում Կատովիցեւ: Այնուհետև Սարգսին չեն թույլատրել, որ մասնակցի Օդերդորֆում (Գերմանիա) անցկացվելիք միջազգային մրցաշարի:

 

Ըստ yerkir.am-ին մոտ կանգնած աղբյուրների՝ նախարարը չի ցանկանում «տուրիստական ֆեդերացիաներ ունենալ», եթե տեսնի արդյունք, այդ ժամանակ նոր կթույլատրի մասնակցել: Երևի ԲԿՄԱ-ի զինվոր-մարզիկները հենց այնպես էին մեդալակիր: «Տուրիստական» ֆեդերացիաներ չի ցանկանում ունենալ, շատ լավ է: Այդ դեպքում ո՞վ կբացատրի, թե Հայաստանի կանոեի ֆեդերացիան ինչի՞ համար է տարեկան 10 մլն դրամ ֆինանսավորում ստանում:

 

Օրերս անցկացվեց նաև ծանրամարտի Հայաստանի առաջնությունը: ՀՀ սպորտի նախարարը ներկա չէր: Այո, նախարարի ներկա լինելը պարտադիր չէ, բավական է, որ նախարարությունից ներկայացուցիչ լինի, սակայն նայենք մեդալի մյուս կողմին` մի՞թե անվանի, լեգենդար, բազում ռեկորդների հեղինակ, ծանրամարտիկ Յուրի Վարդանյանին չէր հետաքրքրում այդ առաջնությունը, մի՞թե չէր ցանկանում իր աչքով տեսնել Հայաստանի չեմպիոնների մոտեցումները, պայքարը:

 

Ի դեպ, պայքար ասելուն պես հիշեցի` գուցե ես լավ չեմ տիրապետում իմ մասնագիտությանը, բայց, որքան գիտեմ, ծանրաձողին մոտենում են 3 անգամ, ոչ թե 4: Իսկ նման դեպք ծանրամարտի Հայաստանի առաջնությունում եղավ:

 

Առհասարակ, ի՞նչ է անում Յուրի Վարդանյանի գլխավորած սպորտի և երիտասարդության նախարարությունը, երբ ամեն ինչ բարձիթողի վիճակում է: Անգամ երկրի նախագահ Սերժ Սարգսյանն է քննադատում այդ նախարարության գործունեությունը: : Սակայն ցավալին այն է, որ ոչինչ չի փոխվում, եւ այդ ամենից տուժում են մարզիկները: Չեմ մեղադրում այլևս նրանց, ովքեր լքում են Հայաստանը և ուրիշ երկրի դրոշի տակ օլիմպիական չեմպիոններ դառնում:

 

Շ. Հ.